4:0 հաշվով հաղթելով «Աստոն Վիլային»՝ «Մանչեստր Սիթին» հսկայական քայլ կատարեց անգլիական պրեմիեր լիգայում դեպի չեմպիոնություն տանող ճանապարհին: «Քաղաքաբնակները» այս հաղթանակից հետո վաստակեցին 83 միավոր՝ երկու միավորով շրջանցելով «Լիվերպուլին», որի համար ճակատագրական դարձան վերջին երկու տուրերում կրած պարտությունները:
Վերջին տուրից առաջ «Մանչեստր Սիթիին» միանգամայն գոհացնում է անգամ ոչ-ոքին, քանի որ եթե լիվերպուլցիները նույնիսկ հաղթեն «Նյուքասլին», միևնույն է, լրացուցիչ գործակիցներով չեմպիոնությունը կզիջեն Պելեգրինիի սաներին: Սակայն, բոլոր դեպքերում, «Լիվերպուլը» պարտադրված է առաջնության վերջին հանդիպումում խաղալ միայն հաղթելու համար, այլապես կարող է զիջել նաև երկրորդ հորիզոնականը: Իհարկե, «Չելսիի» հաղթելու դեպքում: Ինչպես տեսնում ենք, միայն եզրափակիչ հանդիպումներից հետո պարզ կդառնա, թե որ թիմը վերջնականապես որ հորիզոնականում կավարտի առաջնությունը:
Կատարյալ անպարզություն է նաև Իսպանիայի առաջնությունում, որի ավարտին մնացել է ընդամենը երկու տուր: Այստեղ 88 միավորով առաջատարը Մադրիդի «Աթլետիկոն» է, որին հետապնդում են 85 միավոր ունեցող «Բարսելոնն» ու նրան մեկ միավորով զիջող «Ռեալը», որը «հաջողեցրեց» վերջին խաղում երկրորդ ոչ-ոքին խաղալ: Այս վերջինը աղյուսակի ստորին հատվածներում գտնվող «Վալյադոլիդի» հետ էր՝ 1:1: Անկասկած է, որ մայիսի 11-ը այստեղ, ինչպես Անգլիայում, փոթորկուն կլինի ֆուտբոլային կրքերով: Այդ օրը «Աթլետիկոն» կհյուրընկալի «Մալագային», իսկ «Բարսելոնն» ու «Ռեալը» հյուր կգնան «Էլչեին» ու «Սելտային», որի մարզիչը, ըստ շրջանառվող լուրերի, նոր մրցաշրջանում կգլխավորի կատալոնյան ակումբը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ