Լեհաստանում ավարտվեց շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Եզրափակիչ իններորդ տուրում տղամարդկանց մեր ընտրանու մրցակիցը Ադրբեջանի հավաքականն էր, որը, Ֆրանսիայի ընտրանու հետ, մեկ միավորով առաջ էր մեզնից ու միայն ի հաշիվ լրացուցիչ գործակիցների էր գտնվում երկրորդ հորիզոնականում: Հաղթանակը մեր գրոսմայստերներին հնարավորություն կտար հռչակվելու աշխարհամասի չեմպիոն, քանզի դժվար էր հավատալ, որ իրենց համար կարևորագույն նշանակության հանդիպումում ռուսները կզիջեին ֆրանսիացիներին: Սկզբունքորեն այդպես էլ եղավ, սակայն` միայն ռուսների մասով: Նրանք հաղթեցին, իսկ մեր տղաները խաղացին ոչ-ոքի` ադրբեջանցիների համար ճանապարհ բացելով աղյուսակի առաջին հորիզոնական: Ոչ-ոքին մեր ընտրանուն դուրս մղեց մրցանակային եռյակից, որի երկրորդ հորիզոնականում ֆրանսիացիներն են, երրորդում` ռուսները: Ինչ վերաբերում է հայ շախմատիստուհիներին, եզրափակիչ տուրում նրանց մրցակիցը հունգարուհիներն էին: Այստեղ էլ գրանցվեց 2:2 արդյունքը: Կանանց թիմայինի հաղթողներն ուկրաինուհիներն են, ովքեր իրենց չեմպիոնական հավակնությունները հավաստել էին վաղօրոք: Երկրորդը ռուսներն են, երրորդը` տանտերերը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ