Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկարատև պատերազմի՝ CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերագույն առաջնորդի գրասենյակի արտաքին քաղաքականության խորհրդական Քամալ Խարազին։ «Ես այլևս տեղ չեմ տեսնում դիվանագիտության համար։ Դոնալդ Թրամփը խաբել է ուրիշներին, չի պահել իր խոստումները, և մենք դա տեսել ենք երկու անգամ՝ բանակցությունների ընթացքում. մինչ մենք բանակցություններ էինք վարում, նրանք հարձակվում էին մեզ վրա»,- ասել է Խարազին։               
 

Իսրայելի կամ ԱՄՆ-ի սադրանքի իմաստն Իրանի դեմ պատերազմում Ադրբեջանի և Թուրքիայի ընդգրկումն է, այժմ դա չստացվեց կամ պլանները փոխեցին. 2

Իսրայելի կամ ԱՄՆ-ի սադրանքի իմաստն Իրանի դեմ պատերազմում Ադրբեջանի և Թուրքիայի ընդգրկումն է, այժմ դա չստացվեց կամ պլանները փոխեցին. 2
11.03.2026 | 10:35

Սկիզբը՝ այստեղ

Համաշխարհային քաղաքականության մեջ, միջազգային հարաբերություններում այս դեպքը, եթե բացառիկ չէ, ապա հաստատապես հազվադեպ հանդիպողներից է. խոսքն Ադրբեջանի՝ կրնկի վրա շուռ գալու մասին է:

Ադրբեջանը, որը մարտի 5-ից սպառնում էր Իրանին ուժ ցույց տալ, պատասխան միջոցներ կիրառել, Իրանի հետ սահմանն ամբողջապես փակել էր բեռնատարների համար՝ լուրջ խնդիրներ ստեղծելով բեռների սեփականատերերի համար, Թեհրանին զրկելով Ռուսաստանից մատակարարվող հացահատիկից, ձավարեղենից և ալյուրից, իսկ ՌԴ-ին, մասնավորապես, Հյուսիսային Կովկասի դաշնային շրջանի շուկաներին մրգերից ու բանջարեղեններից, բացի այդ, Ալիևը որոշում էր կայացրել Իրանից (Թեհրանում գտնվող դեսպանատնից ու Թավրիզում գլխավոր հյուպատոսությունից) Ադրբեջանի դիվանագիտական անձնակազմի ամբողջական դուրսբերման մասին, կիրակի օրվանից սկսեց նահանջել և ապա նույնիսկ, ինչպես ասում են, կրնկի վրա շուռ եկավ…

Նախ նշենք, որ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մարտի 8-ին կայացած հեռախոսազրույցում հայտարարել է, որ Թեհրանը կապ չունի Նախիջևանում երկու ԱԹՍ-ների հետ կապված միջադեպի հետ. այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը.

«Մարտի 8-ին իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել նախագահներ Մասուդ Պեզեշկիանի և Իլհամ Ալիևի միջև։ Ադրբեջանական պետության ղեկավարն ընդգծել է Նախիջևանում տեղի ունեցած միջադեպի հետաքննության կարևորությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

«Մասուդ Պեզեշքիանը հայտարարել է, որ Նախչըվանի ուղղությամբ ավիահարվածի հետ կապված միջադեպը կապ չունի Իրանի հետ, և ընդգծել է, որ միջադեպը հետաքննվելու է»,- հավելել է մամուլի ծառայությունը:

Նշենք նաև, որ Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբն ավելի վաղ արդեն հերքել էր Ադրբեջանի օդային տարածք ԱԹՍ արձակելու և Նախիջևանի տարածքում հարվածներ հասցնելու մասին Ադրբեջանի հրապարակած տեղեկությունները՝ սադրանքի հեղինակը և միջադեպի պատասխանատուն համարելով Իսրայելին:

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, «РИА Новости»-ի փոխանցմամբ , հայտնել է նաև, որ նույն հեռախոսազրույցի ընթացքում Ալիևն Իրանի նախագահին ցավակցություն է հայտնել Իրանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ընթացքում մեծ թվով քաղաքացիական անձանց զոհվելու կապակցությամբ:

Ինչպես հաղորդել է «РИА Новости» գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը, Ալիևն ու Պեզեշկիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ադրբեջանի և Իրանի համատեղ տնտեսական նախագծերի զարգացման հեռանկարները

«Պեզեշքիանը զրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել Ալիևին Ադրբեջանում Իրանի դեսպանատուն այցելելու համար և ցավակցություն հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի և բազմաթիվ խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ, ինչպես նաև Իրանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու մտադրության համար»,- «РИА Новости»-ի փոխանցմամբ , նշված է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Այնուհետև, ինչպես «Комсомольская правда»-ի փոխանցմամբ, հայտնել է Ադրբեջանի կառավարությունը, Իրանի և Ադրբեջանի սահմանով բեռնատարների մուտքն ու ելքը, որն Ադրբեջանը դադարեցրել էր մարտի 5-ից, վերականգնվել է: Բեռնատարների մուտքը և ելքը, այդ թվում ՝ տարանցիկ փոխադրումների համար, Ադրբեջանի և Իրանի միջև սահմանով վերսկսվել են երկուշաբթի օրը՝ մարտի 9-ին, ժամը 10:00-ից (Մոսկվայի ժամանակով 09:00-ից): Հաղորդագրության մեջ նշված է, որ խոսքը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով բեռների փոխադրման մասին է:

Ադրբեջանի իշխանությունները որոշել են մարդասիրական օգնություն ուղարկել Իրան. այս մասին, «Вечерняя Москва»-ի փոխանցմամբ , այսօր հայտնել են Ադրբեջանի «ԱզերԹԱջ» պետական լրատվական գործակալությունից: Ըստ լրագրողների տվյալների. նման քայլի նախաձեռնողը երկրի նախագահ Իլհամ Ալիևն է։ Օգնությունը հարևան պետություն կհասցնեն ԱԻՆ մեքենաները։

Ընդ որում, «Вечерняя Москва»-ն հիշեցրել է, որ դեռևս մարտի 7-ին Իրանի զինված ուժերը Բաքվից պահանջում էին հեռացնել իսրայելցի զինվորականներին Ադրբեջանից:

Ինչպես Life.ru-ի հրապարակումից պարզվեց հետագայում, մարդասիրական օգնությունը, որն արդեն ուղարկվել է, ներառում է ոչ թե մոտ 30 տոննա սննդամթերք և 2 տոննա դեղորայք, ինչպես ուռճացնելով ներկայացրել էր «ԱզերԹԱջ»-ը, այլ ընդամենը 10 տոննա ալյուր, 6 տոննա բրինձ, 2,4 տոննա շաքար, ավելի քան 4 տոննա ջուր և մոտ 600 կգ թեյ, ինչպես նաև 2 տոննա դեղորայք և բժշկական պարագաներ: Սակայն, այս հոդվածի համատեքստում էականը դա չէ, այլ այն, թե ինչն է դրդել Ալիևին փոխել, այն էլ այդպես կտրուկ փոխել իր դիրքորոշումը:

Եթե Ադրբեջանն Իսրայելի հետ խաղի մեջ չի եղել ու տեղյակ չի եղել, որ կատարվածն Իսրայելի սադրանքն է, ապա պետք է ենթադրել, որ Պեզեշքիանին հեռախոսազրույցի ընթացքում հաջողվել է բացատրել դա և համոզչորեն հիմնավորել Ադրբեջանի նախագահին: Հնարավոր մյուս բացատրությունն այն է, որ Ալիևի դիրքորոշման փոփոխությունը պայմանավորված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, հնարավոր է, նաև Չինաստանի նախագահի միջնորդական ջանքերով, որոնք չեն հրապարակայնացվել:

Մեկ այլ բացատրություն կարող է լինել այն, որ Իրանի հասցեին Ալիևի և Ադրբեջանի այլ պաշտոնյաների հոխորտանքներն ընդամենը ներքին լսարանի համար էին, և Բաքուն սկսեց նահանջել, երբ հասկացավ, որ ինչ-որ կարմիր գիծ հատելու դեպքում Թեհրանն իր սպառնալիքները կարող է վերածել գործի, որից հետո Ադրբեջանից կարող է շատ քիչ բան մնալ:

Տեսնելով, որ Ադրբեջանին Իրանի հետ պատերազմում ներգրվելու ծրագիրը գոնե այժմ չի ստացվում, թերևս ոչ պատահական զուգադիպությամբ հիմա փորձ է արվում լարել Իրանի հետ Թուրքիայի հարաբերությունները: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, «РИА Новости»-ի փոխանցմամբ , Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Թուրքիայի օդային տարածքի խախտման անթույլատրելիության մասին և ընդգծել, որ Անկարան անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի նման միջադեպերը կանխելու համար:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի աշխատակազմը հայտնել էր, որ Իրանից արձակված և դեպի Թուրքիա ուղղված բալիստիկ հրթիռը ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության ուժերի կողմից ժամանակին որսվել և վնասազերծվել է Շահինբեյ շրջանի Գազիանթեփ քաղաքի երկնքում: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի զոհվել և չի տուժել: Նշվում է, որ սա երկրորդ նման դեպքն է Թուրքիայի օդային տարածքում Իրանի շուրջ ճգնաժամի սկսվելուց ի վեր։

«Մեր օդային տարածքի խախտումը որևէ պատճառով անթույլատրելի է, և Թուրքիան շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները դրան հակազդելու համար»,- նշված է Թուրքիայի նախագահի գրասենյակի հայտարարության մեջ։

Զրույցի ընթացքում Էրդողանը նաև նշել է, որ Անկարան իրավաչափ չի համարում Իրանի գործերին անօրինական միջամտությունները, սակայն ընդգծել է, որ տարածաշրջանի եղբայրական երկրների թիրախավորումը ոչ ոքի օգուտ չի տալիս և պետք է դադարեցվի:

Պեզշքիանն, իր հերթին, հայտարարել է, որ Թուրքիայի օդային տարածքում հայտնված հրթիռները չեն արձակվել Իրանի տարածքից, և խոստացել է տեղի ունեցածի համակողմանի հետաքննություն անցկացնել:

Ո՞ւմ պարզ չէ, որ կատարվածը դարձյալ Իսրայելի և (կամ) ԱՄՆ-ի սադրանքի արտահայտությունն է, քանի որ Թեհրանը ոչ միայն չէր ցանկանա հրթիռներով հարվածել Թուրքիային, ոչ միայն գոնե առայժմ չունի այդպես վարվելու որևէ պատճառ, այլև չէր կարող չհասկանալ, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ միաժամանակյա հակամարտության պայմաններում պատերազմում Թուրքիայի ընդգրկումն իր համար կլինի աղետալի:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 465

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ