Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Իրավիճակ է փոխվել նաև Մնջախաղի թատրոնի համար

Իրավիճակ է փոխվել նաև Մնջախաղի թատրոնի համար
13.11.2018 | 02:17

Դարձյալ օրակարգում է հայտնվել Մնջախաղի թատրոնի սեփական տարածք չունենալու հարցը: 20 տարվա պայքարից հետո, ի վերջո, որոշվել էր լուծել խնդիրը` Գրապալատի շենքը հատկացնելով թատրոնին: Այս տարի ապրիլին պետք է կայանար տարածքի շինարարության մրցույթը, ինչը հետաձգվել է քաղաքական հայտնի իրադարձությունների պատճառով: Երկրում իրավիճակ փոխվեց: Մնջախաղի թատրոնը նույնպես անմասն չմնաց փոփոխությունից: Նոր իշխանությունները չեղյալ հայտարարեցին հների որոշումը, ինչպես թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն է նշել` մի քանի պատճառաբանություններով. գրապալատի շենքը հուշարձան չէ (թեև շատ այլ պատմական արժեք ունեցող շենքերի պես հուշարձանների ցուցակում ընդգրկված չէ), և էլի մի պատճառ` նպատակահարմար չէ գումար հատկացնելը:


Թեմայի շուրջ զրուցեցինք երգահան ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ հետ:
Թատրոնին շենքից զրկելու սույն պատճառաբանությունները լսելով` երգահանն ասաց, որ նախարարության պատճառաբանությունները «անընթեռնելի են», հավանաբար կա ներքին` խոհանոցային խնդիր, որին մենք հասու չենք:


«Ի սկզբանե ասբուրդ է, որ պետական թատրոնը չունի սեփական շենք, դա անկախության շրջանի մեր մշակութային իրողություններից մեկն է: Բայց նաև պետք է հաշվի առնել, որ սելը տեղից շարժվեց, երբ մշակույթի նախարար դարձավ Արմեն Ամիրյանը, որը Ժիրայր Դադասյանի մտերիմ ընկերն էր: Սուբյեկտիվ հանգամանքը, որն ունեցել է իր դերակատարումը նախկինում, ենթադրում եմ, որ նոր կառավարության օրոք այլևս չի աշխատում: Դուք շատ լավ գիտեք, որ այդ շրջանում հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունեցել. մնջախաղի թատրոնին ի վերջո շենք է տրամադրվել, իմ համերգն արգելվել է նախարարության կողմից: Ըստ երևույթին, եկել է ժամանակը շտկելու այդ բոլոր իրողությունները: Մենք պետք է առաջնորդվենք օբյեկտիվ անհրաժեշտություններով, այն է` Մնջախաղի թատրոնն ամեն պարագայում պետք է ունենա սեփական տանիքը»:
Վահան Արծրունու գնահատմամբ` այն, որ այդ թատրոնն իսկապես մեծ վաստակ ունի, գնահատված է աշխարհում, այդ ժանրը ներկայացնող միակ մշակութային կառույցն է Հայաստանում` քննարկման ենթակա չէ:
Մեր դիտարկմանը, թե ներքին խնդիրների պատճառով տուժում են արվեստագետն ու արվեստը, նկատեց. «Կարո՞ղ եք ասել` ո՞վ չի տուժել վերջին 30 տարիներին, բացի ռաբիսի, փոփի ներկայացուցիչներից:


Իսկ հիմա՞: «Հիմա անցումային շրջանում ենք, մինչև ԱԺ-ն չընտրվի, ու նոր կառավարություն չնշանակվի, չենք կարող սթափ գնահատել իրավիճակը: Եթե մենք այդպիսի կեցվածք ընդունենք ու սկսենք վերջնագրերով խոսել, ոչ մի լավ բան չի ստացվի: Ամեն ինչ կորոշվի դեկտեմբերի 9-ին, ու դրանից հետո ծավալվող ընթացքը ցույց կտա` երկիրն ինչ ուղղությամբ է գնում, բարձրաձայնված սոցիալական արդարության և երջանիկ կյանքի տեսլականը աշխատելու՞ է, թե՞ ոչ և ո՞նց է աշխատելու մեր երկրում»:
Մնջախաղի թատրոնի «Գիրք ծաղկանց» ներկայացման մեջ (բեմադրված ըստ Դերենիկ Դեմիրճյանի համանուն պատմվածքի) օգտագործված է Վահան Արծրունու երաժշտությունը, նաև կան հատվածներ, որ գրել է հատուկ այդ ներկայացման համար:
Երգահան ՎԱՉԵ ՇԱՐԱՖՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ երկրում չէր, նոր է վերադարձել, բայց լսել է որ ինչ-որ խնդիրներ կան թատրոնի շենքի հետ կապված. «Մի բան կարող եմ միանշանակ ասել` պետական թատրոնը պետք է ունենա պետական շենք, ու այդ շենքը, թատրոնը պետք է ծառայեն պետությանը: Մենք ունենք մեկ մնջախաղի թատրոն, հոյակապ թատրոն: Եվ եթե մի բան ունենք, պետք է փայփայել, ոչ թե ինչ-ինչ անձնական հարցերից ելնելով փչացնել, խոչընդոտել: Ամեն բան այնքան պարզ է, որ ասելու բան էլ չկա»: Երգահանը հավելեց, որ պատիվ է ունեցել երկու անգամ համագործակցելու այդ թատրոնի հետ երկու ներկայացումներում` «Շերանիկ» և «Այծծես», հույս ունի, որ համագործակցությունը կշարունակվի:


2019-ի մայիսի 18-ին լրանում է թատրոնի 45-ամյակը: Նույն թվականին թատրոնը, ի վերջո, իր հարկի տակ հյուրընկալելու էր մնջախաղի սիրահարներին: Այնինչ նորից կոտրած տաշտակի առաջ են: Իբրև խնդրի լուծում, առաջարկվել է համատեղությամբ պարարվեստի ուսումնարանի դահլիճը, որը, մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավարի պնդմամբ, անմխիթար վիճակում է, բացի այդ, համատեղության կարգով արդեն իսկ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում են:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4149

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ