Երուսաղեմում տեղի է ունեցել Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի եռակողմ գագաթնաժողովը։ Մասնակիցները պայմանավորվել են ամրապնդել կապերը պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում՝ ընդդեմ Թուրքիայի: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ եռակողմ համագործակցությունը պետք է պատասխան դառնա նրանց համար, «ովքեր երազում են իրենց կայսրությունների վերականգնման մասին»։               
 

Պատրանք

Պատրանք
25.12.2025 | 18:06

Նստած եմ մեր գյուղի տան ցեմենտբետոնե շեմին փռած փափուկ մենդարի վրա բազմած մութաքների վրա։ Վերևում երկինքն է, ներքևում` ես` ինքնագոհ, աջ ոտքս ձախ ոտքիս ծնկին բազմած։ ՈՒ պապս` փայտե փոքրիկ աթոռակին նստած, որ կազմուպատրաստ սպասում է իշխանուհի տատիս այդ օրվա հրատապ հրամաններին. «էս դեսը բե'ր, էն դենը տա'ր...»։

Քիչ հեռվում կրակե շեղջն է` մեր այգու բոյ֊բուսաթով սիմինդրի թևերից կախ` կանաչ, խոնարհ հագուկապն ու կարմիր, փափուկ վարսերը թոթափած` ճտճտացող սիմինդները գրկած, որ րոպեներ անց կարմրաթուշ, խաժ աչուկներով վայելք պիտի դառնան իմ ու պապիս բերանում։

ՈՒ մեկ էլ` ընկույզ֊կակալի մեծ տոպրակն աղմուկով դատարկվում է մեր առջև։

«Չուչխելի օր» է հայտարարված։

Պապս փոքր փայտե քոթուկի (կոճղ) վրա մուրճիկով ընկույզ ջարդողն է, ես` հասած պտուղները բարակ կճեպներից առանձնացնողն ու տեսակավորողը, կանեփի` շագանակագույն ամուր թելով թելած մախաթ ասեղով շարան անողը, տատս` չոր ճյուղերից և ջարդած ընկույզի խրճեպից (կճեպ) ճտճտացող կրակը թեժացնողն ու շփոթ պատրաստողը։

Բլթբլթում֊քլթքլթում է «երկարականջ» պղնձե ծանր կոխկալի (մեծ կաթսա) մեջ թթի (դոշաբի) ու թզի հյութերի` եռացող կրակագույն անհնազանդ շփոթը` դեսուդեն պող (այրող) ցալքուն կրակելով, չենթարկվելով անգամ մայրական պապիս պատրաստած երկարապոչ շերեփի փոս֊գլխիկին ու կոխկալի պաշտպանիչ վահան դարձած խփուլի (կաթսայի կափարիչ) սանձահարումերին։

«Շփոթը պատրաստ է»,֊ կրկին տատս է` իր զրնգուն ձայնով։

Ժամեր անց` թմբլիկ, ընկուզազարդ երկար շարանները քաղցր շփոթե զգեստ կհագնեն և կկախվեն պապիս պատրաստած «փայտե պարան» կախոցի վրա։ Իսկ ես կառնեմ ամռան արևին «դուրսածած» տեղաշորի «դոշակ ու բարձ ծեծող» կանաչ գլխով պլաստմասե երկարապոչ «հովհարը»` այս անգամ քաղցրահամի անուշ բույրն առած և դեպի շարոցներն շտապող մեր ոսկեթևիկ մեղուներին հեռու քշելու, որ անզգուշաբար չթառեն դեռ խոնավ չուչխելի շարոցների վրա և «շունչները չփչեն»։

Չուչխել պատրաստելու օր է` մյուս բոլոր օրերից տարբերվող, ինչպես տատիս պատրաստած` արդեն չուչխել դարձած ոսկեգույն շարոցի համը, որ մնացել է որպես մանկության քաղցրանուշ, բուրումնավետ հիշողություն։

...Ալարկոտ արթնանում եմ` ջանում երկար պահել ականջներումս մնացած տատիս ձայնը. «Վեր կացե'ք, գործի անցե'ք, էսօր չուչխելի օր է», և թվում է` Ամանորի մեր քաղցրառատ սեղանին բազմող չուչխելի անուշհամը շոյում է քիմքս, խուտուտ տալիս։

Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 132

Մեկնաբանություններ