Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

«ԳԼԽԱՎՈՐ ԽՆԴԻՐԸ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՆ Է»

«ԳԼԽԱՎՈՐ ԽՆԴԻՐԸ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՆ Է»
30.09.2011 | 00:00

Ոչ լրիվ քառասուն օր է մնացել Ֆրանսիայում կայանալիք ծանրամարտի աշխարհի հերթական առաջնության մեկնարկին: Հաշվի առնելով Անթալիայում կայացած աշխարհի նախորդ առաջնությանը տղամարդկանց մեր ազգային ընտրանու թույլ մասնակցությունը (պատճառներն օբյեկտիվ ու սուբյեկտիվ են, ժամանակին այս մասին հնարավորինս մանրամասն խոսել ենք), անկասկած է, որ Փարիզը լինելու է բախտորոշ առաջիկա օլիմպիական խաղերին առավելագույն թվով մասնակցություն ապահովելու առումով: Խնդիրը կրկնակի է բարդանում նաև նրանով, որ մեր մրցակիցներն էլ քնած չեն, նրանք էլ իրենց առավելագույն մասնակցությունը հավաստելու կամ պակաս տեղերը լրացնելու խնդիր ունեն (հիշեցնենք, որ տղամարդկանց համար դրանք վեցն են): Այնպես որ, դյուրին չի լինելու, մանավանդ որ մեր հավաքականի պարագայում կան բազմաթիվ «մանավանդներ», որոնց ու ընթացիկ այլ հարցերի շուրջ է ընտրանու գլխավոր մարզիչ ՊՈՂՈՍ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ մեր զրույցը:
-Վնասվածքների պատճառով այս տարվա Եվրոպայի առաջնությունը բաց թողեցին մեր լավագույն չորս մարզիկները, և Կազանում մենք, փաստորեն, հանդես եկանք երկրորդ կազմով,- ասաց գլխավոր մարզիչը:- Ասել է թե` Կազանը չէր կարող ու չտվեց էլ հավաքականի մարտունակության մասին լիակատար պատկերացում: Իրենց վերջին մրցելույթներից հետո բաց թողած ողջ ժամանակահատվածը Տիգրան Գևորգի Մարտիրոսյանը, Արա Խաչատրյանը, Ռուբեն Ալեքսանյանն ու Առաքել Միրզոյանը ծախսեցին վնասվածքները բուժելու, կազմ ու պատրաստ վիճակով շարք վերադառնալու վրա: Այս առումով, այս պահի դրությամբ, ես անհանգստություն չունեմ, և մեր վերջին ուսումնամարզական հավաքները նպատակաուղղել ենք նրանց տեխնիկատակտիկական, ֆիզիկական բաղադրիչներն օպտիմալ վիճակի բերելուն: Հավաքականում պարապմունքներն ընթանում են համաձայն հաստատված գրաֆիկի, վերընթացով, մթնոլորտը գերազանց է, տղաները մեկը մյուսին խոր հարգանքով են վերաբերվում:
-Դուք նշում եք յոթ մարզիկի անուն, սակայն մարզադահլիճում ես տեսնում եմ ընդամենը հինգին:
-Առաքել ու Արայիկ Միրզոյաններն անձնական մարզչի ղեկավարությամբ առաջին ուսումնամարզական հավաքներն անցկացրել են իրենց բնակավայրում, ապա շարունակել Ծաղկաձորում, սակայն շուտով կմիանան ընդհանուր կորիզին: Մենք ուսումնամարզական մի հավաք էլ կունենանք Ծաղկաձորում, ապա կմեկնենք Ռուսաստանի Դաշնություն` Պոդոլսկի օլիմպիական մարզաբազա, որտեղ կանցնենք եզրափակիչ պատրաստությունն ու այնտեղից էլ ուղղություն կվերցնենք Փարիզ:
-Պարոն Պողոսյան, ինքներդ էլ շատ լավ գիտեք, որ հանրապետությունում մարզաձևի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք կա, ծանրամարտիկներից սպասումներն առավել քան մեծ են: Ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ:
-Մեր առաջին ու գլխավոր խնդիրն օլիմպիադային մասնակցելու համար վարկանիշային միավորներ ձեռք բերելն է, ապա նոր մեդալների մասին մտածելը: Ասացի, որ մեկնում ենք յոթ մարզիկով, սակայն, ինչպես պահանջում է կարգը, պիտի հայտավորենք վեց մարզիկի ցուցանիշ ու դա պիտի անենք նախապես:
-Հիշեցրեք, թե ինչու վեցը:
-Օլիմպիադային մասնակցելու իրավունք ունի վեց մարզիկ:
-Աշխարհի առաջնության համար ո՞ր մարզիկների անուններն եք հայտավորելու:
-Բնականաբար, նրանց, ովքեր նախամեկնարկային փուլի արդյունքներով թիմի համար կկարողանան ապահովել առավելագույն միավորներ:
-Հավաքականում երեք զույգ մարզիկներ ներկայացնում են 69, 77 և 85 կգ քաշային կարգերը: Հաշվի առնելով, որ հաշվարկային միավորների առումով թիմն իրավունք չունի երկուսից ավելի քաշային կարգում հայտավորել երկուական մարզիկ, կնշանակի…
-…կնշանակի, որ Ձեր հիշատակած քաշային կարգերից մեկի մարզիկներից մեկը հանդես կգա հաշվարկից դուրս, այսինքն, թիմին միավորներ չի բերի, սակայն կպայքարի մրցանակային տեղի համար:
-Ի՞նչ մարտավարություն է որդեգրելու մարզչական կորպուսը:
-Զգուշավոր։ Դա է պահանջում առկա իրավիճակը:
-Մանրամասնեք:
-Որքան էլ Տիգրան Գևորգի Մարտիրոսյանն ու Արա Խաչատրյանը փորձառու են ու հեղինակավոր, այդուհանդերձ, չի կարելի հաշվի չնստել այն իրողության հետ, որ շուրջ մեկ տարի նրանք մեծ մրցահարթակում չեն եղել: Այդ նույն մրցահարթակից ավելի երկար ժամանակով բացակայել են Ռուբեն Ալեքսանյանն ու Առաքել Միրզոյանը: Չթերագնահատելով մյուս մարզիկներին` եկեք չմոռանանք, որ այս քառյակը մեր ընտրանու հարվածային ուժն է: Այնպես որ, մարզիչներս պիտի շատ ուշադիր լինենք, շատ զգույշ, պատվերների մեջ չափված-ձևված, կշռադատված, մոտեցումների հարցում կատարելապես համոզված:
-Պատրաստվածության առումով այս պահի դրությամբ հատկապես ո՞ւմ կառանձնացնեիք:
-Էթիկայի կանոնները մարզչին թույլ չեն տալիս նման հարցի պատասխանել:
-Էթիկան թույլ չի տալիս, իսկ մարզասերն անհամբեր է:
-Այդ դեպքում եկեք հարցը ձևակերպենք այսպես` ո՞ր մարզիկներն են այս պահի դրությամբ գոհացնում:
-Հաշվեք, որ հարցը տրվել է Ձեր ներկայացրած խմբագրմամբ:
-Տիգրան Մարտիրոսյանի մասին չեմ խոսի: Այս մարզիկը վաղուց է իրեն հաստատել որպես ընտրանու առաջատար և լրացուցիչ հուշումների կարիք չունի: Գոհ եմ Ռուբեն Ալեքսանյանի նպատակասլացությունից, գործի նկատմամբ Սամվել Գրիգորյանի ունեցած լրջությունից: Վերջինիս հատկապես եմ շեշտադրում, որովհետև հավաքականում համեմատաբար ուշ է հայտնվել, սակայն ուրախացնում է իր հասունությամբ: Եթե ճիշտն եք ուզում իմանալ, սկզբունքորեն ավելի լավ է այդպիսի մի տասը տղա ունենալ, քան մի քիչ ավելի բարձրակարգ մարզիկ ու թաթալաբազ, ինչպես գյումրեցիներդ եք ասում։
-Թիմում թաթալաբազներ կա՞ն:
-Ի՞նչ եք կարծում` ո՞րն է լինելու իմ պատասխանը:
-Ի պաշտոնե, բնականաբար, պիտի ասեք` ոչ:
-Ընդհանրապես, գոյություն ունի մի անխախտ սկզբունք. երբ մարզիկը հավաքականում մրցակից չի ունենում, նա լիարժեք ձևով չի մարզվում: Սա լրացուցիչ հոգս ու մտահոգություն է մարզչի համար: Բարեբախտաբար, հավաքականում մենք նման կարգի անհանգստություն չունենք:
-Պարոն Պողոսյան, Դուք լիաժեքորեն համոզվա՞ծ եք, որ այսօր այս տղաներից լավը չունենք:
-Մենք ընտրել ենք եղածներից լավերին:
-Չեմ կարող չանդրադառնալ 69 կգ քաշային կարգին, որովհետև ունեցած պոտենցիալի առումով այն մեզ համար դժվարագույնն է լինելու: Ի՞նչ եք կարծում` կարողանալո՞ւ ենք այստեղ համաշխարհային ծանրամարտի ուժեղագույնների հետ կռիվ տալ:
-Եկեք ամեն ինչ չչափենք մեդալներով, թեպետ ասածս չի նշանակում վաղօրոք հրաժարում դրանից: Թող Սամվել Գրիգորյանն ու Վանիկ Ավետիսյանն ինձ բարձր միավորներ բերեն, ես լիովին բավարարված կլինեմ:
-Եվս մեկ հարց. Դուք կարծում եք, որ հավաքականում բոլոր քաշային կարգերո՞ւմ են ուժերը հավասարազոր:
-Յուրաքանչյուր մարզիչ կերազեր, որ այդպես լիներ: Սակայն երազանքը մի բան է, իրականությունը` մեկ այլ բան:
-Պայմանավորվենք այսպես` Փարիզից կվերադառնաք հաղթական, ու շատ ավելի բարձր տոնայնությամբ զրույց կունենանք:
-Կկարողանա՞ք այդքան համբերել… Բացի այդ, մեր զրույցներն այդ ե՞րբ են դադարել, որ նման նախապայման եք դնում: Ինչ վերաբերում է հաղթական վերադարձին, ձայնդ Աստված լսի:
-Հանգիստ եղեք` ոչ թե կլսի, այլ արդեն լսել է: Հայկական ծանրամարտը չի կարող թույլ լինել:
-Այդ դեպքում ես էլ պատասխանեմ հայկական առածով. «Շաքար խոսքին շարբաթ ասել չի լինի»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1811

Մեկնաբանություններ