Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սրտառուչ մի «երկխոսություն»

Սրտառուչ մի «երկխոսություն»
27.04.2018 | 02:02

Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Ազգային կամերային նվագախմբի հերթական համերգը` գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Վահան Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Մաեստրոն շարունակում է իր` «Ճանապարհ տաղանդներին» նախագծի շրջանակում սատարել երիտասարդ երաժիշտներին։ Հայտնի է, թե որքան կարևոր է երաժշտի համար նվագախմբի հետ հանդես գալը, մինչդեռ նման հնարավորություն հաճախ չի պատահում։ Դա ոչ միայն պատվաբեր է, այլև անհրաժեշտ է փորձառության, անսամբլային զգացողության և այլ հմտությունների ձևավորման համար։ Նվագախմբի հետ հանդես են եկել ոչ միայն հանրապետության երիտասարդ երաժիշտները, այլև արտերկրի մեր պատանի հայրենակիցները։


Բազմաթիվ ելույթներ է ունեցել տաղանդավոր ջութակահարուհի Դիանա Ադամյանը, որը վերջերս հաղթող ճանաչվեց Մենուհինի անվան միջազգային մրցույթում։
Հիշյալ համերգին մաեստրո Վ. Մարտիրոսյանը բեմը տրամադրել էր միջազգային մրցույթների դափնեկիր, Ժան Տեր-Մերկերյանի անվան մրցանակակիր, տոհմիկ երաժիշտ, ջութակահար Ֆելիքս Հարությունյանին, թավջութակահար Լևոն Առաքելյանին և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի թավջութակահար Վահե Դանիելյանին։


Համերգը բացվեց Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի 5-րդ կոնցերտով։ Այն հնչեց Ֆելիքս Հարությունյանի բովանդակալից և խորաթափանց մեկնաբանությամբ։ Նախ, իր մենանվագ դրվագներից զատ, նա կատարում էր նաև 1-ին ջութակների նվագաբաժինը։ Բացի այդ, զարդանախշերը (մելիզմները) ջութակահարը կատարում էր մերթ հին, մերթ նոր վերծանությամբ։ Դա ուժեղացնում էր կոնտրաստը` նույն ֆրազը ֆորտե և պիանո (արձագանք) կատարելիս։ Ֆելիքսի նվագին հատուկ հմայք էր հաղորդում այն, որ նա Կոնցերտին հավելում էր իր իսկ հորինած կադենցիաները, որոնք իրենց կառուցվածքով կուռ էին և Կոնցերտի ոգուն ներդաշնակ։ Իսկ առհասարակ, նա նվագում էր բյուրեղյա մաքրությամբ, վստահ, արագընթաց դրվագներում` թեթև, ճախրուն, երգային մասերում` կայուն, հոգեթով։ Այդպես հնչեց Կոնցերտի ամբողջ 2-րդ մասը։ Իսկ 3-րդ մասում առավել զգացվեցին կերպարանափոխվելու նրա ճկունությունը, ոճի նուրբ զգացողությունը, հատկապես ռոնդոյի «գնչուական» էպիզոդում։


Ֆ. Հարությունյանի «Մոցարտը»` մաեստրո Վ. Մարտիրոսյանի զգայուն և խորագետ ղեկավարությամբ, ունկնդիրներն ընդունեցին հիացմունքով, ինչի վկայությունը բուռն ծափողջույններն էին։ Ներկաները խանդավառությամբ ընդունեցին նաև թավջութակահարների ելույթը։ Լևոն Առաքելյանը նվագեց Յոզեֆ Հայդնի թավջութակի ռե-մաժոր Կոնցերտը։ Նա վերարտադրեց Կոնցերտի բերկրալից տրամադրությունը, մեղմ թախիծը, «հայդնյան հումորը»։ Թավջութակահարը նվագում էր հղկված հնչյունով, նուրբ ֆրազավորումով։ Կոնցերտից հետո Լ. Առաքելյանը նվագեց Գրիգոր Նարեկացու «Հավիկ մի պայծառ տեսի» տաղը և այդ կատարումը նվիրեց նվագախմբի թավջութակահար Աշոտ Այվազյանի լույս հիշատակին։


Համերգն ավարտվեց Անտոնիո Վիվալդիի Կոնցերտով` գրված երկու թավջութակահարի և նվագախմբի համար։ Լ. Առաքելյանին միացավ Վ. Դանիելյանը, և սկսվեց սրտառուչ մի «երկխոսություն»։ Նվագախումբը մերթ միջամտում էր, մերթ հընթացս զմայլված «լսում» այդ մտերմիկ խոստովանանքը։ Թավջութակահարները դրսևորեցին խոր երաժշտականություն, իտալական արվեստին բնորոշ նրբագեղ նվագ և «բելկանտո» հնչողություն։ Այս ամենը մաեստրո Վ. Մարտիրոսյանը ներդաշնակեց նվագախմբի հետ` մեկ «գմբեթի» ներքո։ ՈՒնկնդիրներն իրենց գոհունակությունն արտահայտեցին երկարատև ծափողջույններով և բացականչություններով։ Սպասենք նոր երիտասարդ տաղանդների բացահայտմանը։


Լիանա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 2691

Մեկնաբանություններ