ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ինչպե՞ս կարելի է մեծամասնությանը ճակատագրական բարդ հարցերում ընտրելու իրավունք տալ

Ինչպե՞ս կարելի է մեծամասնությանը ճակատագրական բարդ հարցերում ընտրելու իրավունք տալ
18.11.2026 | 14:01


Համայնքներում ընթացող գեղջկական ընտրապայքարին հետևելիս կրկին համոզվում ես, որ դեմոկրատիա կամ ընտրություն ասվածը ուտոպիա է, չաշխատող համակարգ: Ընդ որում, այս համակարգը չի աշխատում ոչ մի տեղ՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արևմուտքում կամ այլուր: Չինաստանի օրինակը ապացուցում է, որ կենտրոնացված քաղաքական ու կառավարման համակարգը ավելի կենսունակ ու արդյունավետ է, որ այդպիսի իշխանությունը ավելի պատասխանատու է, քան ցանկացած ընտրովի իշխանություն, ինչպիսին ԱՄՆ-ում է: Կապիտալը և վարչական ռեսուրսը, լինի գյուղի, թե պետության մակարդակում, կենտրոնացած են մի փոքր խմբի ձեռքում, որոնք էլ ժամանակակից ինֆորմացիոն հնարավորությունների միջոցով հեշտությամբ խաբում, կաշառում կամ ահաբեկում են «անկախ» ընտրողին:

Կամ՝ ինչպե՞ս կարելի է մեծամասնությանը ճակատագրական, բարդ հարցերում ընտրելու իրավունք տալ: Ցանկացած մեծ սուպերամարկետի, ասենք, սննդի տեսականու գրեթե 80 տոկոսը վնասակար է, ու՞մ համար է դա, ո՞վ է այդ թունավոր սննունդը ԸՆՏՐՈՒՄ, իհարկե՝ մեծամասնությունը: Ո՞վ է նախընտրում առողջ սնունդն ու ապրելակերպը, իհարկե՝ փոքրամասնությունը: Քաղաքական ընտրությունն էլ սննդի կամ այլ ցանկացած հարցի վերաբերյալ ընտրություն կատարելու պես է աշխատում: Որևէ հարցում ճիշտ ընտրություն կատարելը բարդ բան է, պահանջում է գիտելիք և փորձ: Տղամարդը՝ մի կին, կինը՝ մի տղամարդ չի կարողանում ընտրել, ու՞ր մնաց երկրի ղեկավար ընտրի: Նույնիսկ ամբողջ ինստիտուտներ չեն կարողանում քաղաքական կանխորոշումներ ու տնտեսական հաշվարկներ անել, բայց, դեմոկրատիայի անվան տակ, գնում անգրագետ մարդկանց ընտրելու առաջարկ են անում: Թե բա՝ Եվրոպա՞ գնանք, թե՞ Ռուսաստան, Սահմանադրությու՞ն փոխենք, թե՞ չփոխենք: Մարդիկ, որ մասամբ նույնիսկ 3-րդ դասարանի կրթական մակարդակ չունեն: Եթե նախկինում մարդիկ, գոնե, կյանքի ու աշխատանքի փորձ ունեին, այժմ դա էլ չկա: Օրինակ, բարձրագույն կրթություն չունեցող սովետական բանվորը այսօրվա ցանկացած համայնքապետից ավելի գրագետ էր, ինժեները այսօրվա պատգամավորից, նախարարից ու նախագահից ավելի բանիմաց ու գրագետ էր:

Հիմա նայում ես այն գրագետ սերնդի կողմից «տոտալիտար համակարգում» կառուցված և հասարակության տգետ տեսակի կողմից ագահորեն ոչնչացված մեր գյուղերում ու քաղաքներում ընթացող գեղջկական դեմոկրատիային, ՏԻՄ ընտրություններին, և պարզ է դառնում, որ մենք ՓԱԿՈՒՂՈՒՄ ենք ու որևէ խոստումնալից ապագա ունենալ չենք կարող: Բոլոր գյուղերն ու փոքր քաղաքները մոտ ապագայում դատարկվելու են, այլ տարբերակ չկա...

Գավառամտություն, ստախոսություն, միջնադարյան գեղջկություն՝ քանդված ու թալանված, երբեմնի ծաղկուն գյուղերի ու քաղաքների ֆոնին:

Կոպեկի ու շահի խաթեր՝ սոցցանցերում քծնանք, փողոցներում պաչ-պռոշտի, զզվելի, գարշելի միջնադարյան ստրկամտություն:

Սեփական գյուղն ու քաղաքը կերել, քանդել ու առանց ամաչելու նայում են մարդկանց աչքերի մեջ, ձայն են մուրում: Ընտրակաշառքի ու խաբեբայության ձևերն են կատարելագործվել, դերասանական կապիկությունն է ավելի կատարելագործվել, ուրիշ ոչինչ:

Ահա ձեզ դեմոկրատիա և ընտրություններ:

Արա Արայան

Դիտվել է՝ 232

Մեկնաբանություններ