ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Տնտեսության ներկայիս տեմպերով աշխարհին չենք հասնի անգամ հարյուրավոր տարիներ անց

Տնտեսության ներկայիս տեմպերով աշխարհին չենք  հասնի անգամ հարյուրավոր տարիներ անց
02.12.2013 | 14:09

Քիչ թե շատ կայուն երկրներ են համարվում նրանք, որտեղ բնակչության մեկ շնչին ընկնող տարեկան եկամուտը հասնում է 35.5 հազար դոլարի: Այսպիսի եզրակացության են հանգել Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի գիտնականները: Ըստ նրանց հետազոտության, ժամանակակից աշխարհում մարդն իրեն երջանիկ է սկսում զգալ, եթե նրա տարեկան եկամուտը հասնում է 35.5 հազար դոլարի: Սա հնարավորություն է տալիս մարդուն զգալու, որ իր կյանքը հաջողվել է: Ավելի ցածր ցուցանիշի պարագայում մարդը որոշակի անբավարարության զգացում է ունենում, իսկ ավելի բարձրը` ավելի բարձր ցանկություններ առաջացնում, որոնք հաճախ անհնար է իրականացնել: Հայաստանում նվազագույն աշխատավարձը 45 հազար դրամ է: Արտասահմանցի գիտնականների ներկայացրած թվերով մարդու ամսական եկամուտը միջին հաշվով պիտի կազմի մոտ 3000 դոլար: Առանց մաթեմատիկական հաշվարկի էլ երևում է այս երկու թվերի ահռելի տարբերությունը:

ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի խոսքով` եթե այս տեմպերով շարժվենք, մեկ շնչին ընկնող եկամտի աշխարհի միջին ցուցանիշին կարող ենք հասնել հարյուրավոր տարիներ հետո: «Մեր երկրում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն իջնում է: 2007-ին այն 4000 դոլար է կազմել, հիմա իջել է 3000 դոլարի: Եվ սա այս իշխանության գործունեության արդյունքն է: Եթե պատկերացնենք, որ մեր երկրի տնտեսությունը 2-4 տոկոս աճ ունենա, միևնույն է, այդ աճը զգալիորեն զիջելու է աշխարհի միջինին», -ասաց Հրանտ Բագրատյանը: Նախկին վարչապետի կարծիքով եթե նույնիսկ մի օր այս անկումը մեզ հաջողվի կասեցնել և սկսենք աճ գրանցել, միևնույն է, մեր և աշխարհի միջին ցուցանշի տարբերությունը կրկին մեծ կլինի. «Մինչև մենք հասնենք 35 հազարի, այդ աշխարհի միջինը կդառնա 120 հազար, իսկ զարգացած երկրներում եկամուտը կկազմի 350-500 հազար: Տարեկան 1 տոկոս աճ ունենալով 35 հազարին կհասնենք 2800 տարում, 3 տոկոսի դեպքում` 120 տարում, 6 տոկոս աճի դեպքում` 70, 7 տոկոս աճի դեպքում` 45 տարում»: Հրանտ Բագրատյանի մեկնաբանմամբ, սա նշանակում է, որ «1 տոկոս աճի դեպքում զարգացած երկրներին ու համաշխարհային միջինին երբեք չենք հասնի, 2 տոկոսի դեպքում նույնպես չենք հասնի, 3 տոկոս աճի դեպքում զարգացած երկրներին կհասնենք 6 հազար տարի հետո, իսկ համաշխարհային միջինին` 2000 տարի հետո: 4 տոկոս աճի դեպքում զարգացած երկրներին կհասնենք 400 տարի հետո, իսկ համաշխարհային միջինին` 140 տարի հետո: 5 տոկոս աճի դեպքում զարգացած երկրներին կհասնենք 280 տարի հետո, իսկ համաշխարհային միջինին` 90 տարի հետո: 6 տոկոս աճի դեպքում զարգացած երկրներին կհասնենք 200 տարի հետո, իսկ համաշխարհային միջինին` 65 տարի հետո, 7 տոկոսի աճի դեպքում զարգացած երկրներին կհասնենք 160 տարի հետո, իսկ համաշխարհային միջինին` 50-52 տարի հետո»:

Հրանտ Բագրատյանը քանիցս հանդես է եկել տնտեսական բարեփոխումների առաջարկություններով: Տնտեսական բարեփոխումների վերաբերյալ նրա հեղինակած «100 քայլ» ծրագիրը ներառում է առաջիկա մի քանի տարվա համար այն անհրաժեշտ միջոցառումները, որոնց շնորհիվ Հայաստանի տնտեսությունը կարելի է զարգացնել շատ ավելի արագ, քան դա հնարավոր է պատկերացնել ներկայիս տեմպերի պայմաններում: Եթե անկեղծ լինենք, ապա մեր տնտեսությունը չի էլ աճում: Մի բան, որը ակնհայտ է հասարակության կենսամակարդակի պարագայում: Հայաստանի բնակչությունը վերջին տարիներին կտրուկ պակասել է արտագաղթի պատճառով: Եվ, անշուշտ, արտագաղթի թիվ մեկ պատճառը հացի խնդիրն է: Հայաստանը դատարկվում է ամեն օր, ամեն ժամ: 45 հազար դրամ աշխատավարձով գոյություն քարշ տվող հայաստանցու համար նույնիսկ վիրավորական է լսել տարեկան 35.5 հազար դոլար եկամտի մասին: Ահա թե ինչու ըստ ՄԱԿ-ի` այս տարվա աշնանը կատարված հետազոտության տվյալներով Հայաստանը 156 երկրների շարքում 128-րդ տեղում է:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1693

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ