Աշխարհաքաղաքականության մեջ ցանկացած լուրջ փոփոխություն ունի հետևանքների մի երկար շղթա, որը կախված է այդ փոփոխության կողմից այլ փոփոխություններ առաջացնելու կարողություն-պոտենցիալից։
Իսկ աշխարհում կատարվելիք մեծ փոփոխությունների պոտենցիալը կուտակվում ու ահագնանում էր դեռևս երկբևեռ աշխարհում սառը պատերազմի ամբողջ ընթացքում։
Այս պրոցեսի սիստեմային անալիզը ցույց տվեց, որ ատոմային կործանարար զենքի առկայության պայմաններում մեկը մյուսին հաղթելը հնարավոր է միայն անմիջական ուժային բախումներից խուսափելով և դիմելով գաղափարահոգեբանական քարոզչության մեթոդներին միայն։
Մյուս կողմից էլ, կառավարման տեսության հիմնադրույթներից ամենահիմնականներից մեկն ասում է, որ կամայական մեծության մարդկային համակարգի հետ որևէ մասշտաբային հարց լուծելու համար բավական է ներգրավել նրա վերնախավին միայն։
Նման մի բան էլ տեղի ունեցավ Արևմուտքի ու ԽՍՀՄ-ի ղեկավարության միջև, երբ ակնարկով վերջինիս հասկացրին՝ քանի որ ուժերով հավասար ենք, կարող ենք նաև աշխարհը կառավարել միասին։
Այս խաբուսիկ գաղափարի իրականացումը սկսվեց տարբեր կանալներով, որոնցից մեկը գիտական համագործակցությունն էր սիստեմային հետազոտությունների ոլորտում, որը Արևմուտքում մեծ թափ էր ստացել՝ սկսած անցյալ դարի 70-ականներից։
Նման պարզունակ որոգայթին խորհրդային վերնախավը հավատաց, քանի որ, առանց այդ էլ, Ստալինի մահից ու Խրուշչովի մասնակի ազատականացումից հետո ԽՍՀՄ-ը դանդաղ դեգրադացվում էր գաղափարական ու սիստեմային առումներով։
Կարճ ժամանակ հետո այս պրոցեսների արդյունքը եղավ ԽՍՀՄ-ի կոլապսը, որն էլ իր հետևից բերեց ոչ լրիվ կառավարվող այլ պրոցեսների հեղեղ, և որի արդյունքն է նաև ներկայի գլոբալ հակամարտությունը, ինչն էլ, ամենայն հավանականությամբ, կտանի դեպի մի նոր երկբևեռ աշխարհ։
Ինչու՞ երկբևեռ և ոչ թե բազմաբևեռ, այն պարզ պատճառով, որ բազմաբևեռության համար աշխարհը բավարար հզորություններ չունի, քանի որ Արևմուտքը արդեն ձևավորված ուժ է, իսկ մնացածների միացյալ ուժը հազիվ կարող է բավարարել արդեն ձևավորված ուժին հավասարակշռելու համար։
Եթե իրադարձությունների այսօրվա բարձրությունից նայում ենք վերջին 50 տարիներին աշխարհում կատարվածին, ապա Գորբաչովի սկսած «պերեստրոյկան», փաստորեն, դարձավ այն «թիթեռնիկի էֆեկտը», որի պոտենցիալը աշխարհի մի երկբևեռ հարաբերական հավասարակշռությունից մի այլ երկբևեռ, ու դարձյալ հարաբերական հավասարակշռության տանելն էր։
Մյուս կողմից էլ, ցանկացած պոտենցիալի իրականության վերածվելու ընթացքն ունի իր հստակ օրինաչափությունները և իր ընդհանուր գծերով ունի հետևյալ պատկերը։
Պոտենցիալի իրականության վերածվելը սկսվում է դանդաղ, և դրա իրականացված մասի աճի հետ միասին մեծանում է նաև այդ պրոցեսի արագությունը, որն ամենաարագն է լինում պոտենցիալի ծախսի մոտավորապես 50 տոկոսի շրջանում։
Որից հետո էլ պոտենցիալի սպառման արագությունը փոքրանում է, և դրա լրիվ սպառումից հետո գալիս է հաջորդ հարաբերական հավասարակշռությունը։
Եթե գանք աշխարհի ներկա վիճակին, ապա մի երկբևեռ աշխարհից սպասվող մի այլ երկբևեռ աշխարհին անցնելու պոտենցիալի սպառված մասը մոտավորապես դրա 25-30 տոկոսն է, ինչը նշանակում է, որ այդ անցման հետ կապված բուռն իրադարձությունները դեռևս առջևում են։
Այստեղ արմատական նշանակություն ունի այն հանգամանքը, որ պատմական իներցիան թյուր պատկերացումներ է ստեղծել կողմերի ունեցած իրական ուժերի չափերի մասին։
Ոկրաինական պատերազմն այս առումով օգնում է նման հարցերը ճշտելուն, իսկ ԱՄՆ-ում Թրամփի իշխանության գալը կօգնի նույն հարցերի ավելի իրատեսական անալիզին ու գնահատականներին։
Հուսանք, որ առանց ահեղ բախումների աշխարհը բարեհաջող անցում կկատարի դեպի նոր ուժային հարաբերական հավասարակշռություն, և մեզ համար էլ որևէ դուռ կբացվի, ինչպես դա եղավ 1920-ին։
Մեր դաժան պատմությունն էլ ցույց է տվել, որ «դուռ բացվելը» խիստ հարաբերական հասկացություն է, և մեր խնդիրը բոլոր ուժերն ու միջոցները մոբիլիզացնելն է՝ հնարավոր իրադաձություններին պատրաստ լինելու համար։
Պավել Բարսեղյան