Ի՞նչ է խոզի տեսությունը, կամ ի՞նչպես են բռնապետները ճնշում և աղավաղում հասարակական կարծիքը։
Խոզի տեսության մասին՝ համառոտ:․
Մի բռնակալ հրամայեց առանց որևէ պատճառի ձերբակալել մի քաղաքացու և բանտարկել շատ փոքր մենախցում։ Քաղաքացին զայրացավ և շարունակեց քայլել խցում, հարվածելով դռանը և գոռալով.
«Ես անմեղ եմ, ինչո՞ւ եք ձերբակալել և բանտարկել»։
Որոշ ժամանակ անց կառավարչի հրամանով նրան տեղափոխեցին ավելի փոքր խուց։ Նա նորից սկսեց գոռալ։
Այս անգամ նրա գոռոցները փոխվել էին։ Այս անգամ նա չասաց. «Ես անմեղ եմ», փոխարենն ասաց. «Անարդարություն է ինձ բանտարկել փոքր խցում, որտեղ նույնիսկ չեմ կարող պառկել»։
Քաղաքացու կրկնվող գոռոցները նյարդայնացրին կառավարչին։ Որոշ ժամանակ անց նա հրամայեց ինը այլ բանտարկյալների տեղափոխել նույն խուց, որտեղ նստելու տեղ անգամ չկար։
Այս անգամ բանտարկյալները մի փոքր ավելի ցածր ձայնով բողոքեցին.
«Այս պայմաններն անընդունելի են։ Տասը մարդ մեկ փոքրիկ խցում, սա արդար չէ։ Խնդրում ենք, մեզանից առնվազն կեսին տեղափոխեք մեկ այլ խուց»։
Բայց կառավարիչը հրամայեց խոզ նետել նրանց խուցը և թողնել այնտեղ ապրելու։
Խեղճ մարդիկ խելագար գոռացին.
«Ինչպե՞ս կարող ենք ապրել մեկ խցում այս կեղտոտ կենդանու հետ՝ նրա կղանքի հոտը սպանում է մեզ։ Խնդրում ենք, պարզապես հանեք այս խոզին մեր խցից»։
Որոշ ժամանակ անց կառավարիչը հրամայեց խոզին դուրս հանել և խուցը մաքրել։ Այժմ այլևս գոռոցներ, աղմուկ, բողոքներ չկային։
Մի քանի օր անց կառավարիչը հարցրեց նրանց, թե ինչպես են։
«Փառք Աստծո, մեր բոլոր խնդիրները լուծվել են»,-պատասխանեցին։
Այսպիսով, գլխավոր հարցը դարձավ պարզապես խոզը դուրս հանելու խնդրանքը։ Ե՛վ խցի տարածքի հարցը մոռացվեց, և՛ դրանից առաջ եղած խնդիրները։
Նույնիսկ գլխավոր և կարևորագույն հարցը՝ «այդ անմեղ քաղաքացու բանտարկությունը» լիովին մոռացվեց։
Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ