ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ռուս-թուրքական մերձեցման մարտահրավերները

Ռուս-թուրքական մերձեցման մարտահրավերները
02.12.2014 | 13:26

Թուրքիայում Պուտինի և Էրդողանի հանդիպումը տևել է նախատեսված ժամանակից մի քանի անգամ ավելի՝ մոտ երեք ժամ: Սա արդեն որոշակիորեն մտավախություններ է ծնել հայկական քաղաքագիտական ու փորձագիտական շրջանակներում, մանավանդ որ հանդիպման ավարտին Ռուսաստանի նախագահը խոստացել է 6 %-ով իջեցնել Թուրքիա մատակարարվող գազի սակագինը, հրաժարվել դեպի Եվրոպա տանող «Հարավային հոսք» նախագծից ու նոր գազի խողովակաշար կառուցել դեպի Թուրքիա՝ Սև ծովով:

Ռուս-թուրքական մերձեցումը ռազմավարական է թվում՝ չնայած երկու պետությունները խորքային հակասություններ ունեն սիրիական և ուկրաինական հարցերում: Ռուս-թուրքական մերձեցման պատմական փորձը ցույց է տալիս, որ դրա զոհերից մեկը լինում է մեր ժողովուրդը: Համենայն դեպս, պատմությունը դրա մի քանի օրինակներ ունի:
Գուցե երկու նախագահների հանդիպման օրակարգում «հայկական հարց» չի եղել, սակայն երկու առաջնորդներն ունեն անգամ մենթալիտետային ընդհանրություններ. նրանք իրենց երկրներում ձգտում են բացարձակ իշխանության, վարում են ագրեսիվ արտաքին քաղաքականություն ու մերժված են արևմտյան աշխարհի կողմից: Այսինքն, մեկը մյուսի կարիքն ունի ու այդ հարցում դարձյալ կարող է զոհաբերվել հայկական հարցը:
Մեր համազգային մտավախությունները գուցե նույնիսկ տեղին են՝ պատմությամբ ամրապնդված, սակայն դրանք հաղթահարել է պետք, մանավանդ որ հիմա աշխարհը շատ ավելի բարդ ու դինամիկ զարգացող է դարձել ու որևէ երկիր չի կարող ավտոմատ դառնալ ուրիշ երկուսի պայմանավորվածության զոհը: Պարզապես գիտակցել է պետք, որ Ռուսաստանը մեր կարևոր գործընկերն է, բայց ոչ դայակը և ռեալպոլիտիկի տեսակետից՝ պարտավոր չէ վարել քաղաքականություն, որը կսպասարկի մեր շահերը: Այս կարևոր հետևությունը մեր արտաքին քաղաքականությունը հավասարակշիռ դարձնելու ազդակ պետք է հանդիսանա: Թուրքիան պատմականորեն համարվում է թշնամի երկիր, սակայն դարձյալ պրագմատիկ քաղաքականությունը հուշում է, որ այս երկիրը մեր հարևանն է, այս տարածաշրջանից որևէ տեղ չի անհետանալու, ըստ այդմ՝ նրա հետ հարաբերությունները կարգավորելու խնդիր ունենք: Եթե այս կարևոր դասերը սերտենք, ռուս-թուրքական երկխոսությանն ու մերձեցմանն ավելի թեթեև կմոտենանք, որովհետև համեմատաբար ինքնուրույն և սեփական օրակարգը գիտակցող Հայաստանը չի կարող դառնալ այլոց գործարքների թիրախը:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 12733

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ