Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ինձ միայն ոտք դնելու տեղ տվեք»

«Ինձ միայն ոտք դնելու տեղ տվեք»
06.07.2018 | 03:31

Աղասի Այվազյանի այրին` ԳՐԵՏԱ ՎԵՐԴՅԱՆԸ, «Իրատեսին» տեղեկացրեց, որ մշակույթի նախարարությանն ուղղված այվազյանական կենտրոն բացելու իր դիմում-խնդրանքը արդյունք չի տվել: Պատասխանել են, որ մշակույթի նախարարութունը տարածք չունի:
Տիկին Վերդյանը շուրջ տասը տարի պարբերաբար ահազանգում է այվազյանական կենտրոն բացելու անհրաժեշտության, ինչպես նաև Այվազյանի ժառանգությունը փրկելու մասին: Այսօր երկիրը նոր ղեկավարներ ունի, և Այվազյանի այրին նոր լուծումներ է ակնկալում:
«Իրատեսը» ամիսներ առաջ անդրադարձել էր խնդրին, «Հնարավոր չէ անընդհատ թանգարաններ բացել, դրան ոչ մի բյուջե չի դիմանա» վերնագրված հրապարակման մեջ ներկայացրել մշակույթի նախարարության դիրքորոշումը (նախարար Արմեն Ամիրյանի ղեկավարության օրոք):

Բանն այն է, որ նախարարությունը կարող է հանձն առնել թանգարանացման խնդիրը, մեթոդական լուծումները, հավաքածուի հավաքագրումը, ցուցադրության հայեցակարգի մշակումը, սակայն տարածքի հարց չի լուծում: Համագործակցելու համար քայլ պետք է անի նաև ընտանիքը: Օրինակները բազում են. պետական աջակցության և ընտանիքի համագործակցության արդյունքում են իրենց դռները բացում շատ ու շատ տուն-թանգարաններ:


Սակայն Գրետա Վերդյանը նշում է, որ Այվազյանի բնակարանը փոքր է, գտնվում է պանելային շենքի հինգերորդ հարկում, այստեղ են ապրում իր թոռները, թոռների թոռները: Ի դեպ, Լուսինե Զաքարյանի բնակարանը երկսենյականոց է, Սիլվա Կապուտիկյանի բնակարանը գտնվում է չորրորդ հարկում, բայց մեր զրուցակիցը կարծում է, որ Այվազյանը հսկայական ժառանգություն ունի և հատուկ վերաբերմունքի է արժանի:


«Ես շատ լավ կազմակերպիչ եմ, ամեն ինչ կարող եմ անել, ինձ միայն ոտք դնելու տեղ տվեք»,- վստահեցնում է Վերդյանը: Խոստանում է, որ այստեղ ոչ միայն կներկայացվի այվազյանական ժառանգությունը, այլև մշակութային տարատեսակ միջոցառումներ կանցկացվեն, նորից կյանքի կկոչվեն այվազյանական ընթերցումները, այվազյանական թատերական փառատոնը, կգործեն մանկապատանեկան կինոստուդիա, թատերական ստուդիա, գրական ստուդիա և այլն: Հարց է առաջանում՝ առաջնահերթ է կենտրոն բացելու՞, թե՞ ժառանգությունը փրկելու խնդիրը. մեր նախորդ հրապարակումներում անդրադարձել ենք խնդրի այս կողմին:
Եթե, ինչպես բազմիցս ասվել է, ժառանգությունը վտանգված է, անմխիթար, անտեսված, փչանալու և վերանալու եզրին, կարծում ենք, առաջնահերթորեն պետք է ժառանգությունը փրկել ¥Գրետա Վերդյանն ասաց, որ գրքերը ավտոտնակում են պահվում, նկարները՝ տանը¤:
Գրետա Վերդյանը համաձայն չէ, որ տարածք տրամադրեն հայկական եռահարկ կինոթանգարանում՝ «Սինեմատեկում» (ստեղծվել է Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանի և Հայկ Բաբայանի մտահղացմամբ), որտեղ և՛ Այվազյանի գեղանկարչական աշխատանքները կներկայացվեն, և՛ գրքերը, և՛ ֆիլմերը: Ինչ-որ ժամանակ բացառել է նաև Այվազյանի նմուշները Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին պահ տալու առաջարկը: Գրողի այրին կարծում է, որ դա լուրջ մոտեցում չէ, մինչդեռ իր նպատակը այվազյանական թանգարանային համալիր ստեղծելն է:

Ըստ նրա՝ պետք է վերահրատարակվեն և թարգմանվեն Աղասի Այվազյանի ստեղծագործությունները: Թեև անվանի գրողը անտիպ գործ չունի, բայց դրանք փոքր տպաքանակով են լույս ընծայվել և բավարար չեն: Ժամանակն է նաև, որ վերսկսվի այվազյանական փառատոնը և դառնա ավանդական: Ամենակարևորը, մշակույթի նախարարությունը պետք է միջնորդի, որ տարածք հատկացվի այվազյանական կենտրոնին, թեկուզ երկարատև վարձակալության կարգով: Օրենքի այդ կետի մասին Վերդյանին ժամանակին հուշել է Հասմիկ Պողոսյանը: Էլի մի տարբերակ է առաջարկում մեր զրուցակիցը. աղջիկը երեքհարկանի տուն ունի, հովանավորներ են պետք, որ այն թանգարանի վերածվի:
Գրողի այրու պահանջները ի՞նչ լուծում կստանան, տարածք տրամադրելու նշված տարբերակներից ո՞ր մեկին հավանություն կտա մշակույթի նախարարությունը, կստանձնի՞ արդյոք միջնորդի դերը, այս հարցերի պատասխանը թողնում ենք նախարարությանը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4975

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ