Ոչ հրաշք եղավ, ոչ Տերը հայտնվեց,
թեպետ հավատով առլեցուն էի,-
դավի կայծակն անխնա զարկեց
սիրո դաշտերն ու լեռները Է-ի:-
Եզերքը կծկվեց պարապի ծոցում,
շավիղներին շողք, շշուկ չմնաց,
եւ ոգիները քաշվեցին կամաց
անժամանակի ծերպերը ցցուն:
Լոկ դիմակավոր մի գուժկան է ժանտ
ուրվականի պես թափառում - կրկին
ազդարարելու գալուստը չարքի
եւ արդարության մահը վաղաժամ…
Կանգնել եմ հիմա անլեզու ճամփին,
ջանում եմ շարժվել առաջ, բայց մի ուժ
ինձ ետ է մղում, ակնարկում վերստին
գալիք Աստծուն, հրաշքները հույժ:
ՈՒ ես քայլում եմ անցյալը դեպի,
ուր գալիքներ են ծնվում լուսերես,-
ես ժամանակի դեմքը երկակի
սրբում եմ տեր ու սպասավորի պես:
04.04.2025
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
|
2025 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |