Երեկ կարդացի, որ նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել ֆիզիկա առարկայի կամավոր ատեստավորումը։ Նախնական տվյալներով՝ մասնակիցների շուրջ 68%-ը չի հաղթահարել նվազագույն՝ 60%-ի շեմը։ Ավելին, գրեթե բոլոր ուսուցիչները պնդում են, որ թեստերը չեն համապատասխանել ուղեցույցին, առաջադրանքները եղել են չափազանց բարդ ու ժամանակատար (ի դեպ, մոտավորապես նույն բարդության պատկերն է եղել նաև հայոց լեզվի ու դասվարների ատեստավորման դեպքում)։
Ստացվում է, որ սրանք հատուկ ու նպատակադրված մարդկանց գլխին ուղղակի սարքում են։
Հիմա՝ ուշադրություն։
Տղաս սովորում է Երևանի Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցում, 8-րդ դասարանում է, ու այսօր արդեն նոյեմբերի 18-ն է, բայց ֆիզիկայի ուսուցիչ չկա։ Այսինքն՝ այդ առարկան դպրոցում չի դասավանդվում, ողջ դպրոցը չունի գեթ մեկ ֆիզիկայի մասնագետ։ Ուսումնական կիսամյակն արդեն մոտենում է ավարտին, իսկ այդ առարկայի մասնագետ չկա (մրցույթը հայտարարված է, բայց մասնագետ չկա)։ Ի՞նչ է ստացվում, մի կողմից՝ մասնագետ չկա, մյուս կողմից՝ եղածներին էլ ատեստացիայից են կտրում։
Եկեք պատկերացնենք, որ եթե Երևանի դպրոցներում է նման իրավիճակ, ապա հեռավոր գյուղերում ինչ խայտառակ պատկեր է տիրում։
Սրանք ամբողջ օրը խոսում են բարձր տեխնոլոգիաներից ու արհեստական բանականությունից, արբանյակից ու չիպերից, բայց սովորական ֆիզիկայի դասավանդումը կազմակերպելու հարցը չեն կարողանում լուծել։
Հ.Գ. Նիկոլն ամեն օր կրկնում է կրթության վերաբերյալ իր հնարած աֆորիզմները, Լենինից վարակված՝ բոլոր դպրոցների պատերին փակցնում դրանք, մյուս ձեռքով կազմակերպված քանդում ավանդական դպրոցն ու համակարգը, լուրջ մասնագետներին մղում լուսանցք՝ ստիպելով լքել կրթական ոլորտը:
Արմեն Հովասափյան