Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Բեռլինի ֆիլհարմոնիայի հանդիսատեսն անդադար ծափերով է ընդունել Սերգեյ Սմբատյանին

Բեռլինի ֆիլհարմոնիայի հանդիսատեսն անդադար ծափերով է ընդունել Սերգեյ Սմբատյանին
31.05.2018 | 12:04

Մայիսի 28-ին դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբն իր առաջին ելույթ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր բեմերից մեկում՝ Բեռլինի ֆիլհարմոնիայում։ Համերգն անցել է լեփ-լեցուն դահլիճում և չդադարող ծափերի ուղեկցությամբ։ Համերգի ավարտին ունկնդիրները չէին թողնում դիրիժորին հեռանալ բեմից՝ ծափերի ներքո նրան բազմիցս հրավիրելով բեմ։


Շատ նվագախմբերի և երաժիշտների համար երազանք է ելույթ ունենալ Բեռլինի ֆիլհարմոնիայում, որը հայտնի է իր բացառիկ ակուստիկայով։ Դահլիճն առանձնանում է նաև յուրահատուկ կառուցվածքով. բեմը գտնվում է համերգասրահի կենտրոնում, և նվագախումբը բոլոր կողմերից շրջապատված է հանդիսականներով։
Սերգեյ Սմբատյանի և Մալթայի ֆիլհարմոնիկի բեմելը Բեռլինի ֆիլհարմոնիայում կայացել է եվրոպական համերգային շրջագայության շրջանակներում։
Համերգի ընթացքում նվագախումբը կատարեց Ալբերտ Գարզիայի նոր ստեղծագործությունը՝ Kewn-ը, Ալեքսեյ Շորի «Ճանապարհորդական նոթատետր» դաշնամուրի կոնցերտը և Պյոտր Չայկովսկու 5-րդ սիմֆոնիան։


Եվրոպական համերգային շրջագայության վերջին կանգառն Ավստրիան է։ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբն այսօր ելույթ կունենա Եվրոպայի ևս մեկ հեղինակավոր բեմում՝ Վիեննայի Մյուզիքվերեյնում, որն իր դռներն է բացել դեռևս 1870 թվականին։ Այս համերգասրահում է ելույթ ունենում աշխարհի լավագույն նվագախմբերից մեկը՝ Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Համերգն ուղիղ եթերում կհեռարձակի Medici.tv-ն։


Նշենք, որ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի եվրոպական համերգային շրջագայություններն իրականություն են դարձել Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի շնորհիվ։

Դիտվել է՝ 1729

Մեկնաբանություններ