Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Երկուսս էլ անտեր ենք՝ Սփյուռքն էլ, Հայաստանն էլ

Երկուսս էլ անտեր ենք՝ Սփյուռքն էլ, Հայաստանն էլ
23.06.2025 | 14:31

Փաստացի կայացած Արցախից ձեռքերը լվացողը Արևմտյան Հայաստանից, ողջ Սփյուռքից՝ կլվար ու կլվար։

Ժողովրդական խոսք կա՝ ցորեն հաց չունես, ցորեն խո՞սք էլ չունես:

Ոչ ոք քեզ չի ասում սփյուռքի հայությանը գրկես, դայակություն անես, նա դրա կարիքը չունի, չի էլ սպասում, բայց որպես Հայաստանի Հանրապետություն՝ մեր երկիրը նաև ՆՐԱՆՑ ՀԱՅՐԵՆԻՔՆ է, և դու ուղղակի պարտավոր ես բարոյական նեցուկ լինել նրանց ու ծագող խնդիրներին, անվտանգությանը, պատասխանատու ես նրանց կյանքի ու հայանպաստ գործունեության համար, դողաս, որ հանկարծ ուծացում չլինի՝ լեզվի, գենոֆոնդի, մշակույթի…

Խեղճ մեր սփյուռահայություն, որ ստիպված ես ծանր ու գռեեհիկ խոսքեր լսել Հայաստանը ներկայացնող թյուրիմացությունից, այն, որ դու…տե՜ր չունես, որ ինքը եկել է ասելու՝ իր վրա հույս չդնես...

Ու՝ խելագարի քրքիջ, թուրքի հռհռոց, չէ՝ հայի էն ամենավատթար տականքի:

Աշխարհում ոչ մի ցեղասպան թուրք այսպիսի բան չէր ասի իր ազգի ցաքուցրիվ բեկորներին, որ չորս անգամ ավելին է, քան՝ բուն Հայաստանում ենք:

Հայրենիք ու Սփյուռք ուրացյալին, ցավոք հաջողվել է երկրի ներսում բոլորին հանել իրար դեմ՝ հազար տարվա ընկերն՝ ընկերոջ, որդուն՝ ծնողի, եղբորը՝ քրոջ, հարևան, բարեկամ, աղտոտել է ողջը, հասել Հայաստան-Արցախին, հիմա էլ անցել Հայաստան-Սփյուռքին՝ ամենավերջին թելին:

Մինչդեռ, որքա՜ն է Սփյուռքը սատարել ու տեր եղել մեր հայրենիքին, ուղղակի քամվել է երեսուն տարի Հայաստանի համար՝ խաղաղության, թե պատերազմի տարիներին:

Միայն ես՝ իմ չափով ու իմ մտերիմներով, իմացածովս գիտեմ, թե ոնց է հեռվից մղկտացել սփյուռքահայի սիրտը, որքան արյուն ու արցունք է քամվել նրա հոգուց ու աչքերից, երբ հայրենիքն ամեն անգամ օրհասի է եկել:

Սա էլ կանցնի, համարեք մի խելագարի զառացանք էր, լսեցիք՝ մոռացեք:

Ձեզ հետ Հայաստանը չէր խոսում, Աղդամի բազարի մի թուրք վաճառական էր խոսում՝ այդպես մտածեք:

Մնում է սփյուռքահայությանը սփոփեմ ու ասեմ՝ մենք էլ տեր չունենք, սիրելիներ, չենք տարբերվում իրարից, երկուսս էլ անտեր ենք՝ Սփյուռքն էլ, Հայաստանն էլ:

ԱՐՑԱԽՆ ԷԼ ԱՆՏԵ՛Ր ԷՐ ՈՒ ԱՆՏԵ՛Ր:

Խաչը տերն է զորավոր դարձնում, ցավոք, մենք տեր չունենք:

Աստված մեզ ուժ տա ու խելք՝ ՄԻԱՍԻՆ լինելու, միասին անցնելու այս անտերությունը:

Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 149

Մեկնաբանություններ