Շուրջ քսան տարի կատալոնյան ակումբին նվիրաբերած Կառլես Պույոլն այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի իր լեգենդար ակումբը: «Մրցաշրջանի ավարտից հետո ես կդադարեմ «Բարսելոնի» ֆուտբոլիստ լինելուց: Մենք կխզենք պայմանագիրը: Վնասվածքից վերականգնումը ստացվեց ավելի ծանր, քան ենթադրվում էր: Ես այլևս չեմ կարող խաղալ այն մակարդակով, որով կցանկանայի: Ես ամեն ինչ կանեմ, ինչն իմ ուժերի սահմանում է, սակայն մինչև սեզոնի ավարտը: Չգիտեմ, թե ինչ եմ անելու հետագայում: Առաջին հերթին ինձ հանգիստ է պետք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Բարսելոնի» խորհրդանիշն ու ավագը: Կատալոնյան ակումբի հետ լեգենդար այս ֆուտբոլիստը նվաճել է բոլոր հնարավոր նշանակալի տիտղոսները: Նա Չեմպիոնների լիգայի, ՈՒԵՖԱ-ի ու Իսպանիայի կրկնակի գավաթակիր է, երկրի վեցակի չեմպիոն ու սուպերգավաթի հնգակի գավաթակիր, երկու անգամ եղել է աշխարհի ակումբային առաջնության հաղթող:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ