Եվս մեկ ցավոտ իրավիճակ, որին հանդիպեցի և չեմ կարող չկիսվել:
Միգուցե այս պատմությունը կօգնի, որ ինչ-որ մեկի սրտում արթնանա խիղճը, և մեր երկրում վերջապես փոփոխություններ տեղի ունենան:
Խանութում եմ՝ մսի բաժնում: Երկու տարեց կանայք մոտենում են վաճառասեղանին: Մի քանի րոպե լուռ նայում են գներին, աչքերում՝ հուսահատություն և հոգնածություն: Վերջապես մեկը դիմում է մսավաճառին. «Տղաս, խաշի ոտք ունե՞ք այսօր: Շատ ցուրտ է, սրտներս խաշ է ուզում…»:
Մսավաճառը ժպտալով պատասխանում է. «Այո, ունենք, մայրիկ ջան»:
Տատիկը հարցնում է. «Ինչքա՞ն կարժենա մեկ ոտքը»:
Մսավաճառը՝ մտահոգ. «Մայրիկ ջան, մեկ ոտքը քիչ չի՞»:
Տատիկը, աչքերը գետնին հառած, խոստովանում է. «Մոտս փողը քիչ է, տղաս, երկուսին չի հերիքի: Տանը չորս հոգի ենք, մեկը հերիք կանի… Ոչինչ»:
Մսավաճառը մեկ ոտքը դնում է կշեռքին: Գումարը՝ 4200 դրամ: Տատիկի դեմքը մթագնում է. «Չէ, տղա ջան, շատ մեծ է: Փոքըր չունե՞ս»:
Հաջորդ ոտքը՝ 3640 դրամ: Բայց տատիկի աչքերից երևում է, որ նույնիսկ դա չափազանց շատ է: Նա կանգնած է այնտեղ, ձեռքերը դողալով, փորձելով հաշվարկել վերջին կոպեկները, որոնք հազիվ են հերիքում գոյատևման համար:
Ես չեմ դիմանում. «Ինչքա՞ն է պակասում: Ես կտամ»:
Մսավաճառը շտապում է. «Ախպերս, նորմալ է, ես կտամ»:
Չվիճելու համար որոշում ենք ոտքը երկուսով առնել: Առնում ենք: Տատիկների դեմքերին վերջապես ժպիտ է հայտնվում: Նրանք օրհնում են մեզ. «Աստված ձեզ պահապան լինի»,- և գնում են՝ կրելով իրենց «շքեղ» ճաշը, որը մեզ համար սովորական է, իսկ նրանց համար՝ տոն:
Բայց ի՞նչ է այս ամենը նշանակում մեր երկրում, որտեղ իշխանավորները միլիոնավոր պարգևավճարներ են ստանում՝ իրենց «ծառայությունների» դիմաց: Նրանց համար այս պատմությունը խորթ է, անհետաքրքիր: Կարևորը՝ իրենց ստամոքսները լցված են, գրպանները՝ լիքը: Իսկ ժողովրդի մասին՝ միայն գեղեցիկ, փաթեթավորված խոսքեր, որոնք տարիներ շարունակ չեն վերածվում իրական օգնության: Չեն դառնում հաց, չեն դառնում արժանապատիվ կյանք:
Սա ողբերգություն է և ամոթ: Մի երկրում, որտեղ հազարավոր տարեցներ, ընտանիքներ պայքարում են ամենօրյա գոյատևման համար, իշխանությունները հարստանում են, իսկ աղքատներն ավելի են աղքատանում: Ո՞ւր է արդարությունը: Ո՞վ է պատասխանատու այս անտարբերության համար: Գուցե ժամանակն է, որ մենք բոլո՞րս խոսենք, կիսվենք նման պատմություններով և պահանջենք փոփոխություններ: Ի՞նչ եք կարծում դուք: Կիսվեք ձեր մտքերով, ձեր պատմություններով:
Գուցե միասին կարողանանք փոխել այս իրականությունը:
Հայկ Մովսիսյան