ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Ազատագրել հայկական Աուշվիցը. ե՞րբ կլինի ընդվզումը

Ազատագրել հայկական Աուշվիցը. ե՞րբ կլինի ընդվզումը
24.03.2025 | 11:34

Կա՞ արդյոք որևէ բան, որ այս պայմաններում հայ հասարակությանը հունից կհանի, կվիրավորի՝ քայլ անելու աստիճան։ Կհուզի այնքան, որ առանց հայտնի հարցաշարը ծամծմելու (բա ո՞վ, բա որ նա՜, բա որ հետո՜) կասի՝ ինձ չի´ կարելի նվաստացնել։

Կա՞ մի անդիմադրելի խթան, որ հավերժ կոմֆորտ ու հավերժ անձայն հանրային շերտերը կասեն՝ հերիք է։

Կարծես թե չկա։ Չեղավ պարտությունից հետո, չեղավ Արցախի հանձնումից հետո։ Հիմա աչքի առաջ Արցախի ֆիզիկական քանդումն է գնում, Արարատ ու Ցեղասպանություն են ստիպում ուրանալ, Բաքվի դատերում ծաղրում են մեզ, ու դեռ մտածում ենք, թե վրացիներին 9:1 պարտվելուց հետո հասարակությունը կվիրավորվի՞, կասի՝ հերի՞ք է։ Իհարկե չի ասի։

Եթե Նիկոլը ստիպի, որ իր նախարարները հագնեն Ալիևի ու Մեհրիբանի նկարով մայկաներ՝ կանեն, ու էլի´ ընդվզում չի լինի։ Եթե ԵՊՀ-ում բացեն Ռամիլ Սաֆարովի անվան ամբիոն, ընդվզում էլի չի լինի։

Այս իրավիճակների մասին ամբողջական գիտական աշխատություններ կան, մշակված են ամբողջական տեսություններ։ Համակենտրոնացման ճամբարներում ընդվզում պրակտիկորեն չի եղել. 1-2 դրվագ՝ տասնյակ միլիոնավոր մարդկանց խոշտանգման պատմության մեջ։

Հիմա Հայաստանը և մեր հասարակությունը մոտավորապես նման վիճակում է՝ սեփական անզորության զգացման տակ կքած։ Սա չի նշանակում, որ մենք լավն ենք կամ վատը. սա նշանակում է, որ այսօր վիճակը սա է, և մտածող ու որոշումներ կայացնողները սա միշտ պետք է հաշվի առնեն։

Ինչպես է հնարավոր արթնացնել հայ հասարակությանը.

1. Եթե մի օրում, մի հրաշքով արթնանանք, ու լինի այլ, նորմալ իշխանություն, ապա 2-3 ամիս հետո մենք մեզ չենք ճանաչի։ Հասարակությունն ու նրա պահվածքն անճանաչելիորեն կփոխվեն։ Բայց սա կիրառական տարբերակ չէ։

2. Եթե լինի թիմ՝ անհատ և անհատներ, որոնց կսկսեն հավատալ։ Սկզբում կլինի աստիճական դժվար պրոցես, բայց ճիշտ աշխատելու դեպքում այն կդառնա վարակիչ։ Ոչ մի բան չի կարող կանգնեցնել առողջացման վարակի պրոցեսը։ Այս պրոցեսի պարտադիր պայմաններն են՝ հավատ ներշնչող անձինք, թիմ և ռեսուրսներ։

3. Արտաքին միջամտություն։ Ի վերջո, Աուշվիցն ազատագրվել է դրսից՝ Սովետական զորքի գալով։ Այսօրվա պայմաններում, եթե ունենանք այնպիսի դաշնակից կամ դաշնակիցներ, որոնք կորոշեն փրկել Հայաստանը, այն կփրկվի։ Պատմությունը նման շատ դեպքեր գիտի, այլ պետությունների օրինակներով, բայց այսօրվա պայմաններում նման սցենարը գրեթե անհավանական է։ Մեր ժողովուրդը կարող է ոգևորվել ու հույսով լցվել Մակրոնի ցավակցական կամ խրախուսական հեռագրերից, բայց չնկատել, որ Ֆրանսիան կտրուկ մեծացրել է իր ներդրումներն Ադրբեջանում։

Փոփոխությունը՝ ներսից. Ճիշտ Հայաստան

Եթե հրաշքը դնում ենք մի կողմ, ապա մնում է մեկ ռացիոնալ ճանապարհ՝ հավատ ներշնչող թիմեր և զգալի ռեսուրս՝ սեփական հասարակության հետ աշխատելու համար։ Առանց դրա ո´չ փողոցային ընդզվումն է արդյունք տալու, ո´չ հերթական կամ արտահերթ ընտրությունները։ Թիմեր, որոնք սկզբում կփոխեն հասարակական տրամադրությունները, որից հետո կյանքն ինքը կասի՝ ինչպես և երբ անել վճռական փոփոխությունը՝ արտահերթ, հերթական ընտրություններով, փողոցով և այլն։ Այդ դեպքում մենք կստանանք նաև արտաքին աջակցություն, ոչ թե՝ դրսից մեր կործանումը ողջունող ուղերձներ։ Չե՞նք անի, ուրեմն հետ կդառնանք պատմության այն փուլին, երբ դեպի Վրաստան սեզոնային աշխատանքի մեկնող հայերի համար նախատեսված էր հատուկ գնացքի վերջին վագոնը։ Երեկ Թբիլիսիում մոտավորապես նույն բանն էր։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3961

Մեկնաբանություններ