ՈՒկրաինան և նրա եվրոպական դաշնակիցները պնդելու են, որ Ռուսաստանի հետ տարածքային փոխանակման շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն ներկայիս շփման գծի երկայնքով պատերազմի դադարեցումից հետո՝ հաղորդում է Bloomberg-ը։ Նրանք պահանջում են սառեցված ռուսաստանյան ակտիվները օգտագործել Կիևի վերականգնման ու փոխհատուցումների համար և մերժում են Կիևին ներկայացված Մոսկվայի պահանջը արևելքում չօկուպացված տարածքները զիջելու առնչությամբ։               
 

Հակոբ Ավետիքյանն 80 տարեկան է

Հակոբ Ավետիքյանն 80 տարեկան է
21.11.2025 | 19:19

1990թ. «Ազգ» օրաթերթը հիմնած ու մինչ այսօր նրա անփոփոխ գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանն 80 տարեկան է, բայց նույն եռանդով ու իր կենսափորձի ու ստեղծագործական նրբազգացության աներևույթ ջիղով շարունակում է կերտել «Ազգ»-ի պատմությունը:

Հայկական լրագրության պատմությանը քիչ թե շատ ծանոթ յուրաքանչյուր ոք գիտի՝ ով է Հակոբ Ավետիքյանը, ինչ ստեղծագործական, պայքարի ճանապարհ է անցել ու ինչ հանգրվանի է հասել, բայց միայն գործընկերները գիտեն նրա մարդ տեսակը, նրա լայնախոհության, բարեսրտության, պատրաստակամության չափը, պետությանն ու լրագրությանը, երիտասարդ սերունդներին օգտակար լինելու անսահման ձգտումը:

Հակոբ Ավետիքյանը հայկական լրագրության մեջ ամուր և հուսալի ժայռ է, ուղենիշ, որին հետևել են հայկական լրագրության ամենատարբեր սերունդները և պիտի ձգտեն հետևել գալիք սերունդները:

Ծնվելով Սփյուռքում, բայց իր հարուստ, բովանդակալից կյանքի զգալի մասն անցկացնելով Հայաստանում՝ Հակոբ Ավետիքյանը երկու մշակույթների հատումն արտացոլել է նաև իր ստեղծագործական կյանքում, իր նրբաճաշակ ու արդարամիտ լրագրության մեջ:

Հարգելի պարոն Ավետիքյան, Հայաստանի ժուռնալիստների միության և անձամբ իմ անունից մաղթում եմ Ձեզ առողջ և երկար տարիների կյանք, հզոր ու արժանապատիվ Հայաստանում ապրելու ու ստեղծագործելու բարեբախտություն:

Ձեզնով հայ լրագրությունն այլ երանգ ունի, թող այդ գույնը չպակասի Հայկական լրագրության ներկապնակից:

Հարգանքով՝

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

21.11.2025թ.

Դիտվել է՝ 544

Մեկնաբանություններ