ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Ծանր է Հիպոկրատի «գլխարկը»

Ծանր է Հիպոկրատի «գլխարկը»
19.08.2026 | 15:14

(կամ՝ գիշերային դեգերումներ՝ «հատվածական դժոխքում»)

Արդեն երկրորդ օրն է՝ մտորում եմ Հիպոկրատի երդման, այն տվողների, հիվանդների և մեզ պատած բազում ու բազմազան «մոռացված ցավերի» մասին, որոնք հաճախ վերածվում են իսկական ողբերգության։

Չլուծված խնդիրների մի ամբողջ «շտեմարան», որ միշտ էլ եղել է, կա ու լինելու է, քանի դեռ գոյություն ունի մեր հրաշք Հայաստանը, որը, հակառակ Աստծո պատվիրանների, ինքներս ենք վերածել «հատվածական դժոխքի»։

Մեր կյանքի տարբեր հարթություններում տեղակայված Հադեսի աշխարհի այդ «հատվածական» տարածքների մի բեկորն էլ հիվանդանոցային ընդունարաններում է, որոնք իսկական գժանոցի են վերածվում հատկապես գիշերային ժամերին։

Բայց, ինչպես ասում են, ամեն ինչ՝ հերթով-կարգով։

Այս հրապարակման առաջին տողերը ծնվեցին օգոստոսի 17-ի գիշերը, երբ անհասկանալի արյունահոսությամբ, իսկ իմ ախտորոշմամբ՝ որպես երիկամային սուր կոլիկայի հետևանք, «Շտապօգնության» մեքենայով ինձ տեղափոխում էին հիվանդանոց։

Նորք-Մարաշում, որտեղ բնակվում եմ, փողոցները դեռևս «նախկինների» ժամանակներից միշտ էլ ասֆալտապատ, շատ հարթ ու կարգավորված են եղել։

Տրամաբանական հարց՝ ի՞նչ կապ ունեն բնակավայրիդ փողոցներն ու «Շտապօգնությունը»։

Պատկերացրեք՝ ամենաուղիղ։

Մեքենան ողջ ճանապարհին այնպիսի ուժգնությամբ էր ցնցվում ու թափահարվում, որ վայրկյան առ վայրկյան թվում էր՝ ուր որ է բոլորիս՝ ինձ, բուժանձնակազմին ու պատգարակը, պարզապես դուրս է շպրտելու սրահից։ Ցավից կծկված, արյունահոսող մարդու համար յուրաքանչյուր ցնցումը դառնում էր անտանելի պատիժ։

Այս պահին մտածում եմ՝ եթե իմ փոխարեն այդ ավտոմեքենայով տեղափոխեին ՀՀ de jure առողջապահության, սակայն de facto տվյալ ոլորտից բացարձակ «մերկոտն» տիրուհուն՝ նույն ինքը քաղաքացիական իրավունքի մասնագետ, բայց առողջապահության պատասխանատվությունն առանց երկմտելու, ագրեսիվ մեծամտությամբ ստանձնած տիկին նախարարին, կամ նրա օրերս զորացրված որդուն, կրկի՞ն սրահից դուրս շպրտվելու պատկերն էր լինելու, թե՞…

Իհա՛րկե՝ «թե՛», չեմ էլ կասկածում։

Հարցնում եք՝ ինչու՞։

Որովհետև արդեն տևական ժամանակ է՝ նրանց երակներում հոսող անհասկանալի բաղադրությամբ հեղուկը ո՛չ թե կարմիր է, ինչպես բոլորինս, այլ «կապույտ»…

«Впрочем, это уже совсем другая история…» - կասեր Լեոնիդ Կանևսկին՝ «Следствие вели…» հայտնի հեռուստաշարքի սիրված հաղորդավարը։

Հարթ, ասֆալտապատ ճանապարհն իսկական դժոխքի վերածած ավտոմեքենան վերջապես նշանակման վայրում է՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ընդունարանի հենց դիմաց։

Անվասայլակով (կարգն է այդպիսին) ինձ տեղափոխում են ընդարձակ սրահ․․․ իսկական գժանոց։

Մեկը տնքում էր, մյուսը բարձրաձայն փնթփնթում, երրորդը պահանջում էր, որ անմիջապես իրեն զուգարան ուղեկցեն։

Մի տատիկ էլ համառորեն պարտադրում էր հանել ձեռքին տեղադրված կաթոցիչը, այլապես սպառնում էր ինքնուրույն պոկել այն։

- Տատի՛կ, համբերի՛ր, դեռ պետք է մնա,- հանգստացնում էր բուժքույրը։

- Չէ՜,- անդադար մրմնջում էր կապտուկներով պատված տատիկը,- էլ չե՛մ դիմանում։

- Ինձ հեռախոս տվեք, զանգել եմ ուզում,- պահանջում էր մորուքավոր երիտասարդն ու կտրուկ փորձում բարձրանալ պատգարակից։

- Քեզ չի՛ կարելի շարժվել, հանգի՛ստ պառկիր,- հորդորում էր բժիշկը։

Մեկ այլ անկյունում արյունոտ հագուստով փոքրամարմին մի տղամարդ էր ցավից գալարվում։

Վնասված, արյունահոսող տղամարդուն հարցաքննելու էր եկել քննչականի ներկայացուցիչը, մինչդեռ ցավից կծկված հիվանդն ի վիճակի չէր անգամ բառ արտաբերելու։

Քիչ անց ներս մտան նրա կինն ու դուստրը։ Նրանց արտաքինից անմիջապես կռահում էիր՝ չարքաշ կյանքով ապրող, սոցիալապես անպաշտպան ու չունևոր մարդիկ են։ Համակարգչի առջև նստած աշխատակիցը, առանց աչքերը էկրանից կտրելու, մեկնեց վճարման թղթի կտորը․

- Վճարե՛ք։

Դուստրը տագնապով ուշադիր զննեց անդորրագրին ու փորձեց ճշտել․

- 15 հազա՞ր․․․

Ձայնի դողից, շեշտադրումից ու աչքերից կարդացվում էր, թե որքա՜ն դժվար է նույնիսկ 15 հազարը հայթայթելը։

Գլխավոր «հարվածը», սակայն, հաջորդեց ակնթարթորեն․

- 150 հազա՛ր,- չոր ու անտարբեր հնչեց պատասխանը։

Փոքրամարմին, նիհարիկ անծանոթուհին պարզապես քարացավ տեղում։ Անօգնական, ցավով լի աչքերով նայեց համակարգչի առջև նստած աշխատակցին, ապա մոր հետ, գլխիկոր ու հուսահատ, լռելյայն հեռացավ։

Համակարգիչների առջև նստածները անհաղորդ ու մեխանիկորեն լրացնում էին թղթերը։ Նրանք կարծես իմունիտետ ունեին օդում թևածող ցավի և սրահի մթնոլորտն ալեկոծող «էս ի՜նչ անտերություն է» դժգոհությունների նկատմամբ։

Իսկ իմ ուղեղում թմբկահարում էր միայն մի միտք․ այս անմարդկային աշխատանքային գրաֆիկը, անվերջանալի վարչարարական թղթաբանությունն ու ահռելի պատասխանատվությունը վաղուց սպառել են նրանց հուզական ռեսուրսները։ Այն, ինչ պացիենտին թվում է սառնություն կամ անտարբերություն, իրականում բժշկի հոգեբանական ինքնապաշտպանության վերջին վահանն է՝ տիրող քաոսում չկոտրվելու համար։

Շտապօգնության ընդունարանները, ըստ էության, հասարակության «ճնշման վայրկյանաչափն» են․ հենց այստեղ են միախառնվում մարդկային վախը, ցավը, անհամբերությունն ու համակարգային աղաղակող բացերը:

Այնուամենայնիվ, ինչու՞ է ընդունարանը պարբերաբար վերածվում «գժանոցի»։

«Մեղավորը», թերևս, էմոցիոնալ գերբեռնվածությունն է․ պացիենտի և նրա հարազատի համար սեփական ցավն ու տագնապն աշխարհում ամենակարևորն են, ինչը լիովին բնական է ու մարդկայնորեն հասկանալի:

Բժշկի համար, սակայն, դա տվյալ օրվա, ասենք, 20-րդ կամ 30-րդ ծանր դեպքն է:

Հենց այս երկու տարբեր աշխարհընկալումների բախումից էլ ծնվում է օդում կախված պայթյունավտանգ լարվածությունը:

Մյուս կարևոր հանգամանքը, որքան էլ կոպիտ հնչի, տրիաժի՝ պացիենտների բժշկական սորտավորման «անտեսանելիությունն» է։ Ցավից գալարվողին ու նրա հարազատին կողքից հաճախ թվում է, թե բժիշկներն անգործության են մատնված կամ անհարկի դանդաղում են։

Մինչդեռ իսկական դրաման ծավալվում է հետնաբեմում․ բուժանձնակազմը վայրկյանների ընթացքում պետք է որոշի, թե ում կյանքին է տվյալ ակնթարթում կրիտիկական վտանգ սպառնում, և ում հարցում որևէ հապաղում անթույլատրելի է։

Անասելի հոգնել էի գլխապտույտ առաջացնող այդ իրարանցումից և երբեմն ուղղակի սպառնալիքի վերածվող դժգոհությունների ալիքից։

Անհնար էր ընկալել, թե ինչպես է բուժանձնակազմն աշխատում անընդհատ սթրեսի, հայհոյանքների, անվերջանալի պահանջների ու ֆիզիկական ծայրահեղ հյուծվածության պայմաններում՝ չունենալով հոգեբանական վերականգնման և ո՛չ մի գործիք կամ աջակցություն:

Մեզանից շատերը, ամենայն հավանականությամբ, նույնիսկ մի քանի ժամ նման ռեժիմով աշխատելուց հետո կա՛մ կկոտրվեին, կա՛մ ծայրահեղ ագրեսիա կդրսևորեին:

Աստիճանաբար գիտակցում էի, որ բժիշկների «սառնությունը» հաճախ ոչ թե անտարբերություն է, այլ հոգեբանական ինքնապաշտպանության անհրաժեշտ վահան․ առանց դրա նրանք պարզապես չեն կարողանա շարունակել աշխատանքը, դիմանալ գերբեռնվածությանն ու սառնասիրտ, ճշգրիտ որոշումներ կայացնել:

Նման խառնիճաղանջի ֆոնին, երբ արդեն հասկանում ես, որ անիմաստ է որևէ մարդկային մոտեցում ակնկալելը, իսկական փրկօղակ էր բժիշկ-ուրոլոգ Գարիկ Սիմոնյանի ջերմ ու հոգատար վերաբերմունքը։

Այս երիտասարդ մասնագետն ինձ համար, առանց չափազանցության, դարձավ այն լույսը, որը հույս է ներշնչում անգամ ամենամութ ու խառնաշփոթ իրավիճակներում:

Այնպիսի կլանող ու նսեմացնող քաոսում, ինչպիսին գիշերային ընդունարանն է, բժիշկ Գարիկ Սիմոնյանի նման մասնագետի հանդիպելը իսկական օրհնություն է:

Երբ շուրջբոլորդ աղմուկ է, լարվածություն ու ցավ, իսկ քեզ մոտենում է մի բժիշկ, ով չի կորցրել մարդկային ջերմությունն ու բարյացակամությունը, դա սկսում է բուժել դեռ դեղեր ընդունելուց առաջ:

Համակարգային ծանր պայմանները, հոգնածությունն ու սթրեսը կարող են սպանել շատերի էմպատիան, բայց իսկական բժշկի տեսակը, միևնույն է, անմնացորդ պահպանում է իր կոչումը: Նրա բարի ժպիտը, լսելու պատրաստակամությունը, համբերատարությունն ու հանգիստ խոսքը պացիենտի համար հաճախ նույնքան բուժիչ են, որքան ճշգրիտ ախտորոշումն ու նշանակված դեղատոմսը:

Գարիկ Սիմոնյաններն են, որ համակարգային այս անմարդկային պայմանների ներսում լռելյայն հերոսություն են անում՝ ամեն օր վերանորոգելով մարդկանց հավատը բժշկության, մարդասիրության և Հիպոկրատի երդման նկատմամբ:

Բժիշկ Գարիկ Սիմոնյանն ու նման նվիրյալները արժանի են ոչ թե հերոսանալու «ի հեճուկս համակարգի», այլ աշխատելու մի միջավայրում, որտեղ իրենց մարդկային ու մասնագիտական պոտենցիալը չի սպառվի «այրման» պատճառով:

Ծանր է Հիպոկրատի «գլխարկը»․․․

Սա՛ էր իմ պրակտիկ եզրահանգումը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի գիշերային դժոխքում անցկացրած երեքժամյա դեգերումներից հետո։

Մռայլ ու սպանող է մեր առողջապահական համակարգի իրական ու ողբերգական դեմքը․ մի կողմից՝ բարձրագոչ ամբիոններից հնչող դատարկ խոստումներն ու «բարեփոխումների» մասին պաթոսախեղդ զեկույցները, մյուս կողմից՝ հիվանդանոցային ընդունարաններում 150 հազար դրամի անհաղթահարելի պատին բախվող ու անօգնականությունից քարացող քաղաքացին։

Ոլորտի պատասխանատուները, որոնք սովոր են միայն թղթերով ու PR ակցիաներով «առողջապահություն կառուցել», աչք են փակում այն փաստի վրա, որ իրենց «գեղեցիկ» որոշումները հասարակ մարդու համար վերածվել են ֆինանսական ու հոգեբանական դժոխքի։ «Գույնզգույն» տեսանյութերով ու խոստումներով հնարավոր չէ բուժել ցավը, իսկ առողջապահությունը չի կարող լինել շքեղություն, որն հասանելի է միայն «կապույտ արյուն» ունեցողներին։

Քանի դեռ համակարգը պահվում է բացառապես անհատ բժիշկների նվիրումի ու մարդկայնության հաշվին, իսկ պետական քաղաքականությունը մնում է կտրված իրականությունից, ընդունարանների դռները շարունակելու են փակվել նրանց առջև, ովքեր ամենաշատն ունեն այդ օգնության կարիքը։ Եվ սա արդեն ոչ թե պարզապես բացթողում է, այլ համակարգային հանցավոր անտարբերություն՝ սեփական քաղաքացու հանդեպ։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 403

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ