Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Կարծես ճակատագրի քմահաճույքով՝ Ռեմարկը թե՛ տանը, թե՛ ռազմաճակատում երբեք հանգստություն չգտավ»

«Կարծես ճակատագրի քմահաճույքով՝ Ռեմարկը թե՛ տանը, թե՛ ռազմաճակատում երբեք հանգստություն չգտավ»
28.09.2018 | 11:43

«Նա ընկավ 1918-ի հոկտեմբերին, մի օր, երբ ողջ ռազմաճակատը խաղաղ ու հանգիստ էր այնքան, որ ռազմական ամփոփագիրը միայն մի նախադասությամբ էր սահմանափակվում. «Արևմտյան ճակատում նորություն չկա»:
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը ընթերցողին է ներկայացնում Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» ստեղծագործությունը: Գերմաներենից թարգմանությունը ՎԱՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆԻՆՆ է: «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը Ռեմարկի գրքերի լույսընծայումն սկսել է «Երեք ընկեր» և «Հաղթական կամար» վեպերով: ԵՊՀ բանասիրական գիտությունների թեկնածու‚ Ռեմարկի գրքերի թարգմանիչ Վանուհի Բաղմանյանի տեղեկացմամբ՝ «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպին հաջորդելու են «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» (այս պահին թարգմանվում է) «Վերադարձ», «Սիրիր մերձավորիդ» և մնացյալ բոլոր գործերը:


-Ի՞նչ արձագանք է գտել վեպն իր ժամանակին, ե՞րբ և ինչպե՞ս է հասել ընթերցողին:
-«Արևմտյան ճակատում նորություն չկա» գիրքը լույս է տեսել 1929-ին: Այն պատերազմի մասին պատմող երբևէ ստեղծված ամենավաճառված գրքերից է, և դա այն դեպքում, երբ նացիստների՝ իշխանության գլուխ անցնելուց հետո Ռեմարկի այս գրքի տպագրությունն ու էկրանավորումն արգելվեցին, իսկ 1933-ին այս վեպը‚ ի թիվս Ռեմարկի այլ վեպերի, հրապարակավ այրվեց:
Երբ Ռեմարկը վեպը ներկայացնում է գերմանական ամենահայտնի հրատարակչին՝ Սամուել Ֆիշերին, վերջինս բարձր է գնահատում վեպի գրական արժանիքները, բայց հրաժարվում է տպագրելուց՝ պատճառաբանելով, թե 1928-ին ոչ ոք ցանկություն չի ունենա կարդալու առաջին աշխարհամարտի մասին պատմող վեպ: Սակայն տարիներ անց Ֆիշերը խոստովանում է, որ դա իր մասնագիտական գործունեության ամենամեծ սխալն էր: Ռեմարկն իր ընկերոջ խորհրդով դիմում է այլ հրատարակչի, վերջինս սկզբում չի համաձայնում հրատարակելու վեպը՝ նույն հիմնավորմամբ, որ ոչ մեկին չի հետաքրքրի պատերազմի թեման, բայց ի վերջո համաձայնում է՝ պայմանով, որ եթե գիրքը հաջողություն չունենա, Ռեմարկը որպես լրագրող պետք է հրատարակչությունում աշխատի և փոխհատուցի տպագրության ծախսերը: Ռեմարկը ստորագրում է պայմանագիրը, և վեպը հատվածաբար լույս է տեսնում: 1929-ին՝ վեպի ամբողջական տարբերակի լույսընծայման նախօրեին‚ արդեն 30 հազար օրինակի նախնական պատվեր կար: Լույս տեսնելուց հետո հինգ ամսում վաճառվում է 500 հազար օրինակ, նույն թվականին թարգմանվում է 26 լեզվով ու դառնում Գերմանիայի պատմության մեջ ամենավաճառված գիրքը:
-Ռեմարկի այս ստեղծագործությանը հայ ընթերցողն առաջին անգամ ծանոթացել Ե. Չարենցի թարգմանությամբ: Դժվար ու պատասխանատու չէ՞ր Չարենցից հետո թարգմանելը:
-Բավական պատասխանատու էր: Իհարկե ծանոթ էի Չարենցի թարգմանությանը զուտ որպես ընթերցող: Որքան էլ բարձր եմ գնահատում նրա գործը՝ իբրև առաջին թարգմանություն, պետք է‚ սակայն, նշեմ, որ զուտ լեզվական տեսանկյունից բավականաչափ թերի է թե՛ ուղղագրության‚ բառօգտագործման, թե՛ ռուսաբանությունների կիրառման տեսանկյուններից: Ընդ որում, նշեմ, որ ինչպես նախորդ վեպերում, այս վեպի առաջին թարգմանության մեջ նույնպես կան բացակայող հատվածներ‚ այսինքն՝ հատվածներ‚ որ բնագրում կան‚ թարգմանության մեջ՝ ոչ: Այս հրատարակությամբ ընթերցողին ներկայացնում ենք վեպի ամբողջական տարբերակը:
-«Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպը ինքնակենսագրական հիմք ունի՞: Եվ ի՞նչ ընդհանուր կապ կա նախորդ գործերի հետ:
-Գլխավոր հերոսը՝ Պաուլ Բոյմերը‚ նույն ինքը Ռեմարկն է: Մեր թարգմանած նախորդ վեպերի գլխավոր հերոսները՝ Ռոբբին ու Ռավիկը, նույնպես կերպավորում են հեղինակին: Իսկ բովանդակային տեսանկյունից կասեմ, որ մեկը մյուսի ներքին շարունակությունն է: «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպը սկիզբն էր, երբ Ռեմարկը, որպես 18-ամյա երիտասարդ, աշակերտական նստարանից անմիջապես հետո զինվորական պատրաստության ընդամենը մի քանի դասեր անցնելով, մեկնեց առազմաճակատ: Խիստ սրտառուչ են այն հատվածները, երբ Պաուլ Բոյմերը ներկայացնում է իր տպավորությունները, ապրումները, հուշերը պատերազմից:
Վեպում կա բովանդակային երկու շերտ՝ արտաքին և ներքին: Արտաքին շերտերից մեկը վերաբերում է գլխավոր հերոսներին՝ Պաուլ Բոյմերին և նրա զինակիցներին, թե ինչ փոփոխություներ են տեղի ունենում նրանց կյանքում այդ երկու տարիներին՝ ռազմաճակատի և տան, բարաքների և հիվանդանոցի միջև: Այսինքն՝ մի դեպքում պատերազմն է՝ առաջնագիծը, մյուս դեպքում տունը՝ հարաբերականորեն խաղաղ պայմաններում: Բայց պետք է նշել, որ կարծես ճակատագրի քմահաճույքով՝ Ռեմարկը թե՛ տանը, թե՛ ռազմաճակատում երբեք հանգստություն չգտավ:
-Վեպը քաղաքական ենթատեքստ ունի՞: Արդյոք քաղաքակա՞ն վեպ է, թե՞ ոչ:
-Ժամանակին Ռեմարկը բազմիցս խոսել է այդ մասին, շեշտել, որ վեպը ո՛չ քաղաքական է, ո՛չ պացիֆիստական, խիստ սուբյեկտիվ վեպ է, ներկայացնում է խրամատի հասարակ զինվորի տպավորությունները: Ռեմարկը հետևյալ բնորոշումն է տալիս, որին ինքս այնքան էլ համակարծիք չեմ. «Վեպը շատ առումներով գուցե լիարժեք չէ, որովհետև խրամատի հասարակ զինվորի տեսակետն է ներկայացնում, այսինքն՝ պատերազմական, մարտավարական, քաղաքական, մշակութային, հասարակական և այլ տեսակետները մնում են ստվերում»: Խրամատի հասարակ զինվորի տեսանկյունից‚ ըստ իս, վեպում ակնբախ են վերոնշյալ բոլոր շերտերը, որոնք, թեպետ ոչ ուղղակի, սակայն բովանդակային ներքին շերտերի ձևակերպմամբ‚ ի հայտ են գալիս վեպում:


Ճեպազրույցը՝
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 4343

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ