Եվրոպական առաջնորդները Կանադայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում կփորձեն Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես միջնորդ ներգրավելով Պարսից ծոցի առաջնորդներին: Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները պատրաստվում են բանակցություններ վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Իրանը կկատարի՞ ԱՄՆ-ի պահանջը՝ դադարեցնել ուրանի հարստացումը երկրում, ինչը Թեհրանի համար նախկինում կարմիր գիծ էր։               
 

Երկուսում փաստացի խնդիր չկա, երեքում դեռ ճամփա կա անցնելու

Երկուսում փաստացի խնդիր չկա, երեքում դեռ ճամփա կա անցնելու
11.03.2014 | 12:25

Խոսքը եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնություններում ծավալված չեմպիոնական մրցավազքի մասին է: Գերմանիայի ու Իտալիայի առաջնություններում անհավանական ինչ-որ բան պիտի լինի, որ «Բավարիան» ու «Յուվենտուսը» չդառնան չեմպիոններ, մինչդեռ իսպանականում, անգլիականում ու ֆրանսիական բավական ջրեր կան հոսելու:

ԳԵՐՄԱՆԻԱ
Բունդեսլիգայի առաջնությունում կրկին անգերազանցելի էր Մյունխենի «Բավարիան», որը միավորների ահռելի առավելություն ունի առաջատար եռյակը կազմող մյուս երկու ակումբների՝ Դորտմունդի «Բորուսիայի» ու «Բայերի» նկատմամբ: 24-րդ տուրում բավարացիների հերթական զոհը վեց անգամ գնդակը սեփական դարպասից հանած «Վոլֆսբուրգն» էր: Խաղն ավարտվել է 1:6 հաշվով: Վերջին երեք տուրերում կրած պարտություններից հետո «Հաննովերի» հետ խաղում առաջին միավորը վաստակեց «Բայերը» (1։1): «Ֆրայբուրգի» դաշտում հաղթանակ է տոնել Դորտմունդի «Բորուսիան» ու 48 միավորով ամրապնդվել երկրորդ հորիզոնականում՝ չորսով առաջ անցնելով «Բայերից»: Ինչ վերաբերում է 68 միավոր ունեցող «Բավարիային», գործնականում այն լուծել է երկրի չեմպիոնության հարցը: Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի խնդիր է:

ԻՏԱԼԻԱ
Ա սերիայի 27-րդ տուրի գլխավոր հանդիպումը, անշուշտ, «Նապոլի»-«Ռոմա» դիմակայությունն էր: Հաղթելու դեպքում առաջինը հաստատապես իր համար կապահովագրեր աղյուսակի երրորդ հորիզոնականը, քանի որ չորրորդ տեղում ընթացող «Ֆիորենտինայից» միավորների տարբերությունը կհասցներ տասի, ինչն այնքան էլ դյուրությամբ հաղթահարելիք արգելք չէ, եթե չասենք՝ անհնարին, իսկ երկրորդը, թեկուզև աղոտ, այնուամենայնիվ հնարավորություն էր պահպանելու առաջին տեղի համար մղվելիք պայքարում: «Մենամարտում» առավել հաջողակ գտնվեցին նեապոլցիները: Դրան լիովին բավարարեց մրցակցի դարպասը խփած միակ գնդակը: Ինչ վերաբերում է առաջատարին, «Յուվենտուսը» կրկին հաղթանակած հեռացավ խաղադաշտից (1:0): Ի դեպ, նրան քննություն հանձնողը «Ֆիորենտինան» էր, հենց այն թիմը, որից առաջին շրջանում կրած 2:4 հաշվով պարտությունից հետո սկսվեց «Ծեր սինյորայի» աստիճանական վերելքը մրցաշարային աղյուսակում: Թուրինյան թիմին 26 խաղից հետո 58 միավորով հաջորդում է «Ռոման»՝ նրանից պակաս ունենալով 14 միավոր: Երրորդը 27 խաղից հետո 55 միավոր ունեցող «Նապոլին» է:

ԱՆԳԼԻԱ
Երկրի առաջնության 29-րդ տուրում «Չելսին» լոնդոնյան դերբիում չորս անպատասխան գնդակի տարբերությամբ պարտության մատնեց «Տոտենհեմին» ու 66 միավորով շարունակում է ընթանալ առաջին տեղում: Նկատենք, որ այստեղ մրցաշարային աղյուսակի մասին սկզբունքորեն դժվար է պատկերացում կազմել՝ նկատի ունենալով թիմերի ունեցած հանդիպումների քանակը, որը պայմանավորված է գավաթային խաղերում առաջատարների զբաղվածությամբ: Այսպես, այս հանգստյան օրերին «Արսենալը» մրցելույթ ուներ Անգլիայի գավաթում, որտեղ 4:1 հաշվով մեկ քառորդի հանդիպումում պարտության մատնեց «Էվերտոնին»: «Չելսիի» համեմատ երեք պակաս խաղ ունի անցկացրած չորրորդ հորիզոնականում գտնվող «Մանչեստր Սիթին», որը պոտենցիալով լոնդոնյան ակումբի հետ կարող է հավասար միավորներ ունենալ: Ի դեպ, «Մանչեստր Սիթին» ձախողեց «ՈՒիգանի» հետ գավաթային կիրակնօրյա հանդիպումը՝ պարտություն կրելով 1:2 հաշվով: Ինչ վերաբերում է «Լիվերպուլին», այն 28 խաղից հետո 59 միավորով «Արսենալի» հետ կիսում է երկրորդ-երրորդ հորիզոնականները:

ԻՍՊԱՆԻԱ
Լա լիգայում միանգամայն անակնկալ պարտություն կրեց «Բարսելոնը»` նվազագույն հաշվով զիջելով տանտերերին՝ «Վալյադոլիդ» ակումբին, զիջելով նաև աղյուսակի երկրորդ հորիզոնականը: Կատալոնյան ակումբի վրիպումից շտապեց օգտվել Մադրիդի «Աթլետիկոն»: Հյուրընկալվելիս այն 2:0 հաշվով առավելության հասավ «Սելտայի» նկատմամբ: Իսկ տուրն անհամեմատ շահեկան եղավ Մադրիդի «Ռեալի» համար: «Լևանտեի» նկատմամբ 3:0 հաշվով արքայական ակումբի տոնած հաղթանակը նրան համապատասխանաբար երեք ու չորս միավորի առավելություն ապահովեց մոտակա մրցակիցների նկատմամբ: Չեմպիոնական մրցավազքից հետ չընկնելու համար «Բարսելոնին» ոչինչ չի մնում, բացի արքայական ակումբի նկատմամբ հաղթանակ տանելուց, ինչը բավական պրոբլեմային է ներկայանում կատալոնյան ակումբի այսօրինակ խաղի դեպքում, երբ միավորներ է կորցնում անգամ աղյուսակը եզրափակողների հետ խաղում:

ՖՐԱՆՍԻԱ
Բարձրագույն դիվիզիոնի 28-րդ տուրում «Բաստիայի» նկատմամբ տոնած 3։0 հաշվով հաղթանակից հետո «Պարի Սեն Ժերմենը» 67 միավորով էլ ավելի է ամրապնդել առաջատարի դիրքերը: Հաղթանակով են ավարտել իրենց հանդիպումները նաև «Մոնակոն» ու «Լիլը»: Առաջինը 2:1 հաշվով պարտության է մատնել «Սոշոյին», երկրորդը 2:0 հաշվով առավելության է հասել «Մոնպելիեի» նկատմամբ: «Մոնակոն» ունի 58, «Լիլը»՝ 52 միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 810

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ