ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Բողոքի ցույց` հանուն արժանապատիվ հայրենիքի

Բողոքի ցույց` հանուն արժանապատիվ հայրենիքի
01.12.2013 | 14:35

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցին հայաստանցիները արձագանքելու են բողոքի ցույցով: «Արժանապատիվ հայրենիք» ֆեյսբուքյան նախաձեռնությունը արդեն մի քանի օր է կոչ է անում մասնակցել դեկտեմբերի 2-ին ժամը 13:00-ին Ազատության հրապարակում տեղի ունենալիք հավաքին: «Հայ ժողովրդի հայրենիքը կանգնած է վտանգի առջև` ժողովրդավարության, ինքնիշխանության և ազատ զարգանալու հնարավորությունների կորստի առջև»,- գրված է կոչի մեջ: Բողոքի ցույցի մասնակիցները գործող իշխանություններից պահանջելու են. «Հարգել հայ ժողովրդի արժանապատվությունը, ազատություններն ու իրավունքները, գործել ՀՀ Սահմանադրությանը համապատասխան, կասեցնել ՄՄ-ին անդամակցության գործընթացը, հրաժարվել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացից»: Ազատության հրապարակում հավաքից հետո տեղի է ունենալու երթ դեպի նախագահական նստավայր հետևյալ երթուղով`Հյուսիսային պողոտա-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Բաղրամյան պողոտա: Նախաձեռնության ֆեյսբուքյան էջին արդեն միացել է մոտ 600 օգտատեր: Հիշեցնենք, որ վաղը` դեկտեմբերի 2-ին Վլադիմիր Պուտինի այցի շրջանակներում ՀՀ և ՌԴ նախագահները Գյումրիում և Երևանում կմասնակցեն մի շարք միջոցառումների, կայցելեն Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայան: Երևանում երկկողմ բանակցությունների ընթացքում կքննարկվեն Հայաստանի` ՄՄ-ին միանալու գործընթացի հետ կապված հարցեր: Նշենք նաև, որ Հայաստանի բնակչության մի զգալի մասը դեմ է Մաքսային միությանը միանալու` ՀՀ նախագահի որոշմանը:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1182

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ