Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սերժ Սարգսյանի հայտարարությունը Պուտինի հետ հանդիպումից հետո

Սերժ Սարգսյանի հայտարարությունը Պուտինի հետ հանդիպումից հետո
03.09.2013 | 22:21

ՀՀ նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ այսօր Մոսկվայում կայացած Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարություններ, որից հետո բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:
Սերժ Սարգսյանի խոսքը Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ մամլո ասուլիսի ժամանակ
Ցանկանում եմ սկսել Վլադիմիր Վլադիմիրովիչին ուղղված շնորհակալության խոսքով` հենց նոր ավարտված բանակցությունների բաց, վստահության մթնոլորտի և հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված պայմանավորվածությունների համար:
Ինչպես քիչ առաջ ասվեց, մեր հարաբերություններին բնորոշ կառուցողական մթնոլորտում ՌԴ նախագահի հետ քննարկեցինք մեր երկրների դաշնակցային գործընկերության հիմնական հարցերը` քաղաքական, առևտրատնտեսական, էներգետիկ, ռազմատեխնիկական, հումանիտար և այլ ոլորտներում:
Բնականաբար խոսեցինք տարածաշրջանային խնդիրների և ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման մասին: Ես ևս մեկ անգամ հաստատեցի խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու Հայաստանի պատրաստակամությունը` մեկ ամբողջություն կազմող` ազգերի ինքնորոշման, ուժի և դրա սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: Ես վերահաստատեցի մեր պատրաստակամությունը շարունակել ճգնաժամից ելքի ուղիների որոնումը` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններում արտացոլված կարգավորման սկզբունքների և տարրերի հիման վրա:
Մեր այսօրվա բանակցությունների հիմնական թեմաներից մեկը Հայաստանում ենթակառուցվածքային վերափոխումների ապահովման անհրաժեշտությունն էր, մեր տնտեսության արդիականացման ու դիվերսիֆիկացիայի ապահովումն էր, որտեղ Ռուսաստանը ներկայացված է բազմաթիվ ձեռնարկություններով:
Մանրամասնորեն կանգ առանք մեր փոխգործակցության հորիզոններն ընդլայնող հեռանկարային ուղղությունների վրա: Դա և ռազմատեխնիկական համագործակցությունն է, և վառելիքաէներգետիկ համալիրը՝ ներառյալ միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցությունը, տրանսպորտի և հաղորդակցությունների բնագավառի խնդիրները:
Մենք հանգամանալի քննարկում անցկացրեցինք նաև եվրասիական ինտեգրացիայի հարցերի վերաբերյալ, և ես հաստատեցի Հայաստանի ցանկությունը՝ միանալու Մաքսային միությանը և ներգրավվելու Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում:
20 տարի առաջ Հայաստանը Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների հետ գործընկերությամբ ձևավորեց իր ռազմական անվտանգության համակարգը Հավաքական անվտանգության պայմանագրի ձևաչափում: Այս տասնամյակների ընթացքում համակարգն ապացուցել է իր կենսունակությունը և արդյունավետությունը: Այժմ ՀԱՊԿ-ի մեր գործընկերները ձևավորում են տնտեսական փոխգործակցության նոր հարթակ: Ես քանիցս ասել եմ, որ գտնվելով ռազմական անվտանգության մի համակարգում, անհնար է և անարդյունավետ մեկուսանալ համապատասխան աշխարհատնտեսական տարածքից:
Սա ռացիոնալ որոշում է, այս որոշումը բխում է Հայաստանի ազգային շահերից: Այս որոշումը եվրոպական կառույցների հետ մեր երկխոսությունից հրաժարում չէ: Այս տարիների ընթացքում Հայաստանը, եվրոպական գործընկերների աջակցությամբ, անցկացրել է լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Եվ այսօրվա Հայաստանը, այս իմաստով, շատ ավելի արդյունավետ և մրցակցային պետություն է, քան տարիներ առաջ: Մենք մտադիր ենք ապագայում ևս շարունակելու բարեփոխումները:
Մեր բանակցությունների արդյունքները արտացոլված են Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ քիչ առաջ ստորագրած մեր համատեղ հայտարարություններում: Վստահ եմ, որ մեր բոլոր պայմանավորվածությունների իրականացումը նոր շունչ կհաղորդի ռազմավարական դաշնակցային գործընկերությանը:


Վլադիմիր Վլադիմիրի, Շնորհակալ եմ ջերմ ընդունելության և ձեռք բերված պայմանավորվածությունների համար»:
Հ.Գ. Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին հայտարարությունը անակնկալի է բերել Հայաստանի քաղաքական ուժերին, որ հրաժարվում են մեկնաբանություններից` սպասելով ՀՀ նախագահի վերադարձին Մոսկվայից և լրացուցիչ պարզաբանումներին (Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի մտադրության մասին բացահայտորեն տեղյակ չէր անգամ ՀՀԿ-ն) և պատճառաբանում են ներկուսակցական քննարկումների անհրաժեշտությամբ: Օրինական պատճառաբանություն է: Անակնկալի է եկել նաև Եվրամիությունը, որ ձեռնպահ է մնացել որևէ մեկնաբանությունից նույն հիմնավորումով` սպասում են Հայաստանի բանագնացների պարզաբանումներին: Ինչը ևս տրամաբանական է` ասոցացման համաձայնագրի պատրաստի տեքստը, որը այդպես էլ Հայաստանը չհրապարակեց, փաստորեն հանձնվում է գզրոցների հոգածությանը անորոշ ժամանակով: Այն, ինչ իրեն կարող է թույլ տալ Ուկրաինան, Հայաստանի համար մեծագույն շռայլություն է: Թվում է` անորոշությունը ցրվում է, արդեն արվեց որոշակի հայտարարություն, բայց այդ հայտարարությունը ընդամենը ավելացնում է հարցերը` թե Մաքսային միության անդամակցության վերաբերյալ, թե Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի, և, ամենակարևորը` Հայաստանի Հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականության հետագա զարգացումների ու ընդհանրապես Հայաստանի երրորդ Հանրապետության ճակատագրի վերաբերյալ:

Դիտվել է՝ 2387

Մեկնաբանություններ