«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Սարկազմի երեկո․ «անկիրթների» հանդիպումը «կրթության» հետ

Սարկազմի երեկո․ «անկիրթների» հանդիպումը «կրթության» հետ
01.11.2026 | 13:01

Հարգելի՛ հայրենակիցներ:
Վերջերս ականատես ենք լինում հանրային ինքնաարդարացման հերթական «գլուխգործոցին»։ Պարզվում է՝ երբ քաղաքական հաշվետվողականության ժամը հասնում է, ամենաարդյունավետ զենքը… քնարական ոտանավորներ մեջբերելն է։ Տպավորություն է, թե ապրում ենք մի թատրոնում, որտեղ գլխավոր դերակատարները հանկարծ հիշել են իրենց «նուրբ ու անտեղյակ» էությունը։
Բայց արի ու տես, որ մեր հանրության հիշողությունը մի փոքր ավելի երկար է, քան մեկ քնարական քառատողը։ Հասարակությունը շատ լավ հիշում է, թե ինչպես էր նույն այս «անտեղյակ» տիկինը պտտվում գյուղերով ու ամբիոններից վստահորեն «դասախոսում» տասնմեկ հազար դեզերտիրների մասին։ Այդ ժամանակ, կարծես թե, ոտանավորների կամ նրբանկատության կարիք չկար․ թվերն ու մեղադրանքները թռչում էին առանց վարանելու։
Այնուամենայնիվ, թողնենք ընտանեկան այդ դրամաները, որոնք արդեն վաղուց միայն զզվանք ու հոգնածություն են առաջացնում։ Շատ ավելի հետաքրքիր է նայել այն «էլիտար» շրջանակին, որը ձևավորվել էր սրանց շուրջ։
Առանձնահատուկ ջերմությամբ ուզում եմ դիմել «Կրթվելը նորաձև է» շարժման ակտիվիստներին։
Այսքան ժամանակ անց հասկացա՞ք, թե ում մոտ էիք «կրթվում»։
Հասկացա՞ք, թե ով էր ձեզ ակնարկում (կամ ուղղակի ասում), որ դուք անկիրթ եք, ու ինքն է եկել ձեզ լույս ու գիտություն բերելու։
Իսկական բարձրագույն կրթությունն ու մտավորական փայլը, փաստորեն, հենց այնտե՞ղ էր։
Առանձին «հարգանքներս» համալսարանի տասնյակ դասախոսներին ու մտավորականներին, որոնք տարիներ շարունակ գլխիկոր, լռելյայն ու պատկառանքով գնում էին այդ հանդիպումներին։ Առանձին դեկաններ, քարտուղարներ, պարզապես ձգտող ու կրքոտ կանայք արտաժամյա հանդիպումներում էին ապրում իրենց օրը, խորասույզ դեմքերով թեյախմությունների էին գնում լույսի կիրթ շատրվանի հետ և սելֆիախեղդ անում։
Ինչպե՞ս եք ձեզ զգում, հարգելի՛ պրոֆեսորներ։ Ձեր գիտական աստիճաններն ու տասնամյակների վաստակը լա՞վ տեղավորվեցին այդ «նորաձև» դասախոսությունների շրջանակում։ Գո՞հ եք ձեզանից, ձեր կատարած ընտրությունից ու այդ լռությունից։
Եվ, անշուշտ, չենք կարող չհիշատակել մեր «բարձրաշխարհիկ» սերուցքին՝ մեկ միլիոն դրամով ճաշողներին։
Համեղ էր, չէ՞։ Մեկ միլիոն դրամով ճաշելն ու ընթրիքի սեղանի շուրջ «բարձր արժեքներից» խոսելն, անշուշտ, անկրկնելի զգացողություն է։
Այդ մեկ միլիոնանոց ափսեների մեջ ձեզ մի տեսակ նսեմացված, ծաղրված կամ օգտագործված չե՞ք զգում։ Թե՞ ստամոքսի հագեցվածությունը թույլ չի տալիս, որ պատվախնդրության զգացումը գլուխ բարձրացնի։
Իրականությունն այն է, որ որքան էլ փորձեն խուճուճ ճանապարհներով, քնարական շղարշով կամ «նորաձև» կարգախոսներով քողարկել անցյալը, հանրային գիտակցությունը հնարավոր չէ խաբել։ «Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ
Դիտվել է՝ 540

Մեկնաբանություններ