Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Մշակույթը կանոնավոր բանակի նման պետք է լինի»

«Մշակույթը կանոնավոր բանակի նման պետք է  լինի»
06.10.2017 | 07:45

Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» խաղարկային ֆիլմը մեծ էկրաններին է: Հայ-իրանական առաջին համատեղ աշխատանքը ներկայացվելու է Ամերիկյան կինոակադեմիայի 90-րդ «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:
Իրադարձությունները տեղի են ունենում Արցախում: Մասնագիտությամբ վիրաբույժ Եվան (Նարինե Գրիգորյան) ուսանող տարիներին առաջնագծում է եղել: Ավելի ուշ նրան Արցախ է բերում փախուստը սեփական ճակատագրից: Արցախի բարբառը, հետպատերազմյան գյուղական առօրյան յուրատեսակ կոլորիտ են հաղորդում ֆիլմին:
«Նկարահանումները տեղի են ունեցել Արցախի ամենատարբեր բնակավայրերում: Գյուղը, որ պատկերված է էկրաններին, որպես այդպիսին գոյություն չունի»,- այս մասին «Իրատեսի» հետ զրույցում ասաց ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆԸ, որը «Եվա» դրամայում մարմնավորում է գյուղապետի կերպարը: Տիգրան Դավթյանը ազատամարտիկ է, օպերային երգիչ, Երևանի էստրադային և ջազային պետական քոլեջի տնօրենը:

-Ինչո՞վ է առանձնանում «Եվան» արցախյան թեմայով այլ ֆիլմերից, և որքանո՞վ են հաջողված այդ ֆիլմերը:
-Արցախին առնչվող բոլոր ֆիլմերը որոշակի նմանություն, ես կասեի` մեկ ընդհանուր գիծ ունեն: Եթե օտարազգի ռեժիսորը ֆիլմ նկարահաներ մեր մասին, մեր պայքարի, մեր կենսակերպի, գուցե ուրիշ կերպ ընկալեինք, որովհետև նա ուրիշ աչքերով կնայեր այդ ամենին: Հաջողված են, թե չհաջողված, թող կինոքննադատներն ասեն: Յուրաքանչյուր ֆիլմ ճանապարհ ունի անցնելու: Մեկը կունենա 3000 հանդիսատես, մյուսը` 4000, բայց, միևնույն է, նրանք դաստիարակելու են հանդիսատեսին, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է: «Եվան» ինձ համար առանձնահատուկ է, քանի որ ես նկարահանվել եմ այդ ֆիլմում, նաև նրա համար, որ օգտագործվել են Արցախի ժողովրդի ֆոլկլորը, Արցախի բարբառի ամենատարբեր խոսվածքները:
-Կարծում եք` ֆիլմը դրսի հանդիսատեսին հետաքրքիր կլինի որպես աշխարհի կողմից չճանաչված երկրի պատմությո՞ւն, թե՞ կգրավի համընդհանուր թեման` կնոջ ճակատագիրը, գյուղական կյանքը պատերազմից հետո:
-Ֆիլմը դիտելուց հետո կմտածեն` ո՞ր երկրի մասին էր: Կհետաքրքրի նաև գյուղական կյանքը` պատերազմից հետո: Աշխարհում շատ են գյուղերը, որտեղ պատերազմները մեկ լինում են, մեկ՝ դադարում: Բայց դրանք նաև սովորական գյուղեր են: Մարդիկ ապրում են այդ գյուղերում: Ֆիլմում տեսնում ենք, որ հնագիտական շերտ է հայտնաբերվում Արցախում, գյուղապետն էլ ասում է` էդ քո շերտն ինձ պետք չէ, այ, թող ապրի՛ Հրայրն այս գյուղում, երեք խոխա է մեծացնում, ապրի, շեն ստեղծի, որ հազար տարի հետո մեկը գա ու քանդի, գտնելու բան լինի: Այսինքն` մարդն է արժեքը:
-Ֆիլմը քաղաքական շեշտադրում ունի՞. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացիք, որ «Եվան» առաջի ֆիլմն է, որտեղ Արցախի անկախության հարցն է շոշափվում:
-Իմ ասածը կարող եմ բացատրել այսպես: Հայ մարդը աշխարհի որ անկյունում էլ լինի, ինչ էլ արարի, ինչպիսի աշխատանք էլ անի, նրա գիտակցության մեջ չի կարող չլինել Արցախի անկախության խնդիրը: Այսօր արդեն Արցախը, մեր ազատագրական պայքարը պետք է ճանաչելի դարձնենք ոչ թե աշխարհով մեկ դեսպաններ ուղարկելով կամ զենքի ուժով, այլ մշակույթի լեզվով:
-Իբրև Արցախի մասին ֆիլմ, որ ստեղծվել է հայ-իրանական առաջին համագործակցության արդյունքում, ի՞նչ ընդունելության արժանացավ «Եվան»: Պրեմիերային ներկա՞ էին պետական այրեր, մշակութային գործիչներ:
-Ներկա էին մշակույթի նախարարը, փոխքաղաքապետը: Ոմանց էլ գուցե չեմ նկատել: Իսկ առհասարակ, գնահատականը կտա հանդիսատեսը: Հանդիսատեսը իշխանությունը չպետք է լինի, իշխանությունը թամաշա անող է, հանդիսատեսը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է:
-Մի փառատոնի շրջանակում պատերազմի մասին փաստավավերագրական ֆիլմի ցուցադրության ժամանակ ես տեսել եմ երեքհոգանոց դահլիճ: Ճիշտ է` առաջնախաղ չէր, բայց, բոլոր դեպքերում, Ձեզ անհասկանալի չի՞ թվում այդ վերաբերմունքը:
-Դա անտարբերության արդյունք է, որ ձեռք ենք բերել անկախության տարիներին: Ես աշխատել եմ օպերային թատրոնում, եղել են ներկայացումներ, որ 1000-տեղանոց դահլիճում 20, 30, 40, 50 հոգի են եղել: Դա կարող եմ բացատրել նրանով, որ հանդիսատեսը մի քիչ հեռացել է դասական երաժշտարվեստից: Մենք պատերազմող երկիր ենք: Հիմա առաջ ենք գնում, բայց շատ դանդաղ: Հենրիկ Հովհաննիսյանը հայ թատրոնի մասին իր անդրադարձներում պատմում է, որ 20-րդ դարի սկզբին թատրոնների առջև հանդիսատեսը վեճի էր բռնվում, ոստիկանությունը նրանց ցրում էր: Վեճը գիտե՞ք` ինչի համար էր, մեկն ասում էր՝ այս դերասանը լավ էր խաղում, մյուսն ասում էր` վատ էր: Այսինքն, կար խաղաղ ապրելու զգացում և սևեռվում էին մշակույթի վրա: Հիմա մենք խաղաղություն-պատերազմ ընկալումի մեջտեղում ենք: Բայց մենք այն ժողովուրդն ենք, որ երեք հոգի չպետք է լինի նման ֆիլմի ցուցադրությանը: Դա բոյկոտ է:
-Դանդաղ ընթացքը պայմանավորված է երկրի սոցիալ-տնտեսակա՞ն վիճակով:
-Մշակույթն ու տնտեսությունն իրարից զատ չեն, ինչպիսին երկրի տնտեսությունն է, այդպիսին էլ մշակույթն է: Անհատական ձեռքբերումներ են գրանցվում, գլոբալ առումով` ես չեմ լսել, որ ասեն` մի կետից սկսել ենք ու հասել մյուս կետին: Միակ ձեռքբերումը, որ ունենք, կանոնավոր բանակն է: Մշակույթն էլ կանոնավոր բանակի նման պետք է լինի: Նորովի մտածել է պետք, եթե նորովի չմտածեինք, 90 թվական չէր լինի, ազատամարտ չէր լինի, նախագահ չէինք ունենա, նոր ձևով չմտածեինք, Արցախի Հանրապետություն էլ չէինք ունենա:
-Մի հարցազրույցի ժամանակ ասացիք, որ կրթության, մշակույթի նախարարները եթե գյուղից գյուղ ման գան, կզգան՝ ինչի պակաս կա: Ինչի՞ մասին է խոսքը, նկատելի՞ է այդ «պակասը» ֆիլմում:
-Ֆիլմում հարսանիք կար, դհոլ, զուռնա, խորոված, երգ ու պար: Մարդիկ հավաքվել, խնջույք էին անում: Մարդիկ նաև թաղումների են գնում այդպես խմբված: Բայց գյուղում չկան կինո, թատրոն: Չգործող ակումբներ կան, որ կարող են իբրև թատրոն ծառայել: Երբ գյուղապետին ասում ես այդ մասին, ասում է` գյուղացին մինչև մութն ընկնելն աշխատում է: Բայց հետո գնում է տուն, ի՞նչ է նայում` սերիալ: Մի սերիալում էի նկարահանվել, որ գյուղը գնում էի, ինձ ճանաչում էին: Գյուղացին տեսնում է գյուղում ոչ մի բան չկա, հողը վաճառում է, գնում է քաղաք, գյուղը դատարկվում է: Քաղաքում տաքսի են քշում, տեսնում են՝ էլի բան չկա, գնում են Ռոստով, Մոսկվա կամ սիբիրյան որևէ բնակավայր: Մարզպետները, գյուղապետերը պիտի ուշադրություն դարձնեն, որ մշակույթի տները աշխատեն, կվերանա նաև ստեղծագործական վակուումը: Ինքս էլ երաժշտական խմբեր եմ ուղարկելու գյուղեր:
-Ֆիլմում ներկայացվում են պատերազի հետևանքները, բնակավայրը լքելու-չլքելու խնդիրը: Գյուղապետը, չնայած կնոջ հորդորներին, չի լքում գյուղը, անգամ կառուցում է իր գերեզմանը: Հանդիսատեսը հասցնում է սիրել նրանց փոքրիկ տղային` չարաճճի, պրպտուն, անդադրում Դավթին, ու դժվար է հաշտվել, որ նա հերթական զոհն է պատերազմից մնացած ականի: Երկու բառով կպատմե՞ք Դավթի մասին:
-Դավիթը քարինտակցի է, անունը՝ Պավել, երկու-երեք քույր ունի, Գագոյի տղան է: Գագոյի հետ պատերազմ ենք անցել: Ֆիլմում Դավիթն այնպիսին է, ինչպիսին կյանքում է: Աչքդ թարթում ես, ծառերի վրա է կամ աչքից հեռու մի տեղ:
-Ըստ Ձեզ` «Եվան» ինչպե՞ս կընդունվի Արցախում: Երևի թե ամենապատասխանատու ցուցադրությունը Արցախում է լինելու:
-Նախ` արցախցին շատ է սիրում կինո, թատրոն: Այնտեղ 21-րդ դարին համահունչ կառույցներ են ստեղծում, օպերային բեմադրությունների առաջնախաղեր են ցուցադրվում, բայց Արցախում մարդիկ նաև ճանաչում են իրար, ասում են` Նազարենց Սաքոն, այսինչ գյուղի Աբոն: Այնտեղ երբեք չեն ասում՝ սա մարտունեցի է, սա հադրութցի, ինչպես մենք ենք բաժանումներ դնում` լենինականցի, ապարանցի, երևանցի: Ֆիլմը նկարահանվել է Շուշիում, Խոջալուում, Մարտունիում և այլուր: Գյուղապետի տունը Շուշիում է, խանութը` Քարինտակ գյուղում, որովհետև մի գյուղի պատմություն չէ: Ինչպես արդեն նշեցի, օգտագործել են արցախյան տարբեր շրջանների բարբառներ: Ամեն մեկն իրեն է տեսնելու այս ֆիլմում:


Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 3730

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ