Այսօր, ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Գուրգենի Հակոբյանի ծննդյան օրն է, մարդ՝ ում հետ աշխատելը դժվար էր ու պատվաբեր: Վստահ եմ, որ, եթե Գորիկ Գուրգենիչը շարունակեր պաշտոնավարել կամ առնվազն համակարգից չհեռանար ու պահպաներ իր ազդեցությունը, այս արհավիրքին մեր Հայրենիքը չէր արժանանա.
Հրապարակում եմ հուշերիցս հատվածներ մեր համատեղ աշխատանքի մասին.
ԸՆՏՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
Տարիներն անցնում էին, ինձ մոտ ծառայողական առաջընթաց էր գրանցվել, ես անցնում էի կարիերայի բոլոր աստիճաններով, նշանակվել էի ավագ քննիչի, հատկապես կարևորագույն գործերով քննիչի, վարչության պետի տեղակալի, առաջին տեղակալի պաշտոններում, 2010 թվականին արդեն գնդապետ էի, պարգևատրվել էի մեդալներով, արժանացել այլ խրախուսումների։
Պիտի նկատել, որ ԱԱԾ քննչական վարչությունում կադրային տեղաշարժերը հաճախակի չէին լինում: Քննիչները, հասնելով հատկապես կարևորագույն գործերով քննիչի պաշտոնին, այդպես էլ հետագա առաջխաղացում չունենալով` կարող էին անցնել թոշակի:
2010 թվականին ազատվել էր քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնը և վարչության նորանշանակ պետ Մնացական Մարուքյանն ինձ առաջարկեց զբաղեցնել այն: Դրանից ամիսներ առաջ ես նկատողություն էի ստացել ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանից, ուստի Մարուքյանին ասացի, որ դժվար համաձայնի թեկնածությանս: Նա ասաց, որ այդպես չի կարծում, համոզված է, որ տնօրենը նկատել է աշխատանքիս արդյունավետությունը, դրական է տրամադրված: Վարչության պետը գտավ, որ բոլոր դեպքերում պետք է փորձել թեկնածությունս ներկայացնել:
Հերթական աշխատանքային օրվա ավարտից հետո դուրս էի գալիս վարչական շենքից, երբ հերթապահը տեղեկացրեց, որ անմիջապես վերադառնամ վարչության պետի մոտ: Մարուքյանն ասաց, որ պետք է շտապ բարձրանամ ԱԱԾ տնօրենի մոտ: Առաջին միտքս այն էր, որ ինչ-որ վատ բան եմ արել, սակայն չէի կարողանում հասկանալ, թե՝ ի՛նչ: Տեսնելով անհանգստությունս` Մարուքյանն ասաց, որ նշանակման առիթով է:
Գ.Հակոբյանի մոտ մտնելը բոլորի մոտ էր լուրջ լարում առաջացնում: Ընդունարանում սպասում էի, երբ նրա աշխատասենյակից դուրս եկավ կադրերի գծով տեղակալ գեներալ Վրեժ Արզումանյանը: Նա ժպտալով մոտեցավ ինձ, ամուր սեղմեց ձեռքս, ինչից հասկացա, որ նշանակմանս առիթով կադրերը տվել են դրական կարծիք: Սա շատ կարևոր էր, քանի որ, ինչպես ասում էին՝ «Կադրերը կարող են չօգնել, սակայն կարող են խոչընդոտել»:
Գորիկ Հակոբյանի ընդունելությունն, ինչպես միշտ, սառն էր ու կտրուկ: Նա ասաց, որ նշանակում է ինձ քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնում, հավատում և վստահում է, որ նվիրումով կաշխատեմ: Այդպես սկսվեց ղեկավար պաշտոններում իմ աշխատանքը:
Իհարկե, չպետք է կարծել, որ ծառայությանս ընթացքում ամեն ինչ հարթ էր ընթանում: Ես նույնպես վրիպումներ ու սխալներ էի թույլ տալիս, ղեկավարությունից առնվազն երկու անգամ արդարացիորեն նկատողություն եմ ստացել։ Չեմ կարող ասել, որ գործերի քննության ընթացքում անսխալական եմ եղել, դատավարական խախտումներ թույլ չեմ տվել: Իհարկե՝ ո՛չ: Սակայն վստահորեն կարող եմ պնդել, որ ողջ ծառայության ընթացքում երբեք բանսարկությամբ չեմ զբաղվել, դիտավորությամբ ճակատագրեր չեմ խեղել, խղճիս դեմ չեմ գնացել, պետության, երկրի շահին, անվտանգությանը սպառնացող, հակասող գործողություն չեմ արել, աթոռակռիվ չեմ տվել, չի եղել դեպք, որ որևէ մեկի միջնորդությամբ կամ խնդրանքով պաշտոնի նշանակվեմ կամ խրախուսվեմ, առ այսօր հաշվետու եմ իմ յուրաքանչյուր քայլի ու արարքի համար։
Որևէ այլ իրավապահ մարմնում չեմ աշխատել, 1998թ. ընդունվել եմ ԱԱԾ ու այստեղից էլ 2020թ. կենսաթոշակի եմ անցել, ուստի չեմ կարող իմ փորձի հիման վրա համեմատություն անցկացնել այլ ուժային կառույցներում ծառայելու առանձնահատկությունների հետ, սակայն վստահաբար կփաստեմ, որ շնորհակալ եմ ճակատագրին նման ճանապարհ անցնելու համար։
***
ԱԱԾ տնօրենի պաշտոնում գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանին 2016 թվականի փետրվարին փոխարինեց Գեորգի Կուտոյանը: Այդ նույն ժամանակահատվածում ես արդեն զբաղեցնում էի քննչական վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ պետը 2009 թվականից գնդապետ Մնացական Մարուքյանն էր, ում առաջարկով դեռևս 2010 թվականին նշանակվել էի տեղակալ։ Գորիկ Հակոբյանը ազդեցիկ, հզոր անձնավորություն էր, հմուտ, խիստ ու պահանջկոտ ղեկավար։ Սակայն դրա հետ մեկտեղ նա բավարար ուշադրություն չէր դարձում աշխատակիցների սոցիալ-կենցաղային խնդիրներին, բնակարանային պայմաններին, նյութատեխնիկական հագեցվածությանը, որակյալ կադրերի և մասնագետների ներգրավմանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանը: Որպես ազգային անվտանգության ծառայության սպա, ղեկավար` իմ կայացման ու ձևավորման հարցում անուրանալի է նրա դերակատարությունը, իր վստահությունն իմ նկատմամբ պարտավորեցնող էր և ուժ էր տալիս մեծ նվիրումով աշխատելու համար։
Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման վերջին շրջանում, 2015 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, նրա առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանից առաջարկություն ստացա քննչականից տեղափոխվել և ղեկավարել ծառայության կարևորագույն ստորաբաժանումներից մեկը՝ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունը։ Սա վստահության նշան էր, պատվաբեր առաջարկություն, բացի այդ՝ ինձ հետաքրքրում էր օպերատիվ աշխատանքը, ուստի համաձայնեցի, սակայն հետագա իրադարձություններն ունեցան այլ զարգացում...
Միքայել ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ