Իշխանությունը հանցագործ ռեժիմի ձեռքին վտանգավոր է պետության համար: Չափազանց վտանգավոր է ժողովրդի համար: Մահացու է օրինապահ, արդարամիտ, երկրի իրական հոգսերով ապրող անհատների համար:
Դեռևս իրավականորեն ոչ հասուն, իմա՝ հետամնաց երկրներում իշխանությունը տրվածից առավել հանձնառություն ու իրավունք է վերցնում իր ձեռքը, գործում ամբողջատիրական կամ բռնապետական ձևակարգերով: Ժողովուրդը սովորականից շատ Է կախված լինում իշխող վարչախմբից: Հայաստանը դեռևս ոչ հասուն, ստույգ՝ հետամնաց երկիր է, ուստի և իշխանությունը, առավել հաճախ, գործում է օրինականությունից ու բարոյականությունից դուրս: Իսկ երբ կառավարիչները նաև ապազգային ու հակահայրենասիրական միտումների կրողներ են, այդ ժամանակ իշխանությունը իսկական պատուհաս է դառնում ամենքի համար՝ կատաղի պայքարի մեջ մտնելով հանուն իր տևական գոյատևության:
Օրինազանց վարչախումբը միշտ սարսափում է իշխանությունը կորցնելուց, ինչպես հիմա դա տեղի է ունենում Հայաստանում: Մեր հանրության գիտակից խավերի խնդիրն է ձևավորել այնպիսի իշխանություն, որ կլինի ազգային-հանրային հոգսերի ու իդեալների կրող ու երբեք, հանուն իշխանության, մոլեգին պայքարի մեջ չի մտնի քաղաքական հակառակորդների ու մրցակիցների, միաժամանակ՝ իր ժողովրդի դեմ:
Առաջիկա ընտրությունները լավ հնարավորություն են՝ սկիզբ դնելու մի բաղձալի ավանդույթի, երբ պետության ղեկին այլևս չեն հայտնվի արկածախնդիրներն ու դավադիրները, իսկ իշխող վարչախումբը շատ հանգիստ կվերաբերվի իշխանափոխությանը: Վարչախմբերի փոփոխությունը միշտ պետք է ընթանա հանրային առողջ, հանդուրժողականության ու օրինահարգության մթնոլորտում: Լոկ այդ ժամանակ կարող ենք խոսել ժողովրդավարության առկայության մասին:
Հրանտ Ալեքսանյան