Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Յասմինա Ռեզայի թատրոնը Հայաստանում՝ Ֆրանկոֆոնիայի Գագաթնաժողովի շրջանակներում

Յասմինա Ռեզայի թատրոնը Հայաստանում՝ Ֆրանկոֆոնիայի Գագաթնաժողովի շրջանակներում
03.09.2018 | 17:21

Ֆրանսիայում գործող Սաթէ-Աթղը թատերական միությունը ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ Հայաստանում կներկայացնի

Յասմինա Ռեզայի դրամատուրգիային նվիրված միջոցառումների շարք:
Ֆրանկոֆոնիայի Գագաթնաժողովի շրջանակներում «Սաթէ-Աթղը» թատերական միությունը նպատակ ունի հայ ընթերցողին և հանդիսատեսին ճանաչելի դարձնել ֆրանսիացի ժամանակակից նշանավոր դրամատուրգ Յասմինա Ռեզայի թատրոնն ու ստեղծագործությունները։ Ռեզան աշխարհում ամենաշատը թարգմանված և բեմադրված ժամանակակից ֆրանսիացի դրամատուրգներից է, ով, դժբախտաբար, գրեթե հայտնի չէ ո՛չ հայ ընթերցողին, և ո՛չ էլ՝ հայ հանդիսատեսին:


Մեր նախագիծը ներառում է հետևյալ միջոցառումների շարքը.
Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կբեմադրվի
«Սպանդի Աստվածը» պիեսը: Ներկայացման մեջ ներգրավված են Նարինե Գրիգորյանը, Սերգեյ Թովմասյանը, Տաթև Հովակիմյանը և Արթուր Մանուկյանը:


Նույն պիեսը կբեմադրվի նաև ֆրանսերեն և կցուցադրվի երկու անգամ բացառապես ֆրանկոֆոն հանդիսատեսի համար: Պիեսի ֆրանսերեն տարբերակում կներկայանան հրավիրյալ դերասաններ՝ Քիթ Ֆարքուարը (Ֆրանսիա), Մարժոլեն Օժերը (Կանադա) և Ժերալդ Բաբազյանը (Ֆրանսիա): Հրավիրյալ արտիստները կանցկացնեն նաև վարպետության դասընթացներ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (ուսանողների համար) և Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում (պրոֆեսիոնալ դերասանների համար): Կդասավանդվի մասնավորապես Մայզների տեխնիկան:
Վարպետության դասընթացներ կլինեն նաև ֆրանսերեն ուսումնասիրողների համար՝ «Սովորել ֆրանսերեն թատրոնի միջոցով» խորագրով:
Կթարգմանվի և Զանգակ հրատարակչատան կողմից կհրատարակվի Յասմինա Ռեզայի վեց պիես: Գրքի շնորհանդեսը կկայանա Զանգակ գրատանը: Նույն վայրում կցուցադրվի նաև Ռեզայի «Արվեստ» պիեսի թատերականացված ընթերցումը, որը Սաթէ-Աթղը թատերական միությունը իրականացնում է ԱԳՈՐԱ թատերախմբի հետ համատեղ: Ռեզայի պիեսների ժողովածուի հայերեն գրքի շնորհանդեսը կկայանա նաև Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում:


ԼՈՖԹ-ում կցուցադրվի Ռեզայի «Կյանքի երեք տարբերակ» պիեսը, որը կբեմադրեն երեք ռեժիսորներ: Բեմադրությունն իրականացվում է ԱԳՈՐԱ թատերախմբի հետ համատեղ:
Սաթէ-Աթղը թատերական միությունը կմեկնի նաև Գորիս՝ ՛՛Սպանդի Աստվածը՛՛ բեմադրությունը Գորիսի հանդիսատեսի դատին ներկայացնելու: Ներկայացումից բացի կլինեն նաև վարպետության դասընթացներ:


Միությունը վարպետության դասընթացներով հանդես կգա նաև Սևանում:
Հայ թատրոնի խաղացանկը կարիք ունի թարմանալու համաշխարհային հնչեղություն ունեցող գրողների երկերով, և սա հրաշալի առիթ կլինի անդրադառնալու համաշխարհային գրականության և թատրոնի մեջ իր ուրույն տեղն ունեցող ժամանակակից այս հեղինակին։
Մեր նախագծի աջակիցներն են՝ ՀՀ մշակույթի նախարարությունը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը, Լյոնի Մետրոպոլը, Իզեղ դեպարտամենտի խորհուրդը (CDI), ՕվերնՌոն-Ալպեր տարածաշրջանը, ԻՐԱՊԱ հարթակը (IRAPA) և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (OIF), ինչպես նաև Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը, Զանգակ գրատունը և հրատարակչատունը, LOFTը, Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանն ու Երևանի քաղաքապետարանը:

Դիտվել է՝ 2198

Մեկնաբանություններ