ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Դերենիկ Դեմիրճյանի մտահոգությունները Ղարաբաղի, Նախիջևանի, Ջավախքի ճակատագրերով

Դերենիկ Դեմիրճյանի մտահոգությունները Ղարաբաղի, Նախիջևանի, Ջավախքի  ճակատագրերով
14.11.2014 | 11:49

Երկու տարի առաջ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահպանվող Դերենիկ Դեմիրճյանի ֆոնդից մեզ հաջողվել է գտնել 24 էջից բաղկացած մի անծանոթ ձեռագիր, որը Դերենիկ Դեմիրճյանի արխիվի լրացուցիչ մասն ամփոփող գրանցամատյանում զետեղված է «Հոդվածներ, ելույթներ և զանազան գրառումներ» բաժնում` «Ղարաբաղի և Նախիջևանի հարցի շուրջ իր դատողությունները. սևագրություններ» նկարագրությամբ:

Ձեռագրի կազմին Դեմիրճյանը կատարել է հետևյալ գրառումը. «Ամենօրյա խառն նոթեր (Ավելի` լեզվական)»: Եվ միայն ներքևում ռուսերեն ավելացրել է` Карабаг:
Թեև ձեռագիրը ստույգ տարեթիվ չի կրում, սակայն մենք, ելնելով կատարված ուսումնասիրություններից, հակված ենք մտածելու, որ այն գրվել է 1954-ին:
Դա խրուշչովյան «ձնհալի» ժամանակաշրջանն էր. այսինքն` սկսվել էին քիչ թե շատ բարենպաստ ժամանակներ, երբ կարելի էր եթե ոչ բարձրաձայն, ապա գոնե կիսաձայն խոսել ազգային խնդիրների մասին: Դեմիրճյանը հենց այդ ժամանակահատվածում պիտի վճռեր թղթին հանձնել իրեն այնքան անհանգստացնող խոհերը` թեկուզ և քողարկելով դրանք խաբուսիկ վերնագրի ու խորագրի ներքո:
Դեմիրճյանն իր դատողություններն սկսում է հարցով. «Ի՞նչ բան է «Ղարաբաղը»:
ՈՒ ինքն էլ պատասխանում է իր հարցին` Ղարաբաղի հարցը կոչելով տաճկական հրամանատարության կողմից 1918 թվականին իջեցված պատվեր` «особый заказ»:
Ղարաբաղը, ինչպես և Նախիջևանն ու իր ծննդավայր Ջավախքը` որպես մխացող վերք, հանգիստ չեն տվել Դեմիրճյանին: Նա իր ձեռագրում ընդվզում է Հայաստանից դրանց տարանջատելու անտրամաբանական փաստերի դեմ, բերում բազմաթիվ հիմնավորումներ, համաձայն որոնց, չխախտելով լենինյան, պրոլետարական, ինտերնացիոնալիստական սկզբունքները, կարելի է վերականգնել դրանց վերամիավորումը Հայաստանի հետ: Խորհրդային գաղափարախոսությանը, լենինյան սկզբունքներին, հայերի` ռուսական կողմնորոշմանն անդրադարձները և դրանց լույսի ներքո հայ ժողովրդի հետագա ճակատագրի արծարծումները Դեմիրճյանին զբաղեցրել են ոչ միայն այս նյութում: Նա իր բազում հրապարակային ելույթներում ու հոդվածներում է շեշտադրել այս մոտեցումները` նպատակ ունենալով իր ժողովրդի խնդիրների համար շահեկան լուծումների հասնել` դրանք հիմնավորելով իր ժամանակի ու պետության չափանիշներին հարիր բանաձևումներով:
«Դատողություններում» հանգամանորեն խոսվում է հայ ժողովրդի` ռուս բոլշևիկներին ցուցաբերած օժանդակության, Բաքվի վեցամսյա հերոսական մարտերում ունեցած մասնակցության, մինչև խորհրդային կարգերի հաստատումը ցարական Ռուսաստանի կազմում երկու առանձին պետություններով ապրելու փաստերի մասին: Այս կերպ Դեմիրճյանը փորձում էր խորհրդային ղեկավարության գիտակցությանը հասցնել այն ճշմարտությունը, որ հայերի հանդեպ տաճկական թշնամանքը գերազանցապես պայմանավորված է եղել իր ժողովրդի ռուսական կողմնորոշմամբ:
Եվ այսուհանդերձ, Դեմիրճյանը հստակ գիտակցում էր, որ խորհրդային ոչ մի կարգախոս ու տրամաբանական հիմնավորում ադրբեջանցիներին երբևէ չեն ստիպի ինքնակամ վերադարձնել Ղարաբաղը:
Անտեսելով ամենայն վտանգ ու սպառնալիք, որոնց հետ պետք էր հաշվի նստել իր ապրած ժամանակներում, գրողը համարձակորեն անդրադառնում է մերկապարանոց փաստերին, իրերը կոչում իրենց անուններով:
Խորագետ մտավորականը փաստում է, որ Ղարաբաղը և Նախիջևանը Թյուրքիայի ագրեսիայի սիմվոլներն են Արևելքի նկատմամբ, իր խոսքով` «նրա պլացդարմը»:
ՈՒստի պետք էր հիմնավորապես ամրացնել այդ «պլացդարմը», դարձնել այն լիովին ապահով և անվտանգ: Իսկ ի՞նչ խոչընդոտներ պիտի ծագեին այդ սև ծրագիրն իրագործելու ճանապարհին տաճկական ագրեսորների համար. միակ դժվար հաղթահարելի խոչընդոտը եղել և մնում էր իր բնօրրանում ապրող հայ ժողովուրդը: Եվ ուրեմն` պետք էր վերացնել այդ ժողովրդին` ոչ միայն ֆիզիկապես բնաջնջելով, այլև սպանելով հոգին, էությունը, տեսակը. ահա թե ինչի վրա էր Դեմիրճյանը հրավիրում խորհրդային ղեկավարության ուշադրությունը:
Հայերի հանդեպ կիրառվող պատժամիջոցների վերաբերյալ արդարացումները, բնականաբար, չեն համոզում Դեմիրճյանին, ինչպես որ չէին կարող համոզել տրամաբանելու ունակ որևէ մեկին:
Դեմիրճյանը շեշտում էր, որ խնդիրը ոչ թե զուտ հայկական, այլ համակովկասյան, ռուսական, ավելին` համամիութենական է, և այն լուծելը բխում է ոչ միայն հայ ժողովրդի շահերից:
Դեմիրճյանը ձեռագրում կասկածի տակ է առնում ժողովուրդների և քաղաքական վերնախավի վերաբերմունքի, դիրքորոշման ընդհանրությունը:
Նա գրում է. «…իրո՞ք գոյություն ունի այս վրացական և ադրբեջանական թշնամությունը՝ ընդդեմ հայերի, և ովքե՞ր են դրա կրողները: Ժողովուրդնե՞րը, թե դրանց ինտելիգենցիան (քաղաքական ինտելիգենցիան)»:
Այն, ինչ Դեմիրճյանը չէր կարող ասել հրապարակային ելույթի, տպագիր հոդվածի կամ գրական ստեղծագործության պարագայում, գրում էր խորհրդային ցենզուրայի ամենատես աչքից հեռու, մանր կտրատված ու հիմա արդեն խունացած թերթիկների վրա` մատիտով: Եվ քանի որ այստեղ նա առավել անկեղծ ու համարձակ էր ինքն իր ու այն ընթերցողի հետ, որին երբևէ պիտի հասնեն այդ մատիտագիր թերթիկները, ուստի բաց է անում բոլոր փակագծերը:
Դեմիրճյանն իր օբյեկտիվ գնահատականներում չի մոռացել հիշատակել նաև ստեղծված կացության մեջ մեղավոր մեր դաշնակցական ու բոլշևիկ ազգակիցներին` հայերին, ինչպես և խորհրդային իշխանության ոչ հայազգի առաջնորդներին:
Եվ զարմանալիորեն 20-րդ դարասկզբին հայության համար բախտորոշ այս արծարծումների էջերում երկտողյա գրառում է կատարել Վասակի մասին:
Փաստորեն, հայ ժողովրդի ճակատագրի շուրջ դատողությունները գրողին զբաղեցրել են ոչ միայն իր ապրած ժամանակների, այլև պատմության ողջ ընթացքի կտրվածքով, և նա դրանց անդրադարձել է ոչ միայն իր հրապարակախոսական գրվածքներում, այլև գեղարվեստական երկերում: Հիշենք Քաջ Նազարի և Թամադայի երկխոսությունը, վերջինիս հայտնի գանգատը յոթ հսկաներից. «Չեն ուզում իրենց աշխարհքը մեզ տան»: Արդյո՞ք այս տողում չէր ամբարված 50-ականներին գրվելիք խոհերի և առհասարակ դեմիրճյանական ողջ աշխարհայացքի էությունը:
Դեմիրճյանն իր պատճառաբանված ու արդարացի բողոքն է հնչեցնում հայ ժողովրդի հանդեպ տարվող հետևողական, նպատակային ճնշումների առնչությամբ: Եվ գիտակցում է, որ այդ ամենն արվում է խորհրդային ղեկավարության լուռ համաձայնությամբ: ՈՒրեմն և հասկանալի է դառնում, թե ինչու է նա խորհրդային աթեիզմի գերակայության պայմաններում` 1955 թվականին, իր օրագրում կատարել հետևյալ գրառումը. «Մեզ պետք են անտառներ, իսկ դրանք Ղարաբաղում են:
Да хранит господ бог Армению»:
Այո՛, Դեմիրճյանը հայ ժողովրդի փրկության հույսը կապում է Աստծո հետ, ոչ թե իր իսկ մատնանշած ու խորհրդային իշխանությունների համար միանգամայն ընդունելի բոլշևիկյան կարգախոսների, որոնց հարկադրաբար ձոնված դիֆիրամբներն այս շարադրանքում, կարծում ենք, առավելապես սեփական անձի ապահովագրման նպատակին էին միտված` ձեռագիրը հայտնաբերվելու պարագայում: Չէ՞ որ նույն այդ խորհրդային իշխանության աչքի առաջ ու բոլշևիկյան կարգախոսների ներքո էին իրականացվում հայատյացության անթաքույց դրսևորումները:
Այս նյութը վկայությունն է այն անհերքելի ճշմարտության, որ յուրաքանչյուր իսկական մտավորական նախ և առաջ իր հայրենիքի, իր ազգի մտահոգությունների, ցավերի, իհարկե նաև` ձեռքբերումների ու հաղթանակների կրողն է:
Նշենք, որ նորահայտ ձեռագիրն ամբողջությամբ` մեր ընդարձակ ուսումնասիրության հետ, հրապարակվել է «Հայկազյան հայագիտական հանդեսի» 2014 թվականի տարեգրքում: Առանձին հատվածներ տպագրվել են հայաստանյան պարբերականներում: Հայաստանում ձեռագիրն առաջին անգամ ամբողջությամբ ներկայացվում է «Իրատես de facto»-ի ընթերցողին` շարունակաբար տպագրվելով թերթի այս և առաջիկա համարներում: Բնագիրը հրապարակվում է` պահպանած հեղինակի շեշտադրումներն այս կամ այն բառի, արտահայտության վրա, ռուսալեզու գրառումներն ու կետադրական նշանները: Առանձին ենթաբաժնով կհրատարակվեն նաև Դեմիրճյանի այն գրառումները, որոնք դուրս են մնացել ընդհանուր շարադրանքից և արվել են առանձին թերթիկների վրա, բուն շարադրանքի դարձերեսին կամ լուսանցքներում: Մեկ-երկու անընթեռնելի բառի տեղում դրված կլինի համապատասխան նշանը` < >:
Կարծում ենք, որ այս նյութն առավել լիարժեք կդարձնի մասնագետների և գրասերների պատկերացումները մեծ դասականի մասին:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ

Դատողություններ Ղարաբաղի և Նախիջևանի հարցի շուրջ

Դերենիկ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Ի՞նչ բան է «Ղարաբաղը»:
Սա մի հարց է, որին պետք է պատասխանել: Հասարակ հարց կարելի է համարել, հարցնել և պատասխանել:
Երևի Ղարաբաղը գոյություն չուներ` իբրև հարց (ո՛չ` պրոբլեմ, այլ հարց, հարցմունք):
Այսինքն` մինչև 1918 թիվը: Դա ցարական պետության մեջ գտնվող մի շրջան էր, ուր ապրում էին բնակչության համարյա հարյուր տոկոսը կազմող հայեր: Դա, ըստ տերիտորիալ, էթնիկ փաստի, հայերինն էր:
Հարցը հետո` 18 թվին ստեղծվեց: Ո՞վ ստեղծեց:
Տաճիկ հրամանատարությունը` Բաքու արշավելու նախօրյակին: Նա Ալեքսանդրապոլում կարգադրեց Խատիսովին, որ Ղարաբաղը մտնի Ադրբեջանի սիստեմի մեջ:
Ինչո՞ւ` անպատճառ Ադրբեջանի սիստեմի մեջ. ի՞նչ «ՏրՏոօռ ջՈՍՈջ» էր: Հասարակ պատասխան. դա տաճկական հրամանատարությանը պետք էր:
1) Երբ կատարվեց տաճկական հրամանատարության հրամանը, կատարվեց Տաճկաստանի նույն պահի, ասենք, ժամանակավոր պլանը: Ի՞նչ: Ասենք` չգիտենք:
2) Երբ արդեն սովետականացվել էր Անդրկովկասը, և Նարիմանովը հայտարարեց, որ Ղարաբաղը վերադարձվում է Հայաստանին, ինչո՞ւ տաճկական կառավարությունը արգելք դրեց: Ասենք` ժամանակավոր պլանը դեռ մնում էր: Տաճկաստանի ցուցմունքն ընդունվեց. Ղարաբաղին ձեռք չտվեցին: Ինչո՞ւ: Ասենք` Ղարաբաղը պետք էր Տաճկաստանի 1918-ի պլանին: ՈՒրեմն պլանը ժամանակավոր չէր կամ երկարացվեց:
Եվ այժմ, որ իբրև չպիտի ձեռք տրվի Ղարաբաղին, կնշանակի պիտի մնա «ժամանակավոր պլանը»: Դա պետք է Տաճկաստանին:
Եզրակացություն: Ղարաբաղը տաճկական զակազ է. ժամանակավոր չէ, այլ մշտական, և ով պաշտպանում է Ղարաբաղի ներկա ստատուսը, նա պաշտպանում է 18 թվի ստատուսը: Նա ընդունում է տաճկական օրիենտացիան: «Նա»-ն այստեղ պետք է համարել նրան, ով պաշտպանում է, ով գիտի և ընդունում է, որ դա տաճկական օրիենտացիա է: Թող հրապարակ գա այդ «նա»-ն և բարձրաձայն հայտարարի: Չի՞ հայտարարում բարձրաձայն: Միևնույն է. «նա» ցածրաձայն ընդունում է տաճկական օրիենտացիան: Որովհետև տրամաբանությունը տանում է այդտեղ` իր երկաթե ուժով:
Այո՛, ընդունում է, հանդուրժում է, ենթարկվում է` հաճությամբ, զիջելով, ստիպված:
Կարո՞ղ է մի պլան վնասակար լինել տանողին և պաշտպանվել նրա կողմից: Ո՛չ: ՈՒրեմն Ղարաբաղի պլանը օգտակար է և պաշտպանվում է: Բաց անենք քարտերը. Ղարաբաղը պետք է Տաճկաստանին և Ադրբեջանին: Հետևապես այդ օրիենտացիան պետք է: Իսկ եթե պետք չէ, թող վերականգնվի հին ստատուսը` էթնիկական Ղարաբաղը միանա իր էթնիկական ազգակցին` Հայաստանին: Դա են պահանջում սովետական իդեոլոգիան, լենինիզմը և պրոլետարարությունը:
Ով դեմ է, կողմնակից է տաճկական օրիենտացիային:
Կարելի՞ է այժմյան պայմաններում պահանջել Ղարաբաղը: Ո՛չ` կասեն: Ե՞րբ կարելի կլինի: Երբ իրենք` ադրբեջանցիները կամենան: Ե՞րբ կկամենան: Երբե՛ք: ՈՒրեմն` այս օրս նույնարժեք է, ինչ որ երբևէն:
Կարելի՞ է այնպես անել, որ հոժարությամբ վերադարձնեն Ղարաբաղը: Այո՛, եթե Ղարաբաղի պաշտպանները` մուսաֆաթիստները, վերանան և առաջ գան լենինիստները:
Կլինի՞ այդ: Ես չգիտեմ:
Ղեկավարությունը (Շահումյան, Ֆիոլետով, Ազիզբեկով, Ջափարիձե և մնացածները) Բաքվում ստեղծեց այնպիսի տրադիցիա, որ Բաքուն դարձրեց բոլշևիզմի միջնաբերդը Անդրկովկասում: Եվ թեպետ վեց ամսվա հերոսական դիմադրության վերջում պարտվեց Բաքուն, բայց նրա ստեղծած տրադիցիան հիմք դարձավ Հյուսիսային Կովկասից Բաքու արշավող բոլշևիկյան զորամասերի համար` մտնելու Բաքու և ստիպելու մուսաֆաթական զորքին չդիմադրել:
Փաստ է, որ Բաքվի բանվորության մեծամասնությունը հայեր էին, Բաքվում հավաքվել էին գերմանական և ավստրիական ճակատներից տուն վերադարձած հայ (մեծ մասամբ` գյուղացի) զինվորները: Եվ (չնկատված (!) փաստ) Ղարաբաղի գյուղացիների հաղթական դիմադրությունները տաճկական կանոնավոր զորամասերին թուլացնում էին Բաքու գնացող տաճիկ զորամասերի պաշտպանական ուժը:
(շարունակելի)

Դիտվել է՝ 5712

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ