Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Առանց պատերազմի

Առանց պատերազմի
29.09.2026 | 12:13

«Առանց պատերազմի էլ արդյունքը նույնն էր լինելու...»։ Մոտավորապես այսպես էր հիմնավորում Նիկոլ Փաշինյանն Արցախի կորուստը։ Մնում է զարմանալ Հայաստանի Հանրապետության վարչապետի վերաբերմունքի վրա, որով նա օրինաչափ էր համարում 44-օրյա պատերազմում զոհված շուրջ 5000 հայ երիտասարդների կորուստը։
Վարչապետի նմանատիպ մոտեցումն այսօր առավել քան արդիական է, երբ քննարկվում է այսպես կոչված «Թրամփի ուղին», կամ, ինչպես թուրքական կողմն է ձևակերպում՝ «Զանգեզուրի միջանցքը»։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ Սյունիքի աստիճանական հանձնում թուրքական աշխարհին։ Եթե Ադրբեջանն ու Թուրքիան անխոչընդոտ անցնելու են այդ ճանապարհով՝ առանց հայ մաքսավորի վերահսկողության, կամ, որ ավելի հստակ է Ալիևի ձևակերպմամբ՝ «առանց հայի երես տեսնելու...», ապա դա ի՞նչ է, եթե ոչ հայկական տարածքների փաստացի կորուստ։ Այն էլ՝ 43 կիլոմետր երկարությամբ և հսկայական լայնությամբ, որով անցնելու են ավտոճանապարհ, երկաթուղի, գազամուղ, նավթամուղ և այլ կապուղիներ։
Սակայն ո՞րն է այստեղ նորությունը։
Կարծես թե Նիկոլ Փաշինյանը ղարաբաղյան պատերազմից յուրօրինակ «դաս է քաղել»։ Շեշտելով, թե առանց պատերազմի էլ Արցախի ճակատագիրը նույնն էր լինելու՝ նա Սյունիքի հարցում կարծես թե որդեգրել է այլ մոտեցում։ Նախընտրելի է համարվում «Զանգեզուրի միջանցքը» Սյունիքով՝ կամովին, առանց պատերազմի Ադրբեջանին ու Թուրքիային տալը, քան պատերազմով ու մեծ զոհողությունների գնով դրան հասնելը։
Այս տրամաբանությամբ՝ և՛ «խաղաղություն» կլինի, և՛ նոր զոհեր չեն լինի։

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ
Դիտվել է՝ 1972

Մեկնաբանություններ