Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Yerevan Book Fest-ը կանցկացվի փոքր կենտրոնում

Yerevan Book Fest-ը կանցկացվի փոքր կենտրոնում
02.10.2018 | 01:08

Գրքի երևանյան երկրորդ փառատոնի (Yerevan Book Fest )շրջանակում հայտարարված գրական մրցույթի մասին զրուցել ենք մշակույթի նախարարության գրական ծրագրերի համակարգող, փառատոնի գեղարվեստական մասի պատասխանատու ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ: Մրցութային ուղղություններն են՝ արձակ և պոեզիա: Մրցութային անվանակարգերի հաղթողները կստանան դրամական պարգև: Հաղթողները կստանան մրցանակային ֆոնդի 60 տոկոսը, մնացյալ 40 տոկոսը հեղինակներին կփոխանցվի այն ժամանակ, երբ վերջիններս հրատարակիչ գտնեն՝ հաղթած ստեղծագործությունը (վեպ, վիպակ, պատմվածաշար, բանաստեղծություններ) ներառող գրքի լույսընծայման համար: Գրքի երևանյան փառատոնին ներկայացվող ստեղծագործությունները նախկինում առանձին գրքով հրատարակված չպետք է լինեն:

-Արմեն, անցած փառատոնը մեծ հնչեղություն ունեցավ, մի քանի օր Երևանում իրապես գրքի տոն էր: Կարծում եք` կպահպանվի՞ ոգևորությունը: Ինչո՞վ է առանձնանալու փառատոնն այս տարի: Պահպանվելու՞ է միևնույն ձևաչափը:
-Վստահ եմ, որ այս տարի ոչ միայն պահպանվելու է ոգևորությունը, այլև ավելի է ընդգծվելու փառատոնի դերն ու կարևորությունը, ինչի համար կան բոլոր պայմաններն ու նախադրյալները: Ինչու՞, որովհետև շատ բաներ անցյալ տարի անում էինք առաջին անգամ, այս տարի և՛ գրքի փառատոն կազմակերպելու հմտությանն ենք տիրապետում, և՛ վստահ եմ, որ ավելի լավ է անցնելու: Այդ մասին է խոսում նաև ստեղծագործական մրցույթին ուղարկված հայտերի առատությունը: Թեև նախորդ տարի նույնպես շատ էին հայտերը, բայց պետք է հաշվի առնենք, որ այս տարի մրցույթն ընդամենը երկու անվանակարգում ենք հայտարարել: Բավականին գործեր կան ու դեռ էլի ուղարկվելու են (հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 5-ն է)։
Փառատոնի անցկացման վայրը չեմ կարող ասել, դեռ հստակեցվում է: Բայց ընդգծեմ, որ փոքր կենտրոնում է լինելու: Բոլոր բաղադրիչները պահպանվելու են` բեմական հատված, շնորհանդեսներ, քննարկումներ, երաժշտական համարներ, գրքի շնորհանդես-տոնավաճառ և մրցույթ, որը կամփոփվի փակման արարողության ժամանակ:
-Գրքի երևանյան առաջին փառատոնն անցկացրեց «Միհր» կազմակերպությունը: Այս տարի ու՞մ է վստահվում կազմակերպչական մասը:
-Մշակույթի նախարարությունն այս տարի մրցույթ հայտարարեց կազմակերպիչ ընտրելու համար, սակայն որևէ կազմակերպություն չընտրվեց: Որոշվեց, որ նախարարութունն ինքը կկազմակերպի Գրքի երևանյան փառատոնը: Կարծում եմ, մենք ունենք բավականաչափ փորձ, ինչի արդյունքում նաև բավականին ֆինանսական միջոցներ կտնտեսվեն:
-Անցյալ անգամ դժգոհություններ կային հանձնախմբի անդամների անունները նախապես չհրապարակելու առումով: Հատկապես փորձառու գրողներն ուզում էին նախապես հասկանալ՝ ովքեր են ընթերցելու-գնահատելու իրենց գործերը: Այս տարի հանձնախմբի կազմը ինչպե՞ս է ընտրվել, ի՞նչ սկզբունքով: Հրապարակվելու՞ են անուններ:
-Հանձնախմբի կազմում ընդգրկվում են ոչ շահառու մարդիկ, ովքեր որևէ հրատարակչության հետ չեն աշխատում, հայտ չեն ուղարկել, կամ իրենց հետ ազգակցական կապ ունեցող որևէ գրող հայտ չի ուղարկել: Մենք սիրով պատրաստ ենք հանձնախմբի կազմը հրապարկելու: Որևէ պատճառ չկա թաքցնելու, որովհետև, ի տարբերություն անցյալ տարվա, այս տարի գրողներն իրենց ստեղծագործություններն անանուն չեն ուղարկում:
-Անցած անգամ հիմնականում գրական միջավայրում հայտնի անուններ արժանացան մրցանակների, անծանոթ անունները քիչ էին: Այս առումով բացահայտումներ եղա՞ն:
-Անցած փառատոնում, օրինակ, մանկապատանեկան անվանակարգում հաղթողը հայտնի չէր գրական շրջանակում: Կարող են մանակցել ու հաղթել նաև քիչ հայտնի անունները: Դա բնականոն է, քանի որ մասնակիցների թիվը մեծ է: Այս տարի նույնպես կան և՛ նոր, և՛ հայտնի անուններ:
-Իսկ ՀՀ մարզերից, Արցախից մասնակիցներ կա՞ն:
-Այո, և՛ Արցախից կան, և՛ ՀՀ մարզերից, և՛ Սփյուռքից, նաև զինծառայողներ կան:
-Մրցանակակիրների գրքերը հրատարակվեցի՞ն: Որոշակի ժամկետ կա՞ սահմանված:
-Մի մասը հրատարակվել է, մի մասն էլ հրատարակչությունները խոստանում են հրատարակել մինչև գրքի Երևանյան փառատոնը, որպեսզի փառատոնի ժամանակ դրանց շնորհանդեսները տեղի ունենան:
-Անցյալ տարի Yerevan Book Fest-ը մեկնարկեց Բաղանիսին գրքեր նվիրելու ակցիայով: Շարունակվելու՞ է սահմանամերձ շրջանների գրադարանները համալրելու միջոցառումների ձևաչափը:
-Ազգային գրադարանում կուտակված են պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված հազարավոր գրքեր, որոնք մինչև տարեվերջ բաշխվելու են սահմանամերձ գյուղերի դպրոցներին և համայնքային գրադարաններին:
-Ամփոփելով` ի՞նչ կասեք, կա՞ն բաներ, որ պետք է վերանայել, կամ կարելի էր այլ կերպ անել, բայց չի արվել:
-Կարծում եմ, ֆինանսական առավել մեծ հնարավորություններ ունենալու պարագայում, կարելի էր անվանակարգերը շատացնել, ավելացնել դրամատուրգիա, մանկապատանեկան գրականություն, գրքի ձևավորում, գրքի նկարազարդում, նաև ավելացնել հորիզոնականների քանակը` սահմանելով երրորդ, չորրորդ և հինգերորդ հորիզոնականներ:

Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3692

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ