Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վահագն Մարգարյանի հիշատակին

Վահագն Մարգարյանի հիշատակին
23.11.2018 | 11:30

Երեկ նրան հողին հանձնեցին: Այո, նա ժողովրդական արտիստ չէր, ոչ էլ վաստակավոր: Ընդամենը 23 տարեկան էր ու ամեն ինչ առջևում էր, եթե չլիներ նոյեմբերի 6-ի ավտովթարը Երևան-Աշտարակ ճանապարհի Պռոշյան գյուղի տարածքում: Եթե Հանրապետական հիվանդանոցում, ապա Հերացի բժշակական կենտրոնում կարողանային կոմայից դուրս բերել ու կյանք վերադարձնել: Հույսի ու հրաշքի սպասումի 15 օր ընդամենը ու …Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի 23-ամյա արտիստ Վահագն Մարգարյանը մահացավ նոյեմբերի 20-ին հիվանդանոցում: Իսկ վթարից երկու օր առաջ «Չիպոլինոյի» պրեմիերան էր ու նա` գլխավոր դերում: Հոգեհանգիստը կատարվեց Արմավիրի մարզի Ապագա գյուղի երաժշտական դպրոցում, հուղարկավորությունը` դպրոցից: Ողբերգական մահը և երիտասարդ արտիստի տաղանդը նրա ընկերներին ու երկրպագուներին դրդել էր դիմել Մշակույթի նախարարություն, որ հոգեհանգիստը կատարվի մայր թատրոնում, որ նրա տունն էր դարձել: Թատրոնի տնօրինությունն էլ կողմ էր, բայց նախարար Լիլիթ Մակունցը չի թույլատրել՝ պատճառաբանելով, որ Վահագն Մարգարյանը ժողովրդական արտիստ չէ: Պատրվակ էլ է հնարվել` հարկավոր է նիստ անել, իսկ նիստը կտևի մի քանի օր… Երեկ ասուլիսում մշակույթի նախարարն ասաց, որ ինքն ընդամենը օրենք չի խախտել: Բայց կան դեպքեր, երբ օրենքի տառից պետք չէ կառչել: Օրենքը դոգմա չէ: Վահագն Մարգարյանի մտերիմներին մնում էր օպերայի շենքի աստիճանների վրա մոմավառություն անել` նրա հիշատակը հարգելու: Լիլիթ Մակունցը դա արգելել չէր կարող: Իրականում Լիլիթ Մակունցը նաև երիտասարդ արտիստի վերջին հրաժեշտը մայր բեմում չպիտի արգելեր: Բազմաթիվ արվեստագետների` առանց կոչումների, վերջին հրաժեշտն Օպերայի թատրոնում է կազմակերպվել: Եղել է զանգ, ու հարցը լուծվել է: Իսկ հիմա, երբ զանգեր չեն հնչում, պաշտոնյաներին է մնում որոշումներ ընդունելու իրավունքը ու նրանք գործում են անցյալի կարգուկանոնով, կարծրատիպերով, ու սխալվում են: Ընդամենը 1-2 ժամով թատրոնի նախասրահը երիտասարդ արտիստին հրաժեշտի արարողությանը հատկացնելը վշտակցություն էր նրա հարազատներին ու արվեստի երկրպագուներին, հարգանք նրա տաղանդին, որ պիտի շահեկանորեն տարբերեր հին ու նոր իշխանությունների վերաբերմունքը մարդու նկատմամբ: Մարդու: Բայց տարբերություն չկա` կան հայտարարություններ, ոչ ավելին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Մշակույթի նախարարությունը Վահագն Մարգարյանի ընտանիքի անդամներին առաջարկել է երկու եկեղեցի, որտեղ կարող են կատարել հրաժեշտի արարողությունները, և խոստացել ծախսը փակել: Վահագնի հարազատները հրաժարվել են: Նախ` եկեղեցին հոգեհանգստի ու հուղարկավորության կարգի համար գումար չի վերցնում, միայն` կամավոր նվիրատվություն, հետո դա վիրավորանք է: Մարդիկ ուզում են հարգանք, նրանց առաջարկում են փող: Վահագն Մարգարյանի համար դա արդեն միևնույն է, բայց հարազատներին մի քիչ գոնե մխիթարանք պարգևելը չափազանց ծանր գործ չէր, որ մշակույթի նախարարությունն արգելել է` հետևելով «կարգին»: Լիլիթ Մակունցը երեկ նաև ասաց, որ օպերային թատրոնում հիշատակի երեկո կկազմակերպվի: Փաստորեն «Գնա-մեռի, արի` սիրեմ» ասույթը գործում է` «Գնա-թաղվի, արի` սիրեմ» խմբագրումով:

Դիտվել է՝ 3211

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ