Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

«Բռնցքամարտում երբեմն հավասար կամ հավասար դիտված մարտեր էլ են լինում»

«Բռնցքամարտում երբեմն հավասար կամ հավասար դիտված մարտեր էլ են լինում»
18.06.2012 | 23:50

Հունիսի 22-ից հուլիսի 1-ը Սոֆիայում (Բուլղարիա) կայանալիք Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Աբովյանի մարզաբազայում: «Իրատես de facto»-ն, որ բավականին լավ կապեր է հաստատել մեր հավաքական թիմերի հետ ու աչքի տակ է պահում ընտրանիների հետ կապված ցանկացած բան, հյուրընկալվեց մեր ընտրանուն` հասկանալու համար` ինչ վիճակ է նրանց մոտ, ինչն ինչպես է արվում, ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ տղաների մրցելույթից: Զրույցը հավաքականի գլխավոր մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ է:

-Հայաստանի առաջնությունից հետո, ինչպես գիտեք, մենք մի ուսումնամարզական հավաք ունեցանք Ծաղկաձորում` խնդիր ունենալով` բարելավել տղաների ընդհանուր ֆիզիկական պատրաստվածությունը,- ասաց մարզիչը։- Սա թվով երկրորդն է: Այստեղ կենտրոնացել ենք մարզիկների տեխնիկատակտիկական հմտությունների զարգացման, մարտական հնարավորությունների, բարոյակամային հատկանիշների բարձրացման վրա:
-Այս տարվա ուսումնամարզական հավաքներն ի՞նչ առանձնահատկություններ ունեն:
-Դրանցում ընդգրկել ենք հավաքականի ոչ միայն առաջին համարներին: Ոչ հեռավոր ապագայում` 2014-ին, պատանեկան երկրորդ օլիմպիական խաղերն են, իսկ ռեզերվը չի կարող լինել մշտարթուն ուշադրությունից դուրս:
-Բոլորի՞ն եք ընդգրկել:
-Առանձին դեպքերում` ոչ, սակայն դրանք մեր կամքից անկախ հանգամանքներով են պայմանավորված:
-Ինչպիսի՞ն է տղաների պատրաստվածության մակարդակը:
-Աչքով չտամ` գոհացուցիչ:
-Հավաքականի կազմավորման սկզբունքը նո՞ւյնն է մնացել, թե՞ ծանոթ-բարեկամ մեխանիզմը գործում է:
-Սոֆիայի համար նախապատրաստվում են բացառապես Հայաստանի առաջնությունում հաղթածները, և ինքներդ էլ հրաշալի գիտեք, որ սա հավաքականի կազմավորման իմ, մեր ֆեդերացիայի անխախտ սկզբունքն է:
-Ես եղել եմ Հայաստանի առաջնությանը, և մրցավարությունը, եթե ասեմ, որ գոհացնող մակարդակի վրա էր, շատ մեղմ արտահայտված կլինեմ: Ընդ որում, սա միայն իմ կարծիքը չէ: Մեր բոլոր չեմպիոննե՞րն են իսկապես չեմպիոն:
-Եթե մրցավարությունում ինչ-որ բան այնպես չի եղել, հավատացեք, ակնհայտ կամ միտումնավոր սխալի հետևանք չէ: Բռնցքամարտում երբեմն հավասար կամ հավասար դիտված մարտեր էլ են լինում: Սակայն մենք էլ կոչված ենք նրան, որ այդ սխալը կամ, որ ավելի ճիշտ արտահայտվելու լինենք, պայմանականորեն արված սխալը կարողանանք շտկել: Հասկանալի է` ոչ մրցության արդյունքի առումով, այլ մեր ընտրության, իսկ դրա հնարավորությունը միշտ էլ ունենք: Դրա համար կան հավաքների ժամանակ անցկացվող կրկնամարտեր:
-Լավ, ջուր քաշող հարց է: Շրջանցենք` հիմնախնդրի քննարկումը թողնելով մեկ այլ առիթի: Անուններով նշեք բոլոր նրանց, ում տանում ենք հանրապետության պատիվը պաշտպանելու:
-Սկսեմ նրանից, որ, չնայած պատանեկան տարիքի են տղաները, մեջներն արդեն կան հեղինակություններ, մեծ ռինգի հոտն առած մարզիկներ: Նրանք են` 2011-ի Եվրոպայի կրտսեր տարիքի առաջնության հաղթող, 46 կիլոգրամ քաշային կարգը ներկայացնող վանաձորցի Հրայր Շահվերդյանը, 2010-ի Եվրոպայի կրտսեր տարիքի առաջնության երկրորդ մրցանակակիր, երևանցի Էրիկ Պետրոսյանը (52 կգ), 2011-ի Եվրոպայի ավագ տարիքի առաջնության երրորդ մրցանակակիր, աբովյանցի Նարեկ Մանասյանը (75 կգ), 2010-ի Եվրոպայի կրտսեր տարիքի առաջնության երրորդ մրցանակակիր, երևանցի Արթուր Ավդալյանը (80 կգ), 2011-ի աշխարհի ավագ տարիքի առաջնության երրորդ մրցանակակիր, երևանցի Սերյոժա Հակոբյանը (+80 կգ): Մյուս քաշային կարգերի մարզիկներն առայժմ աչքի են ընկել հանրապետությունում, սակայն համոզված եմ, որ կառանձնանան նաև միջազգային ռինգում: Նրանք են` գյումրեցիներ Արթուր Գրինշպանը, Արարատ Գյուլբանգյանը (48 և 57 կգ քաշային կարգեր), երևանցիներ` Նասիբ Պողոսյանը, Սամվել Մելիքյանը, Գևորգ Պետրոսյանը, Կորյուն Պապոյանը (50, 57, 66, 70 կգ քաշային կարգեր), վանաձորցի Նարեկ Պողոսյանը (60 կգ), արարատցի Արշակ Գրիգորյանը (63 կգ):
-Փաստորեն, լավ էլ տիտղոսավոր թիմ ունենք:
-Ես դեռ չնշեցի, որ տղաների վերջին ցանկի մեջ կան հանրապետության առաջնության կրկնակի, անգամ եռակի հաղթողներ: Ավելացնեմ, որ Եվրոպայի այս առաջնությանը մենք ներկայանում ենք բոլոր քաշային կարգերում: Ասել է թե` ունենք ամբողջովին համալրված հավաքական:
-Պատվիրակությունում, բացի Ձեզնից ու մարզիկներից, ուրիշ ովքե՞ր կան:
-Սամվել Գասպարյանը, ով պատվիրակության ղեկավարն է, միջազգային կարգի մրցավար, ԱԻԲԱ-ի անդամ: Պատվիրակությունում է նաև միջազգային կարգի մրցավար Ժորա Օհանջանյանը:
-Դե ինչ, ցանկանանք հաջող մասնակցություն, բարի վերադարձ:
-Շնորհակալություն մաղթանքի համար` թերթում կրկին հանդիպելու նախապայմանով:
-Բնականաբար:

Զրույցը՝ Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ

Դիտվել է՝ 4671

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ