ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը անդրադարձել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակացություններին՝ ասելով. «Այդ հանդիպումները թթվածնի զուր վատնում են: Այս հարցում Իրանի և Միացյալ Նահանգների միջև համաձայնության համար պարզապես տեղ չկա: Ես չգիտեմ, թե ինչ կձեռնարկի Թրամփը, բայց չեմ կարծում, թե այդ բանակցություններից որևէ արդյունք կստացվի՝ լինեն դրանք Օմանում, Թուրքիայում, թե Լուսնի վրա»:               
 

Իրանը ցուցադրել է իր հեռահար բալիստիկ հրթիռը, ԱՄՆ-ը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը

Իրանը ցուցադրել է իր հեռահար բալիստիկ հրթիռը, ԱՄՆ-ը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը
07.02.2026 | 11:41

Կանխատեսումները լավատեսական չեն

Օմանում ԱՄՆ-Իրան բանակցությունների նախօրեին Միացյալ Նահանգների իշխանությունները երկրի քաղաքացիներին կոչ են արել անհապաղ լքել Իրանը, ինչպես նաև խորհուրդ են տվել ինքնուրույն մեկնելու պլան մշակել՝ առանց հաշվարկելու կառավարության օգնությունը: Ինչպես նշված է Իրանում ԱՄՆ-ի դեսպանատան հաղորդագրության մեջ, երկրի քաղաքացիները կարող են ձերբակալվել միայն ամերիկյան անձնագիր ունենալու պատճառով:

Այս պատճառաբանությունն, անշուշտ, կեղծ է, քանի որ Իրանում ձերբակալվել կարող են միայն այդ երկրում լրտեսությամբ, ահաբեկչությամբ և (կամ) խափանարարությամբ զբաղվող, գունավոր հեղափոխության կամ պետական հեղաշրջման տապալված փորձի նախաձեռնմանը, նախապատրաստմանը և (կամ) կատարմանը մասնակից ԱՄՆ-ի քաղաքացիները:

Բուն պատճառը, կարծում ենք, բոլորովին այլ է. Իրանին հարվածելուց առաջ, ինչը Միացյալ Նահանգներները հնարավոր է համարում Օմանում բանակցությունների արդյունքում համաձայնության չհասնելու դեպքում, ԱՄՆ-ն անվտանգային նկատառումներով շտապում է իր քաղաքացիներին հեռացնել Իրանից:

«Եթե դուք չեք կարող լքել տարածքը, գտեք անվտանգ տարածք ձեր տան ներսում կամ մեկ այլ անվտանգ շենքում: Պահեստավորեք սնունդ, ջուր, դեղորայք և այլ անհրաժեշտ իրեր: Խուսափեք ցույցերից, պահեք ձեզ աննկատ և ուշադիր եղեք ձեր շրջապատի հանդեպ»,- նշված է հրապարակման մեջ։ Որպես ելքի հնարավոր ուղիներ ԱՄՆ-ի իշխանությունները նշել են Հայաստանի կամ Թուրքիայի տարածքով ցամաքային ուղիները։

Ինչպես երեկ ուշ երեկոյան տեղեկացրել է «Московский комсомолец»-ը, Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին արդեն մեկնել է Օման, որտեղ կայանալու են ԱՄՆ-ի հետ բանակցությունները: Ինչպես հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին, բանակցությունները կանցկացվեն միջուկային թեմայով (Իրանի միջուկային ծրագրի շուրջ): Միացյալ Նահանգները Օմանում Իրանի հետ բանակցությունների շրջանակներում ներկայացնելու են ԱՄՆ-ի նախագահի փեսա, հրեա Ջարեդ Քուշները և Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը:

Մեկնաբանելով Իրանի հետ ԱՄՆ-ի շփումների մասին տեղեկությունները, Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը, «Комсомольская правда»–ի փոխանցմամբ, ասել է. «Հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները փետրվարի 6-ին կմեկնեն Օման՝ այդ բանակցություններին մասնակցելու։ Տեսնենք, թե ուր են դրանք տանում։ Նախագահը կսպասի արդյունքների վերաբերյալ զեկույցին»:

Փետրվարի 6-ին Օման Սթիվեն Ուիթքոֆի մեկնելու մասին Լիվիտի հրապարակած տեղեկությունը հակասում է աշխարհում ինքնաթիռների թռիչքներին հետևող հատուկ պորտալի՝ «Flightradar24»-ի կողմից երեկ հրապարակված տեղեկությանը, որին հղում էր կատարել Life.ru-ն , ըստ որի, Ուիթքոֆի «Bombardier Global 7500» ինքնաթիռը վայրէջք է կատարել Օմանի Մասկատ քաղաքում:

Միջուկային խնդրի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների արդյունքը դժվար է կանխատեսել:

«Չնայած կանխատեսել արդյունքները (Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների.-խմբ.) դժվար է՝ իրավիճակի բարդության և ԱՄՆ-ի գործողությունների պատճառով, ԱՄՆ-ի նկատմամբ վստահության բացակայությունը գլխավոր մարտահրավերն է (բանակցությունների անցկացման համար.- խմբ.), հատկապես այն բանից հետո, երբ Մասկատում կայացած նախորդ բանակցությունների ժամանակ ԱՄՆ-ը և Իսրայելը թշնամական ռազմական քայլեր ձեռնարկեցին Իրանի դեմ, որոնք խորացրին անվստահության անդունդը և մեծապես բարձրացրին զգուշավորության մակարդակը»,- «РИА Новости»-ի տեղեկացմամբ, ասել է գործակալության զրուցակիցը՝ իրանական իրազեկ աղբյուրը:

Օմանի մայրաքաղաք Մասկատում բանակցություններն առաջինն են բանակցային գործընթացում ամիսներ տևած դադարից հետո, որն առաջացել էր 2025թ. հունիսին իրանա-իսրայելական հակամարտության պատճառով, որին վերջում Իրանին իր հրթիռառմբային հարվածներով մասնակցեց նաև ԱՄՆ-ը:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ե. Մ. Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Մերձավորարևելյան հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ալեքսեյ Յուրկը «Mail News»-ի հետ զրույցում այն կարծիքն է հայտնել, որ ԱՄՆ-ի հիշյալ քայլը կարելի է դիտարկել տարբեր կերպ. մի կողմից՝ որպես նախազգուշական միջոց բանակցությունների ձախողման դեպքում, իսկ մյուս կողմից՝ որպես Իրանին կրկին հարվածներ հասցնելու ԱՄՆ-ի պատրաստակամության ցուցադրում։

Ըստ Քաղաքագետի, որ ամերիկա- իրանական բանակցությունների հաջող ավարտի շանսերը փոքր են։ Նա պարզաբանել է, որ կողմերի դիրքորոշումները չափազանց հեռու են միմյանցից, և նրանցից ոչ մեկը էական հարցերի շուրջ զիջումների պատրաստակամություն չի ցուցաբերում։

Ինչպես ասել է Յուրկը, լավագույն դեպքում նրանք «կպայմանավորվեն պայմանավորվել», և այդ ժամանակ կսպասվի բանակցությունների ևս մեկ փուլ։ Սակայն, եթե հաշվի առնենք տեղեկություններն այն մասին, որ Թրամփը համաձայնել է հանդիպումն անցկացնել միայն մերձավորարևելյան տարածաշրջանի այլ երկրների ճնշման ներքո, ապա Թեհրանին գործարքի հարկադրելու ուժային մեթոդներին ԱՄՆ-ի անցնելու հավանականությունը պետք է գնահատել բավական բարձր:

Փորձագետի կարծիքով, Իրանին ամերիկյան հարվածների հակառակորդներ կան ինչպես Թրամփի վարչակազմում, այնպես էլ Վաշինգտոնի տարածաշրջանային դաշնակիցների շրջանում: Նրանք իրենց դիրքորոշումը հիմնավորում են նրանով, որ ռազմական ուժի կիրառումից հետո իրադարձությունները կարող են անկանխատեսելի զարգանալ, և իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Այս ամենը, ըստ Ալեքսեյ Յուրկի, ի վերջո, կարող է հանգեցնել տարածաշրջանային անկայունության և անկայունության նավթային շուկաներում:

Բանակցություններին ընդառաջ, Իրանը ևս կատարել է համապատասխան քայլեր, մասնավորապես, չորեքշաբթի բացված ստորգետնյա օբյեկտում մարտական հերթապահության է դուրս բերել իր ամենախոշոր հրթիռներից մեկը՝ «Khorramshahr-4»-ը. այս մասին, «Новости Mail»–ի փոխանցմամբ հայտնում է չինական «Xinhua» («Սինհուա») լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով իրանական «Far» լրատվական գործակալությանը։

Ըստ հրապարակման, «Khorramshahr-4» հեռահար գործողության շառավղով բալիստիկ հրթիռը եղել է այն օպերատիվ միջոցների թվում, որոնք ցուցադրվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի տնօրինության տակ գտնվող հրաձգարանի բացման ժամանակ: «Fars»-ը «Khorramshahr-4»-ը նկարագրել է որպես իրանական նորագույն միջին և մեծ հեռահարության բալիստիկ հրթիռներից մեկը: Հրթիռի երկարությունը 13 մետր է, այն հագեցած է ծանր մարտական մասով՝ մոտ 1,5 տոննա քաշով, ինչը «Khorramshahr-4»-ը դարձնում է «Իրանում մշակված մարտագլխիկների ամենամեծ կրողներից մեկը»:

«Սինհուան» հիշեցրել է, որ անցած տարվա հունիսին 12-օրյա հակամարտության ժամանակ Իրանը «khorramshahr-4» հրթիռային համալիրից հրթիռակոծել էր Իսրայելին՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից իր միջուկային օբյեկտներին հասցված հարվածների:

Չինական գործակալությունը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Թեհրանն առաջավոր միջմայրցամաքային հրթիռը ցուցադրել է Օմանում այսօր նախատեսված բանակցություններից առաջ: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին X սոցցանցում երեկ գրել է, որ «Իրանը բաց չի թողնի իր ազգային շահերը պաշտպանելու և տարածաշրջանում խաղաղությունը դիվանագիտության միջոցով պաշտպանելու ոչ մի հնարավորություն»:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 211

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ