Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ես կողմ եմ մտքի հեղափոխությանը»

«Ես կողմ եմ մտքի հեղափոխությանը»
20.04.2018 | 01:34

Արձակագիր ԱՐԱՄ ԱՎԵՏԻՍԻ հետ զրուցել ենք քաղաքում տիրող լարվածության, քաղաքական ընդվզումների մասին:


-Արամ, ամիսներ առաջ մեր թերթին տված հարցազրույցի ժամանակ ասել էիր, որ քաղաքը նման է մեծ սարդի. «Քաղաքն ինքը դժոխք է, մարդիկ գնում են տարբեր ճանապարհներով, բայց դու չես հասկանում, որ կողմն է տանում, որ կողմը բերում, տպավորություն է, որ սարդի թակարդում ես»: Դու նաև վեպ ես գրում քաղաքի մասին: Երբ ասում էիր, որ ամեն ինչ ավելի վատ է լինելու, նկատի ունեիր գաղջ մթնոլո՞րտը, թե՞ պայթյունը, ինչի ականատեսն ենք այսօր:
-Երկուսն էլ, որովհետև ես անձամբ միշտ լարվածությունը զգացել եմ, ու, իհարկե, այդ լարվածությունը պետք է ինչ-որ ձևով արտահայտվեր:
-Տարօրինակ չէ՞, որ բողոքի ակցիաների կիզակետում երիտասարդությունն է:
-Փոփոխություն տեսնելու ցանկությունը հենց երիտասարդների մեջ պետք է լինի, ինձ դա շատ է ոգևորում: Երիտասարդները դուրս եկան փողոց, որովհետև քո քաղաքում դու զգում ես, որ քո տանը չես: Մայրաքաղաք բառը, վերջին հաշվով, մայր ու քաղաքն է, ու այդ մայրը, ասես, խորթ լինի:
-Ինչու՞ գրողների ձայնը չի լսվում այս օրերին:
-Եթե մեր քաղաքում գիրքը «հեղինակություն» չէ, ինչպե՞ս կարող է գրքի հեղինակը հեղինակություն լինել: Վստահ եմ` եթե գրողներից ինչ-որ մեկը ելույթ ունենա կամ հոդված գրի, շատերը չեն իմանա, թե ով է նա:
-Ի՞նչ ես կարծում` մեր օրերում քաղաքացին պետք է անպայման քաղաքացիական ակտիվություն կամ գոնե որոշակի դիրքորոշու՞մ ունենա, թե՞ բնական է չեզոքությունը, չասեմ՝ անտարբերությունը:
-Ես երբեք չեմ քննադատում այն մարդկանց, ովքեր մասնակցում են շարժմանը կամ չեն մասնակցում: Ազատ ընտրություն է: Ինչ-որ մեկի համար կա հեղինակություն, որի հետևից կարելի է գնալ, ինչ-որ մեկի համար չկա այդ հեղինակությունը: Վերջին հաշվով, հեղափոխության ուժը պետք է ինչ-որ տեղ տանի, հակառակ դեպքում ինքն իր մեջ սպառվում է:
-Ի՞նչ կլիներ, եթե աշխարհում չլինեին հեղափոխություններ։
-Ես կողմ եմ մտքի հեղափոխությանը: Մենք չգիտենք՝ ինչ կլիներ, «ինչ կլիները» հեքիաթի ժանրից է, բայց մենք գիտենք, թե ինչ է եղել: Հեղափոխություններից հետո միշտ նոր դիկտատորներ են իշխանության եկել, և ամեն ինչ նույնությամբ կրկնվել է: Բայց փոփոխություն, իհարկե, միշտ պետք է, որովհետև ես դեմ եմ տոտալիտար ռեժիմին:
-Խոսվում էր զուգահեռ իրականության մասին, երբ ներսում՝ Ազգային ժողովում, վարչապետ էին ընտրում, դրսում՝ փողոցում, պայքարը շարունակվում էր: Ըստ քեզ՝ երրորդ իրականության կա՞:
-Մեր երկիրն այնքան փոքր է, որ այդ շերտերը չեն կարող շատ լինել, և դրա համար ես զգում եմ այս ամենի ճնշումը ինձ վրա: Եվ երևի դա զգում են բոլորը: Ես չեմ սիրում քաղաքական ցինիզմը, երբ մարդիկ գիտեն՝ ինչ է տեղի ունենում դրսում ու քմծիծաղով են նայում դրան: Եվ այս առիթով հիշում եմ հեղափոխական գրող Պոլ Էլյուարի խոսքերը, որն ասում է՝ նրանք միշտ ուտում են, նրանք գուրման են և միշտ գոհ, իսկ երբ ժպտում են, ավելի ագահաբար են ուտում:
-Ի՞նչ է լինելու վաղը:
-Վաղը նորից դուրս կգա հին արևը, և ես վախենում եմ որ մենք չափազանց երիտասարդ կլինենք նրա համար: Եվ նա իր ծերացած լույսում չի տեսնի մեր ազնիվ մղումը։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4828

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ