Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ ԵՄ երկրները հասկանում են առաջնագծում տիրող իրական վիճակը և գիտակցում են, որ ՈՒկրաինան պարտվում է հակամարտությունում։ «Զելենսկին հաճախ է մասնակցում Եվրոպական խորհրդի նիստերին։ Երբ նրան հարցնում ենք ռազմական իրավիճակի մասին, նա պատասխանում է. «Մենք հաղթում ենք»: Իրականում բոլորս գիենք, որ պարտվում են,- ասել է Ֆիցոն։                
 

Լրագրողի արխիվից․ թերթելով հայրենի մամուլի` «Լոռի»-ի էջերը

Լրագրողի արխիվից․ թերթելով հայրենի մամուլի` «Լոռի»-ի էջերը
21.02.2026 | 13:10

ՈՒ ՏՈՒՆ ԴԱՐՁԱՎ ՀՈԳՆԱԾ ՍԻՐՏԸ

Հովհաննես Թումանյանի ծննդյան 125֊ամյակի առթիվ, հոկտեմբերի 29֊ին մեծ բանաստեղծի սիրտը հողին հանձնվեց նրա Դսեղի տուն֊թանգարանի բակի նորակառույց մատուռի խորանում (հեղինակ` ճարտարապետ Ռոմեո Ջուլհակյան)։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Ներսես Արքեպիսկոպոս Պոզապալյանը և Գուգարաց թեմի առաջնորդ Արմեն արքեպիսկոպոս Բերբերյանը կատարեցին հոգեհանգստյան արարողություն։

Արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանը, ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանը, ՀՀ փոխնախագահ Գագիկ Հարությունյանը, ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը, պաշտոնատար այլ անձինք։

Վերադառնան պիտի դեռ

Հայրենի հողը բուրյան`

Իբրև նորոգ երկրի տեր`

Ե՛վ Թումանյան, և՛ Տերյան։

Շիրիմներից իրենց որբ

Իրենց դարձին են նայում

Եվ Դուրյանի սիրտը բորբ,

Եվ Մեծարենց հմայուն։

Այսպես, բազում տասնամյակներ առաջ մարգարեաբար խորհել է Նաիրյան Երկրի մեծ բանաստեղծը, խորհել` գիտակցելով, այո', որ իր ծնած հանճարի սիրտը իր ծնած հողը կարող է պահել միայն, քանզի անափ է հայրենի հողը, անափ ու անեզր` հանճարեղ որդու սրտի համար։

Էլի, արդեն որերորդ անգամ բանուկ է Դսեղի ճամփան, որ տանում է կրկին Մեծ Լոռեցու հետ հաղորդակցվելու, տանում է տիեզերքի ճամփան ցույց տալու... գալիս են մարդիկ, գալիս են կրկին հանդիպելու Ամենայն Հայոց Բանաստեղծին։ Չէ՞որ նա կրկին տուն է դարձել` արդեն վերջնականապես, համոզված, որ միայն հայրենի օջախն է տաք ու ջերմ` մայրական սրտի նման, տուն է դարձել` էլի լսելու իր նանի հեքիաթները ձմռան երկար գիշերներին։ Տուն է դարձել` հավերժական հանգիստ առնելու հայրենական հարկի տակ։

Ահա ինչու պահն ու օրն իրենց խորհուրդն ունեն, որ շաղախվում են «Տերունական աղոթք»֊ով։ Այո՛, տիեզերական հանճարի տիեզերական սիրտը միայն տերունական աղոթքի մրմնջյունի տակ կարող է հանգչել սրբացած հողում։

«Հայր մեր որ յերկինս ես

Սուրբ եղիցի անուն քո...»։

Այստեղ` հավերժությունը խորհրդանշող նորակերտ նորագավիթ մատուռի առջև աղոթքն է երկինք պարզվում։

Այստեղ են հանրապետության բարձր պաշտոնյա պետական այրերը։ Եկել են մասնակիցը դառնալու Ամենայն Հայոց Բանաստեղծի` Հովհաննես Թումանյանի սիրտը հայրենի հողին պահ տալու արարողությանը։

Այն բացելու մեծ պատիվն ու իրավունքը տրվում է ՀՀ մշակույթի նախարար Հակոբ Մովսեսին.

֊Խորն է պահի խորհուրդը։ Այն թումանյանական արվեստի ողջ վեհությունն է խորհրդանշում։ Թումանյանի ժառանգությունը ոչ միայն գրականության և մշակույթի անուրանալի արժեքներն են, այլև մեր ժողովրդի ինքնագիտակցության ամենաբարձր պահերից մեկը։ Հովհաննես Թումանյանյանն այս օջախում մեծարման ու մեծարանքի պահեր շատ է տեսել, թերևս այն միշտ շաղախվել է նրա ստեղծագործական հանճարի նկատմամբ նվիրական սիրով։ Այս պահից սկսած այդ սերը նվիրագործվելու է, և նրան ծնած օջախը մնալու է որպես սրբավայր֊ուխտատեղի։

Իր սրտի խոսքն է ասում նույն` Մոտկորի լեռնաշխարհից ծնված ու սնված հանճարեղ զավակը` Հրանտ Մաթևոսյանը.

֊ Թումանյանը ծնունդ է առել իր ժողովրդից, իր ժողովրդի հառաչանքներից և տառապանքներից։ Նա իր պոեզիայով աշխարհին ցույց տվեց իր Հայաստան աշխարհի տեղը։ Ես ինձ իսկապես երջանիկ եմ, որ մասնակիցն եմ այս սուրբ արարողության։

Իր ելույթում ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանն ասաց.

֊Մենք վկան ենք դարձել մի զարմանալի, մի սուրբ հանդիսույթ֊արարողության։ Կան մեծություններ, որոնց արժանի խոսքեր գտնելն էլ դժվար է, անհնարին։ Թումանյանի հետ ապրում ես ամբողջ կյանքում, օրոցքում` հեքիաթով, կյանքի վերջալույսին` քառյակների խոհափիլիսոփայությամբ։ Մեր հոգուց, մեր սրտից է ծնվել Թումանյանը։ Մեզ համար որքան սուրբ, նույնքան ծանր է եղել այս պահը, դժվարին։ Նա տիեզերական մեծություն է, հայ ժողովրդի բացառիկ, ամենամեծ Մեծը։ Սա նաև նշանակում է, որ հայ ժողովուրդը հավերժորեն գոյատևելու է այս աշխարհում։

Հուզիչ է Ճոճկանի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Վեներա Վարդումյանի բանաստեղծական խոսքը.

֊Բնության մեջ յուրաքանչյուր մարդ ու արարած կյանքի մայրամուտին տենչում է դեպի իր ակունքները։ Իր օրորոցը։ Տունը հայրենական։ Արմատների կանչ է, հիշողության կանչ։ Դեգերումներից հոգնած` հայրենի տուն է վերադարձել Մեծ Լոռեցու տառապած սիրտը, որ ննջի նվիրական վայրերին մոտիկ` Դեբեդի հավերժական զրույցի ներքո։ Եկել է որպես սրբացած աղոթք, որ դառնա ուխտատեղի, որպես «ցեղին սրտի» հավաքական բարություն, որպես մաքուր խիղճ ու որբին տրվող հաց։ Նրա մեծ սրտում տիեզերական լռություն կա և ծովամռունչ մակընթացություն` մարգարիտ խոսքի։ Ազգն իր խորքերի հրաբուխներից երկնել է նրան և շռայլել է ինչ ուներ սրտում տաք ու լուսավոր։ Ահա ինչու, ամենքի հետ ապրած ու ամենքի հետ տառապած մեծ բանաստեղծին ազգը տվել է նաև ի խորոց սրտի իր հառաչանքը։ Եվ հառաչել է մեծ մարդասերը.

«Հայոց վշտի մեծ ծովի մեջ տառապում է իմ հոգին»։

Թումանյանի բարության մասին լեգենդներ են պատմում, իսկ հրաշագեղ ժպիտն, ասում են, բուժում էր անգամ մռայլված սրտեր։ Հանճարեղ մարդու ժպիտն ու խոսքը աստվածային են, հանճարեղ մարդու սիրտը` լուսատու։ Լոռվա ձորերի հանճարեղ որդու բանաստեղծությամբ դեռ քանի՜ սերունդ նրա լույսի մեջ պիտի մարդ ապրի` մաքրագործումի գահերին մոտիկ։

֊Ես չգիտեմ քեզ պես ուրիշ ճամփորդի,

Քեզ պես հոգնած, քեզ պես մենակ ու տոկուն,

Որ տապակվեր խառնարանում ցավերի`

Իր ժպիտը դարձրած թանձր վարագույր։

Ես չգիտեմ քեզ պես ուրիշ բանաստեղծ,

Որ մարդու մեջ մարդուն տեսներ շարունակ,

Մարդ մնալու պատգամ վառեր մեր սրտում,

Մարդուց խոցված սիրտը նեցուկ ու հենակ։

Ցեղին սրտի ցավը կրեր իր հոգում,

Ամենայն տեղ, ամենայն հայը մնար,

Քաղաքական խաղերի մեջ ...իմաստուն,

Ազգի հոգսից ու ցավերից կռանար։

Օրը խավար, իսկ դու արև ճառագուն

Աստծո աջի հանճարեղ փայլը վրան,

Հուսալքման տոթից թեև շնչահեղձ,

Սուգի մեջ էլ հույսի կանթեղը վառման,

Քո սիրտը միշտ լեռներում է դեգերում,

Հայրենի տան աղոթքներին մտերիմ,

Ննջիր` որպես խաղից հոգնած մի մանուկ,

Դեռ անտեղյակ այս աշխարհի ցավերին։

...Սկսվում է սուրբ արարողությունը։

Թումանյանների օջախի հարևանությամբ` Թումանյանի տարածաշրջանում հայտնի քանդակագործ, ճարտարապետ Արմեն, Գրիգոր, Սամվել Հակոբյան եղբայրների հրաշագործ ձեռքերով հավերժանաշխ մատուռ է կերտվել, որ դառնա սրբավայր ու ուխտատեղի։ Ինչպես վայել է մեծին` մեծավարի արարողություն է, օրհնանքով ու խնկաբույրով։ Ալիքվում է աղոթք֊երգը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը աստվածահաճո խոսքով դիմում է արարողության մասնակիցներին.

֊Սիրելի' ժողովուրդ, այսօր մենք հողին ենք հանձնում Մեծ սիրտը։ Այն սիրտը, որ այս բնության ծնունդն է, որ բաբախեց հայ ժողովրդի համար, որ թաթախված էր իր ժողովրդի զգացմունքներով։ Ժողովրդի ցավն ու վիշտը, սերն ու կարոտը, հառաչանքն ու տագնապն էր խորացել Նրա սրտում։ Այս սիրտը այս մատուռում հանգչելու է հավիտյան։ Մենք` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ողջ հոգևորականության անունից վշտակցում ենք, որ հրաշալի բանաստեղծի հրաշալի սիրտը հողին հանձնվեց` դառնալով Ավետարանի այն ցորենի հատիկը, որ պիտի ծլարձակի, որ նմանվելու է մարդկությանը պարգևած այն արծվին, որ պիտի ճեղքի անսահմանությունը տիեզերքի ու ապրի հավիտյան։ Հովհաննես Թումանյանը և մեր ժողովուրդը կապրեն հավիտյան։

...Բուռ֊բուռ, ափ֊ափ լցվում է հողը, ու հողի տաք գիրկն իր գիրկն է առնում բանաստեղծի սիրտը` անափ, անեզր, անսահման...։

Ասես տուն֊թանգարանի մասունքները կրկին երգ են դառնում, խոհ ու սեր, թաթախվում մատուռին փորագրված թումանյանական խորին խորհրդով.

"Աղբյուրները հընչում են ու անց կենում,

Ծարավները տենչում են ու անց կենում,

Ու երջանիկ ակունքներին երազուն`

Պոետները կանչում են ու անց կենում"։

...Օրն էլ է անցնում, անցնում որպես ակնթարթ, դառնում հավերժություն կոչող պահ ու արարում` լի Թումանյանի պոեզիալով, Թումանյանի սիրով, Թումանյանի սրտով։

Կարինե Ա. ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

«Լոռի», 1994 թ., 22 նոյեմբերի, թիվ 31 (7156)

Դիտվել է՝ 280

Մեկնաբանություններ