Եվրոպական առաջնորդները Կանադայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում կփորձեն Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես միջնորդ ներգրավելով Պարսից ծոցի առաջնորդներին: Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները պատրաստվում են բանակցություններ վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Իրանը կկատարի՞ ԱՄՆ-ի պահանջը՝ դադարեցնել ուրանի հարստացումը երկրում, ինչը Թեհրանի համար նախկինում կարմիր գիծ էր։               
 

Աշխարհում չկա Մեյվեզերի նման երկրորդը, իսկ Արթուր Աբրահամը պահպանեց չեմպիոնական գոտին

Աշխարհում չկա Մեյվեզերի նման երկրորդը, իսկ Արթուր Աբրահամը պահպանեց չեմպիոնական գոտին
06.05.2014 | 11:07

Հանգստյան օրերին Լաս Վեգասում պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում կայացավ Ֆլոյդ Մեյվեզեր-Մարկոս Մայդանա չեմպիոնական մրցամարտը: Հայտնի է, որ ամերիկացին, ով, անկախ քաշային կարգից, կրում է աշխարհի լավագույն բռնցքամարտիկի պատվավոր տիտղոսը, WBA վարկածով աշխարհի երկարամյա չեմպիոնն է, մինչդեռ արգենտինացին WBC վարկածով չեմպիոնական գոտին նվաճել է համեմատաբար վերջերս՝ ամերիկացի Էնդրյու Բոների հետ կատաղի մրցակցությունում: Այնպես որ սա Մայդանայի չեմպիոնական տիտղոսի առաջին պաշտպանությունն էր, ինչը նշանակում էր՝ արգենտինացին կա՛մ ձեռք կբերի և երկրորդ չեմպիոնական գոտին, կա՛մ էլ կմնա ձեռնունայն:
Գերլարված մարտը, հակառակ Մեյվեզերի խոստմանը, շարունակվել է ամբողջ տասներկու ռաունդ: Մրցավարներից երկուսն առավելությունը տվել են նրան, մեկը կողմերի հնարավորությունը գնահատել է հավասար: Նշենք, որ սա երեսունյոթամյա ամերիկացու քառասունվեցերորդ անընդմեջ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում, ու, անկեղծ ասած, հորիզոնում մինչև հիմա չի էլ երևում այն մարզիկը, ով կարող է կանգնեցնել լեգենդար ամերիկացու հաղթարշավը:
Իհարկե, այսպես ասելով, հաշվից դուրս չի կարելի համարել նույնքան լեգենդար, ութ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած ֆիլիպինցի Մենի Պակեաոյին, ով տարիուկեսվա ընդմիջումից հետո փառահեղ վերադարձավ ռինգ: Սակայն փաստն այն է, որ այս երկու մարզիկները փոխադարձաբար ամեն ինչ անում են ռինգում իրար չհանդիպելու համար, և սա արդեն քանի տարի: Կկայանա՞ այն երբևէ, դժվար է ասել, քանի որ մեկուկես տարուց կլրանա պրոֆեսիոնալ բռնցքամարտում հանդես գալու Մեյվեզերի 250 միլիոն դոլարի արժողություն ունեցող պայմանագիրը. ի դեպ, նույն այդ պրոֆեսիոնալ բռնցքամարտի համար առայսօր չտեսնված-չլսված գումար: ՈՒ քանի որ խոսք բացեցինք ֆինանսից, ասենք, որ Մարկոս Մայդանայի հետ պայքարելու համար Մեյվեզերը պահանջել ու ստացել է քսան միլիոնից ավելի դոլար (չհաշված հեռարձակումներից ստանալիք գումարները), մինչդեռ աշխարհի նույնքան ռեալ չեմպիոն Մարկոս Մայդանան «գնահատվել» էր մոտ մեկուկես միլիոն դոլար:
Նույն մայիսի չորսին, միայն թե Բեռլինում, չեմպիոնական մարտ տեղի ունեցավ մեր հայրենակից, WBՕ վարկածով աշխարհի չեմպիոն, երկրորդ միջին քաշային Արթուր Աբրահամի ու Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սեկլոցայի միջև: Դարձյալ տասներկու ռաունդ տևած մարտ, դարձյալ միավորներով ձեռք բերված հաղթանակ, միայն այն տարբերությամբ, որ այստեղ բոլոր երեք մրցավարներն էլ հաղթանակը շնորհել են մեր բռնցքամարտիկին, ու սա այն դեպքում, որ նա հանդես է եկել վնասված աջ ձեռքով: Հետաքրքրական է նշել, որ սա Արթուրի քառասուներորդ մարտն էր ռինգում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 619

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ