Մարտի 5-ին մեծ էկրան բարձրացավ «Վազգեն. վերջին Սպարապետը» կենսագրական ֆիլմը, որը պատմում է Հայաստանի ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի կյանքի և գործունեության մասին։ Ֆիլմը նկարահանվել է Վազգեն Սարգսյանի ընտանիքի նախաձեռնությամբ, իսկ մտահղացման հեղինակը և գլխավոր պրոդյուսերը նրա եղբոր դուստրը՝ Նոնո Սարգսյանն է։
Նոնո Սարգսյանի խոսքով՝ ֆիլմի ստեղծման գաղափարը վաղուց կար, սակայն իրականություն դարձավ այն պահին, երբ ինքը պատրաստ զգաց նման մեծ պատասխանատվություն ստանձնելու։
«Երևի ամեն ինչ իր ժամանակին պետք է լինի: Երբ ծնվեց իմ աղջիկը, հասկացա, որ երբեք ավելի ուժեղ ու վստահ չեմ եղել, և հիմա պատրաստ եմ այդ պատասխանատվությունը վերցնել ինձ վրա»,- պատմում է նա։
Աշխատանքներն սկսելուց հետո առաջին մարդը, ում հետ Նոնո Սարգսյանը կիսվել է իր մտադրությամբ, եղել է Արամ Կարապետյանը, ով, նրա խոսքով, հենց առաջին պահից հավատացել ու ոգեշնչվել է։
«Երբ հարց առաջացավ, թե ով պիտի լինի ֆիլմի ռեժիսորը, ինձ համար այդ հարցը քննարկման ենթակա էլ չէր, որովհետև դա պետք է լիներ հենց Արամ Կարապետյանը։ Ինձ համար շատ կարևոր էր, որ նա կարողանա նայել այդ պատմությանը իմ աչքերով»,- նշել է Սարգսյանը։
Ֆիլմում Վազգեն Սարգսյանի դերը վստահվել է ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանին, ում մասնակցությունը նույնպես նախապես որոշված էր։
«Անգամ հարց չի առաջացել՝ ով պիտի սպարապետի կերպարը ներկայացնի»,- ասում է Նոնո Սարգսյանը։
Նկարահանումներն անցել են լարված և մեծ պատասխանատվությամբ։ Թիմը, որը աշխատել է ֆիլմի վրա, մի ընտանիքի պես էր, բայց աշխատանքը նաև հուզումնալից ու դժվար էր։
«Այնքան շատ էր ճիշտ անելու, չսխալվելու ցանկությունը, որ երբեմն թվում էր՝ էմոցիաները խտանում են ու հիմա պայթելու են։ Բայց ես ինքս ինձ խոսք էի տվել, որ պետք է պինդ լինեմ, ամուր, և ինչ էլ պատահի, խուճապի չեմ մատնվի, որպեսզի թիմն էլ խուճապ չզգա»,- պատմում է Նոնո Սարգսյանը։
Ֆիլմի առանցքում Վազգեն Սարգսյան մարդն է։ Այն ներկայացնում է նրա կյանքի տարբեր փուլերը՝ միահյուսված պատմական իրադարձություններին։
Սցենարի հեղինակներն են Լևոն Գալստյանն ու Արամ Կարապետյանը, վերջինս նաև ֆիլմի բեմադրող ռեժիսորն է։ Երաժշտության հեղինակը Արմեն Մարտիրոսյանն է, իսկ բեմադրող նկարիչը՝ Արմեն Ղազարյանը։ Ֆիլմը նկարահանել է Genetic Production ընկերությունը։
Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, դիտումից հետո խոստովանել է, որ ֆիլմն իր համար շատ հուզիչ էր։
«Կյանքի մի ամբողջ ընթացք աչքերիդ տակով անցնում է, այդ ամեն ինչը վերհիշում ես, ու երբեմն հույզերը զսպել չի լինում։ Շնորհակալ եմ Նոնիկից, որ այս երազանքն իրականություն դարձրեց, անկախ նրանից, թե այս ֆիլմին ինչ գնահատական կտրվի», – ասել է նա։
Լրագրողների հարցին՝ ֆիլմում կա՞ արդյոք Հոկտեմբերի 27-ի կամ Մեղրիի վերաբերյալ որևէ ենթատեքստ, Սարգսյանը պատասխանել է․ «Ո՛չ, բացարձակ։ Ֆիլմում կար այն ամենը, ինչ ասել է Վազգենը, և ավելին որևէ բան չկար»։
Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը՝ մարտի 5-ին։ Ֆիլմը ոչ միայն պատմական փաստերի շարադրանք է, այլև հնարավորություն է տալիս դիտողին մոտենալ Վազգեն Սարգսյան մարդու կերպարին, հասկանալ նրա մտածողությունն ու արժեքները։
«Վազգեն. վերջին Սպարապետը» ոչ միայն հարգանքի տուրք է ազգային հերոսին, այլև հիշեցում է նրա թողած ժառանգության մասին՝ հասցեագրված այսօրվա և ապագայի սերունդներին։
Նատալի Մինասյան