Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Համաշխարհային մղձավանջ

Համաշխարհային մղձավանջ
14.05.2026 | 19:40

Ժամանակն հրթիռ է արձակված,

Վայրկյանիդ տերն անգամ ինքդ չես․

Այսքա՜ն էլ անհասցե ապագա՞,

Այսքա՜ն էլ հորինված հարալե՞զ։

Մոլորակն է սուրում խենթացած,

Փնչում է չափ գցած ձիու պես,

Քրտինքը մշուշ է խտացած,

Խրտնել է վտանգից նա անտես։

Հիվանդ է ցավով մի անանուն,

Ջերմի մեջ տնքում է, զառանցում,

Չորս կողմը ավեր է ու արյուն,

Իբլիսն է հաղթանակ գրանցում։

Աշխարհը փոխվել է միամիտ,

Փոխվել են դեմքերը վեհ ու պարզ,

Խոսքերը տափակ են ու անմիտ,

Բառերը՝ բոռերի մեղվապարս։

Այսքան էլ շպարված ստաե՞րթ,

Էլ ինչի՞ն կամ թե ո՞ւմ հավատաս,

Բարբաջը քերթվածք է հոյակերտ.

Անճարը հանճար է երկնահաս։

Ամենուր չարքեր են պտտվում,

Ոչնչին փրկիչ են դարձրել,

Երբ ուզեն՝ բոստանի մի դդում

Կարող են աստղերին հասցնել։

Խե՜ղճ Աստված, արարումդ ավերվեց,

Ադամ ու Եվա չեն մնացել․

Թե մեկը որձակ է, վաղը հենց

Կտեսնես, որ վառեկ է դարձել։

Աչքիդ դեմ զբոսնող զույգն ահա՝

Թևանցուկ քայլում է միասին,

Երկուսն էլ աղջիկ են կամ տղա․

Դարձել են միասեռ ամուսին։

Ցնդել է աշխարհը, ո՛վ Աստված,

Ամեն ինչ շրջվել է գլխիվայր,

Ճշմարիտն, արդարը ամոթխած՝

Քաշվել են մի անկյուն շանթահար։

Ամենուր կանաչն է թագավոր,

Որ սուտը ճշտի է վերածում,

Տերերը՝ բթամիտ, հաստափոր

Օրը մեկ՝ նոր ձվեր են ածում։

Թե այսպես մի քիչ էլ երկարի,

Գետերը հակառակ կհոսեն,

Երիցս անիծյալ այս դարի

Ճակատին նոր պոզեր կբուսեն։

Մոլորակն առանցքն է իր շեղել,

Անդունդն է խելահեղ քրքջում,

Բարձրյալը այսահար է եղել,

Փրկության աղոթք է մրմնջում։

Աշխարհը վազում է դեպ անդունդ,

Տագնապի ահազանգ է հնչում,

Մինչ սառած հողի մեջ ամեն հունդ

Գարուն է անհամբեր անրջում։

10․ 11․ 2022թ․

Հասմիկ Վարոսյան

Դիտվել է՝ 10292

Մեկնաբանություններ