«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Կայսերական մտածողության բացակայությունը. ինչո՞ւ ենք աշխարհին նայում «ներքևից»

Կայսերական մտածողության բացակայությունը. ինչո՞ւ ենք աշխարհին նայում «ներքևից»
12.10.2026 | 11:06

Մենք՝ հայերս, կամ առավել ևս հայաստանաբնակ հայերս, միջազգային հարաբերությունների և քաղաքականության մասին աղճատված պատկերացումներ ունենք, որովհետև աշխարհին նայում ենք ներքևից՝ ենթակա ու հալածյալ ժողովրդի դիտանկյունից, ում միշտ փրկիչներ են պետք։ Սա է պատճառը, որ մինչ օրս շատերի մոտ խաթարված է «թշնամի-բարեկամ» հասկացությունը։
Մենք կայսրություններին վատ ենք հասկանում՝ ինչպես երկինքը երկրին։ Մեղադրում ենք նրանց մեր տառապանքների համար ու երբեք մեզ հարց չենք տալիս. «Ինչպե՞ս կվարվեինք, եթե մենք լինեինք այդ կայսրության փոխարեն»: Մենք երբեք մեզ չենք հարցնում, թե ինչպե՞ս բյուզանդական գահին բազմած հայերը հանկարծ դարձան կայսրությանն ավելի հավատարիմ, կամ Ռուսական կայսրության բարձրաստիճան հայերն ինչո՞ւ ավելին արեցին ու տվեցին այդ կայսրությանը։ Նույնը՝ Ֆրանսիական, Պարսկական և նույնիսկ Օսմանյան կայսրությունների բարձրաստիճան հայերի պարագայում։
Շատերին թվում է, թե նրանք դարձել էին պակաս հայրենասեր կամ պակաս ազգասեր, ինչն, անշուշտ, այդպես չէ։ Պարզապես կայսրություններն ունեն կառավարման բոլորովին այլ տրամաբանություն, որը պահանջում է իրադարձություններին նայել ավելի լայն դիտանկյունից՝ ավելի բարձրից, և ընկալել աշխարհը որպես մեկ միասնական շախմատի տախտակ։ Իսկ ներքևից վերև նայողները միշտ տեսնում են միայն այն, ինչ իրենց ցույց են տալիս։ Կարճ հորիզոնը թույլ չի տալիս նայել ու ծրագրել դեպի հեռուն, աշխարհն ընկալել ո՛չ թե «չարի ու բարու» սահմանազատմամբ, այլ որպես մեծ շախմատային խաղ, որտեղ ուժեղն ու հեռատեսը հաղթում են, իսկ կարճատեսն ու տգետը՝ պարտվում։
Այսօր էլ հայերիս ներշնչել են կայսրությունների բախման մեջ «չարի ու բարու» պայքարի գաղափարը. մի մասը հայհոյում է Ռուսաստանին, մյուս մասը՝ ԱՄՆ-ին։ Նորից նույն հիմարությունը, ինչ դարեր շարունակ...
Շատերը թուրքերին համարում են լավ դիվանագետներ։ Պատճառն այն չէ, որ նրանք մեզանից տաղանդավոր են, այլ այն, որ նրանք ունեն կայսերական մտածողություն. աշխարհին նայում են որպես մեծ շախմատի տախտակ։ Մինչդեռ մենք նայում ենք բարու և չարի, ճնշողի և ճնշվողի դիտանկյունից, ու քանի որ տեսնում ենք, որ բոլորն էլ ճնշող են՝ հիասթափվում ենք, նեղանում, անիծում ու շարունակում նոր փրկիչ փնտրել։
Փրկիչներ աշխարհում չկան, չենք լինի նաև մենք. կան միայն շահեր, ու օգնում են նրան, ումից շահ ունեն։ Սա՛ է աշխարհի էությունը... Մենք ընդամենը երկու ճանապարհ ունենք՝ կա՛մ համալրել ճնշողների շարքերը, կա՛մ համակերպվել ճնշվողի կարգավիճակին։ Սա է կյանքի ու աշխարհի օրենքը, իսկ մնացած ցանկացած համոզմունք վաղ թե ուշ բախվելու է այս դաժան օրինաչափությանը։

Արա Լ․ՊՈՂՈՍՅԱՆ
Դիտվել է՝ 470

Մեկնաբանություններ