Այսօրվա ծանր տպավորություններով օրվա ավարտին մի բան հիշեցի իմ մանկությունից:
Եկել էինք եղբորս տուն՝ Աջափնյակ, և հայրս ինձ տարավ Ծիծեռնակաբերդ:
Տեսա տարօրինակ քարե կառույցներն ու ոչինչ չհասկացա. շուրջս ծիծեռնակներ էի փնտրում:
Սովորական օր էր, մի քանի մարդ կար, վառվող կրակ, մի քանի ծաղիկ:
Աջ ու ձախ էի նայում, հետո նկատեցի, որ հայրիկս աչքերն է սրբում:
Արտասվու՞մ էր, թե՞ կրակին երկար նայելուց ուղղակի աչքերը արցունքոտվել էին:
Սկսեցինք եկած ճանապարհով ցած իջնել:
Ես իմ երևակայությամբ բոլորովին այլ կերպ էի պատկերացնում Ծիծեռնակաբերդը:
Ի վերջո, դժգոհ հարցրի.
-Պա՛պ, բա ծիծեռնակներն ու՞ր էին:
-Երկնքում,-կարճ պատասխանեց հայրս:
Տարիներ անց միայն հասկացա, որ իմ փոքրիկ ուղեղին հասանելի չէր հորս կյանքի ողբերգական վերապրումը, այդ պատճառով նա երկիմաստ պատասխան տվեց.
-Երկնքում…
Արփինե ՄԿՐՏՉՅԱՆ
Հ.Գ.
Տարին մեկ անգամ Ծիծեռնակաբերդի ծիծեռնակները երկնքից իջնում են, անտեսանելի թևում իրենց այցի եկած բազմահազար հայերի գլխավերևում ու կրկին չվում վեր՝դեպի մեր համահավաք հիշողության տիեզերական անսահմանություն: