ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները չորեքշաբթի աջակցել են բանաձևին, որը նպատակ ունի ստիպել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Սա չորրորդ դեպքն է, երբ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի լիազորությունները Իրանի հարցում։ «Այն, ինչ արել է Թրամփը, դառնում է ավելի ու ավելի անընդունելի»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջարեդ Հաֆմանը։ Այժմ բանաձևը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։               
 

Պետությունը նույնացված է իշխանության հե՞տ․ Միրզոյանի վտանգավոր բանաձևը

Պետությունը նույնացված է իշխանության հե՞տ․ Միրզոյանի վտանգավոր բանաձևը
26.03.2026 | 12:21

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի օրերս արած հայտարարությունը, թե «եթե ընդդիմությունը հաղթի ընտրություններում, Հայաստանի անկախ Հանրապետության գոյությունը կհայտնվի մեծ կասկածի տակ», պետականության և իշխանության նույնականացման վտանգավոր փորձ է։

Բարձրաստիճան պաշտոնյան, ըստ էության, առանց որևէ ապացույցի ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը սպառնացող վարքագիծ։ Սա քաղաքական մերկապարանոց պիտակավորում է, որը չի համապատասխանում պետական պատասխանատվության նվազագույն չափանիշներին։

Քաղաքական հարթությունում գործ ունենք վաղուց կիրառվող տեխնոլոգիայի հետ՝ իշխանությունը ներկայացվում է որպես խաղաղության երաշխավոր, իսկ ընդդիմությունը՝ որպես պատերազմի աղբյուր։ Այս պարզեցված սխեման ընտրողի վարքագծի վրա ազդելու փորձ է՝ վախի գործոնի միջոցով։ Հասարակությանը փաստացի ներկայացվում է կեղծ երկընտրանք՝ ոչ թե ծրագրերի և լուծումների, այլ վախի և «կայունության խոստման» միջև։

Ամենախնդրահարույցը, սակայն, Միրզոյանի պետական կարգավիճակն է։ Արտաքին գործերի նախարարը, որի առաքելությունը պետության շահերի ներկայացումն է արտաքին հարաբերություններում, ներքաղաքական պայքարում հանդես է գալիս կոշտ, կողմնակալ ձևակերպումներով։ Արդյունքում դիվանագիտական ինստիտուտը քաղաքականացվում է և աստիճանաբար կորցնում իր համազգային բնույթը։

Ի վերջո, այս հայտարարությունը պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում։ Երբ իշխանությունը իրեն ներկայացնում է որպես պետության գոյության միակ երաշխավոր, ձևավորվում է վտանգավոր տրամաբանություն՝ իշխանության փոփոխությունը նույնացվում է պետականության կորստի հետ։ Սա հակասում է ժողովրդավարության հիմնարար սկզբունքին ու ավտորիտար մտածողության դրսևորում է:

Մեծ հաշվով, խնդիրը Փաշինյանի և նրա թիմի քաղաքական մտածողությունն է, որը սահմանափակում է մրցակցությունը, մանիպուլացնում է հանրային վախերը և պետական ինստիտուտները ենթարկում է կուսակցական շահերին։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 20081

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ