ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Մավրը արեց իր գործը, մավրը փորձում է հեռանալ»

«Մավրը արեց իր գործը, մավրը փորձում է հեռանալ»
19.11.2026 | 18:01

Եկեք վարչապետի երեկվա հայտարարությունը դիտարկենք մի փոքր այլ տեսանկյունից։

Նա հայտարարում է, որ եթե Սահմանադրության փոփոխության հանրաքվեն տեղի ունենա, ապա, անկախ դրա արդյունքից, ինքը կհեռանա։

Առաջին հայացքից սա կարող է թվալ քաղաքական պատասխանատվության դրսևորում։ Բայց եկեք հարց տանք՝ իսկ ի՞նչ է իրականում թաքնված այս հայտարարության հետևում։

Իհարկե, նրա խոստմանը դժվար է հավատալ։ Գուցե նույնիսկ ինքն էլ չի հավատում իր ասածին։ Բայց կա մեկ այլ՝ շատ ավելի կարևոր հանգամանք։

Եթե նրա կառավարման տարիները դիտարկենք Արցախի կորստի, հազարավոր մեր հայրենակիցների բռնի տեղահանության, պետականության ու անվտանգության համակարգի խորքային ճգնաժամի համատեքստում, ապա հեռանալու մասին այս խոստումը բոլորովին այլ իմաստ է ստանում։

Հանկարծ չի՞ առաջացել մի քաղաքական իրավիճակ, երբ նա ցանկանում է ոչ թե պարզապես հեռանալ իշխանությունից, այլ հեռանալ՝ առանց իր կառավարման համար պատասխան տալու։

Մավրը արեց իր գործը, մավրը փորձում է հեռանալ։

Բայց այստեղ մի կարևոր տարբերություն կա։

Պետության ղեկավարի հեռանալը պատասխանատվության ավարտը չէ։ Հեռանալը չի նշանակում, որ կարելի է փակել անցյալի էջը, ջնջել քաղաքական որոշումների հետևանքները և ազատվել հանրության առաջ հաշվետու լինելու պարտականությունից։

Արցախի հարցը չի փակվելու վարչապետի հրաժարականով։ Տեղահանվածների ճակատագիրը չի մոռացվելու։ Կորցրած մարդկային կյանքերն ու պետական վնասները չեն վերանալու նրա հեռանալուց հետո։

Հեռանալը կարող է լինել քաղաքական որոշում, բայց պատասխանատվությունից հեռանալ հնարավոր չէ։

Հայաստանի հասարակությունը պետք է հստակ պահանջ դնի՝ ոչ թե պարզապես հեռանալ, այլ պատասխան տալ։

Որովհետև պետությունը սեփական ձախողումներից հետո լքելու պաշտոն չէ, իսկ վարչապետի աթոռը՝ պատասխանատվությունից փախուստի միջոց։

«Նա կարող է հեռանալ իշխանությունից, բայց իրավունք չունի կարծելու, թե դրանով ավարտվում է իր պատասխանատվությունը պետության և ժողովրդի առաջ»։

Եվ սա քաղաքականապես ավելի ծանր փաստարկ է, քան պարզապես հրաժարականի պահանջը։

Տերերը սրա թիկունքում արդեն պայմանավորվել են։

Հրայր Կամենդատյան

Դիտվել է՝ 435

Մեկնաբանություններ