Սա պարզապես հիշողություն չէ պատմական մի հրաշքի՝ երկնքում Խաչի տեսիլքի, այլ խոր խորհրդանիշ՝ տեսնելու այն, ինչ սովորաբար մնում է աչքից ու հոգուց ծածկված։
Խաչը երևում է ոչ միայն վերևում, այլև ներսում։ Դա չի նշանակում միայն մի նշան՝ լույսի մեջ երևացող, այլ ճշմարտություն, որ գալիս է լուսավորելու մեր ներաշխարհի խավարները։
Խաչը Աստծո խոսքն է՝ արտահայտված ոչ թե բառերով, այլ զոհաբերությամբ, լռությամբ և սիրով։
Սուրբ Գրիգոր Նարեկացին Խաչը կոչում է «անհաս նամակ»՝ գրված աշխարհի բոլոր լեզուներով, բայց հասկանալին միայն նրան, ով տեսնում է իր մեղքի խորությունը և Աստծո սիրո անսահմանությունը։
Սուրբ Խաչի երևման խորհրդի մեջ մենք տեսնում ենք աշխարհը փրկող ճշմարտությունը՝ միևնույն ժամանակ խոնարհ և հզոր, համեստ և փառավոր։ Խաչը չի ստիպում հավատալ։ Այն միայն երևում է, ինչպես արևը՝ ամպերից այն կողմ, որպեսզի մեր սիրտը ցանկանա բացվել նրա լույսին։
Խաչը՝ որպես խորհրդանիշ, միավորում է երկինք և գետին, Աստված և մարդ, ցավ և փրկություն։
Երբ մենք կանգնում ենք Խաչի առաջ, իրականում կանգնում ենք այն Մեկի առաջ, ով մեզ սիրեց մինչև խաչելություն։ Այդ պահը փիլիսոփայական իմաստով վերափոխում է մեր հայացքը դեպի աշխարհը՝ վիշտն այլևս վերջաբան չէ, այլ ճանապարհ դեպի հաղթություն. մահը այլևս վերջ չէ, այլ անցում դեպի կյանք։
Թող Սուրբ Խաչի երևման այս տոնը լինի մեզ համար աչքերի բացման տոն։ Ոչ միայն ֆիզիկական աչքերի, այլ հոգու, խղճի, ներքին տեսողության։ Որպեսզի խաչը մեզ համար չմնա միայն եկեղեցու գմբեթի վրա կամ մեր պարանոցի զարդը, այլ դառնա մեր կյանքը փոխող, սրբացնող և ապրեցնող իրականություն։
«Խաչդ քեզ պահապան լինի»՝ թող այլևս չլինի միայն օրհնության խոսք, այլ դառնա վկայություն մեր կյանքի՝ խաչափառ ու խաչակիր լինելու։
Տեր ՀԵԹՈՒՄ ՀԵԹՈՒՄ
Bottom of Form