«Ով իր հորը կամ մորը սիրում է ինձնից ավելի, ինձ արժանի չէ։ Ով իր որդուն կամ դստերը ինձնից ավելի է սիրում, ինձ արժանի չէ։ Եվ ով չի վերցնում իր խաչը և չի գալիս իմ հետևից, ինձ արժանի չէ»։
Մատթ. 10:37-38
Այս խոսքերը կարող են խիստ թվալ, սակայն Քրիստոս այստեղ չի պատվիրում չսիրել ծնողին կամ զավակին։ Նա չի մերժում երկրավոր սերը, այլ ցույց է տալիս սիրո աստվածադիր կարգը։
Եկեղեցու հայրերը ուսուցանում են, որ ծնողը, զավակը և մեզ համար ամենաթանկ մարդիկ չպետք է Աստծուց վեր դասվեն և մեր կյանքում զբաղեցնեն այն տեղը, որը պատկանում է միայն Աստծուն՝ այդպիսով մեզ համար վերածվելով յուրատեսակ կուռքի։ Քրիստոսի հանդեպ սերը պետք է լինի այն չափանիշը, որով ուղղվում, մաքրվում և սրբագործվում է մեր սերը ծնողների, զավակների և մերձավորների հանդեպ։
Երբ մարդ Աստծուն դնում է առաջին տեղում, ծնողների, զավակների և մերձավորների հանդեպ նրա սերն էլ ստանում է իր ճշմարիտ չափն ու տեղը։
Աստծուն սիրող մարդը իր ընտանիքին չի սիրում պակաս, այլ՝ ճշմարիտ և մաքուր սիրով․ ոչ թե եսասիրական կապվածությամբ, տիրելու ցանկությամբ կամ Աստծո կամքին հակառակ սիրով, այլ այն սիրով, որը բխում է Աստծուց։
Իսկ սեփական խաչը վերցնելը նշանակում է ուրանալ սեփական մեղավոր կամքը և պատրաստ լինել Քրիստոսին հավատարիմ մնալու՝ կրելով այդ հավատարմության գինը՝ զրկանք, մերժում, հալածանք, տառապանք, իսկ հարկ եղած դեպքում՝ նույնիսկ սեփական կյանքը։
Քրիստոսի հետևից գնալը հեշտ ճանապարհ չէ։ Այն պահանջում է հավատարմություն հատկապես այն ժամանակ, երբ ճշմարտության հետևից գնալու համար կարող ենք կորցնել մարդկանց հավանությունը, հարմարավետությունը կամ երկրավոր ապահովությունը։
Ով Քրիստոսին սիրում է ամեն ինչից առավել և պատրաստ է վերցնել իր խաչն ու հետևել Նրան, նա է ընտրում ոչ թե անցողիկը, այլ Հավիտենական Կյանքի ճանապարհը։
Սամվել դպիր Գրիգորյան