Առաջիկա երեքշաբթի Երևանում կայանալիք Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի ավարտին կողմերը կհայտարարեն հարաբերություններն ամրապնդելու պատրաստակամության մասին, չանդրադառնալով, սակայն, Եվրամիությանը Հայաստանի հնարավոր անդամակցության հարցին։ Գագաթնաժողովին կմասնակցեն Եվրոպական հանձնաժողովի նախագահ ՈՒրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Կանադայի վարչապետն ու եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ։                
 

Բաքվի հստակ ուղերձը․ հակամարտությունը շարունակվում է

Բաքվի հստակ ուղերձը․ հակամարտությունը շարունակվում է
01.04.2026 | 12:31

Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ 1918 թվականի մարտի 31-ի դեպքերի վերաբերյալ հայտարարությունը ցույց է տալիս, որ Բաքվի համար պատմությունը քաղաքական ճնշման գործիք է։

Ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունները ներկայացվում են միակողմանի՝ որպես «հայկական ցեղասպանություն ադրբեջանցիների նկատմամբ», ձևավորելով հստակ նարատիվ, որը միտված է ազդեցություն ունենալ բանակցային գործընթացների վրա։

1918 թվականի Բաքվի դեպքերը պատմագիտության մեջ գնահատվում են որպես բարդ և բազմաշերտ բախումներ՝ պայմանավորված Ռուսական կայսրության փլուզմամբ, քաղաքացիական պատերազմի քաոսով և իշխանության վակուումով։ Այդ իրադարձությունների ընթացքում արձանագրվել են փոխադարձ բռնություններ, և դրանց միակողմանի ներկայացումը խեղաթյուրում է պատմական իրականությունը՝ ծառայելով կոնկրետ քաղաքական նպատակների։

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության առանցքային շեշտադրումներից մեկը «ցեղասպանություն» ձևակերպման կիրառումն է։ Սակայն միջազգային իրավունքի տեսանկյունից ցեղասպանությունը պահանջում է հստակ ապացույցներ՝ կանխամտածված և համակարգված ոչնչացման վերաբերյալ։ Նման որակավորում տալը 1918 թվականի դեպքերին չունի բավարար իրավական հիմք և ավելի շատ կրում է քարոզչական բնույթ։

Առանձնահատուկ ուշադրության է արժանի Երևանի փոխարեն «Իրևան» անվան օգտագործումը։ Սա հստակ քաղաքական ուղերձ է՝ տարածքային ենթատեքստով։ Այն ցույց է տալիս, որ Ադրբեջանը շարունակում է կասկածի տակ դնել Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության անշրջելիությունը։

Հայտարարության կառուցվածքը ևս խոսուն է․ 1918 թվականի իրադարձությունները կապվում են 20-րդ դարի վերջի զարգացումների հետ՝ ստեղծելով մեկ միասնական մեղադրական շղթա՝ մինչև Խոջալու և հետագա հակամարտություններ։ Այս մոտեցումը նպատակ ունի միջազգային հանրության աչքում ձևավորել այն ընկալումը, թե հայերը երկարաժամկետ և համակարգված բռնությունների հեղինակ են։ Սա նարատիվային ռազմավարություն է, որի միջոցով փորձ է արվում ոչ միայն արդարացնել սեփական գործողությունները, այլև կանխարգելել Հայաստանի դիվանագիտական հակազդեցությունը։

Այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Հայաստանի իշխանությունները խոսում են «հաստատված խաղաղության» մասին և փորձում նվազեցնել պատմական թեմաների քաղաքական նշանակությունը։ Սակայն Բաքվի վարքագիծը ցույց է տալիս հակառակը․ Ադրբեջանը ոչ միայն չի փակել անցյալի էջերը, այլև դրանք ակտիվորեն վերածում է քաղաքական ճնշման գործիքի։

Արդյունքում ձևավորվում է ակնհայտ ասիմետրիա․ Երևանը փորձում է փակել հակամարտության պատմական օրակարգը, մինչդեռ Բաքուն այն վերածում է ազդեցության հիմնական լծակի։ Այս պայմաններում «խաղաղության» մասին խոսույթը մնում է խոցելի, քանի որ այն չի ամրապնդվում փոխադարձ քաղաքական վարքագծով։

Ադրբեջանի ԱԳՆ ուղերձը պարզ է՝ հակամարտությունը շարունակվում է, պարզապես՝ նոր ձևաչափով։ Քանի դեռ հայ-ադրբեջանական հարաբերություններում չի ձևավորվել հավասարակշռություն, «խաղաղության» մասին հայտարարությունները մնալու են առավելապես հռետորական մակարդակում։

Սուրեն Սուրենյանց

Դիտվել է՝ 13767

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ