ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԿԳՄՍ նախարարության պատասխանը չի կարող բավարար համարվել

ԿԳՄՍ նախարարության պատասխանը չի կարող բավարար համարվել
19.11.2026 | 19:00

Նոյեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ ԿԳՄՍ նախարարությունը՝ ի դեմս նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանի, դիմումատուներին (դիմումի հղումը՝ մեկնաբանությունում) տրամադրել է ձևական, ընդհանուր բնույթի պատասխան, ըստ որի՝ մասնավոր նախաձեռնությամբ անցկացվող համերգների կազմակերպումը, իրականացումը, դրանց հետ կապված կազմակերպչական և պայմանագրային հարաբերությունների կարգավորումը նախարարության իրավասությունների շրջանակում չեն։
Պատասխանն այնքան ընդհանրական է, որ դրանում նույնիսկ դիմումատուի անունը նշված չէ, թեև քաղաքացիները դիմել են անհատապես՝ իրենց անունից և ստորագրությամբ։
Նախարարության պատասխանը ներկայացնում ենք մեկնաբանությունում՝ յուրաքանչյուրին հնարավորություն տալով ծանոթանալու դրա բովանդակությանը։
Կարծում ենք՝ նման պատասխանը չի կարող բավարարել դիմում ներկայացրած մտահոգ քաղաքացիներին, քանի որ՝
1. Նախարարությունը չի պատասխանել դիմումի հիմնական պահանջին։
Մենք նախարարությունից չենք պահանջել, որ այն իր իրավասությունները գերազանցելով՝ միանձնյա արգելի մասնավոր համերգները։ Պահանջել ենք, որ նախարարությունը, հաշվի առնելով ներկայացված քրիստոնեական, բարոյական և հասարակական հիմնավորումները, հրապարակայնորեն արտահայտի իր սկզբունքային դիրքորոշումը համերգների չեղարկման վերաբերյալ և իր իրավասությունների շրջանակում աջակցի այդ դիրքորոշման իրագործմանը։ Նախարարության պատասխանում այդ պահանջի վերաբերյալ հստակ դիրքորոշում արտահայտված չէ։
2. Անտեսվել են դիմումում ներկայացված տասը հիմնավորումները։
Դիմումում մանրամասն անդրադարձել ենք քրիստոնեական սրբությունների անարգմանը, թմրամիջոցների քարոզի վերաբերյալ փաստերին, սեռական գռեհկաբանությանը, կնոջ և խոցելի մարդկանց արժանապատվության նսեմացմանը, երիտասարդության բարոյական դաստիարակությանը և այլ խնդիրների։ Նախարարության պատասխանում այս հիմնավորումներից ոչ մեկը բովանդակային քննության չի արժանացել։
3. Պատասխան չի տրվել անչափահասների մասնակցության վերաբերյալ մտահոգությանը։
Դիմումում հատուկ ընդգծել ենք, որ համերգների տոմսային էջերում նշված է եղել «0+» տարիքային սահմանափակում՝ չնայած կատարողի մի շարք ստեղծագործությունների բացահայտ անպարկեշտ և խնդրահարույց բովանդակությանը։ Նախարարությունը չի պարզաբանել՝ արդյոք գնահատվել է երեխաների և դեռահասների մասնակցության խնդիրը, և ինչպիսի դիրքորոշում ունի այդ հարցում։
4. Ամբողջությամբ շրջանցվել է Մարզահամերգային համալիրի պետական սեփականության հարցը։
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը գործում է 100 տոկոս պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերության միջոցով։ Այս հանգամանքը հատուկ ներկայացված էր մեր դիմումում։ Հետևաբար, խոսքը միայն մասնավոր կազմակերպչի նախաձեռնության մասին չէ, այլ նաև Հայաստանի Հանրապետությանը պատկանող կարևոր մշակութային ենթակառուցվածքի օգտագործման։ Նախարարությունը չի անդրադարձել այս հանգամանքին և չի պարզաբանել՝ արդյոք հարցը քննարկվել կամ ներկայացվել է համալիրի ղեկավարությանը կամ պետական բաժնետոմսերի կառավարման լիազորություններ ունեցող մարմնին։
5. Անտեսվել է այլ երկրի պետական մշակութային դիրքորոշման ներկայացված նախադեպը։
Դիմումում անդրադարձել ենք 2023 թվականին Ղրղզստանում Մորգենշտերնի ելույթի չեղարկման հանգամանքներին, երբ այդ երկրի մշակույթի նախարարությունը հրապարակայնորեն արտահայտել էր իր դիրքորոշումը և հարցը քննարկել կազմակերպիչների հետ։ Մենք չենք պահանջել Հայաստանում կիրառել Ղրղզստանի օրենսդրությունը, այլ ներկայացրել ենք օրինակ, թե ինչպես կարող է մշակույթի ոլորտի պետական մարմինն իր դիրքորոշումն արտահայտել մասնավոր նախաձեռնությամբ նախատեսված միջոցառման վերաբերյալ։ ԿԳՄՍ նախարարությունը չի անդրադարձել նաև այս փաստարկին։
6. Նախարարությունը չի պարզաբանել, թե ինչու չի կարող իր մշակութային քաղաքականության գործառույթների շրջանակում դիրքորոշում արտահայտել։
ՀՀ օրենսդրությամբ ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է պետական մշակութային քաղաքականության մշակման և իրականացման գործառույթներ։ Մասնավոր համերգների անմիջական կազմակերպիչ կամ վերահսկող մարմին չլինելը դեռ չի նշանակում, որ նախարարությունը չի կարող գնահատել մշակութային և հասարակական նշանակություն ունեցող խնդիրը կամ արտահայտել իր դիրքորոշումը։ Սակայն պատասխանում չի ներկայացվել իրավական հիմնավորում, թե ինչու է մեր պահանջած դիրքորոշման արտահայտումը կամ իրավասու մարմինների հետ հարցի քննարկումը դուրս նախարարության լիազորություններից։
7. Չի պարզաբանվել, թե ինչու դիմումը չի փոխանցվել այլ իրավասու մարմնի։
Եթե նախարարությունը գտնում է, որ ներկայացված հարցերի մի մասը դուրս է իր իրավասություններից, ապա առնվազն անհրաժեշտ էր պարզաբանել՝ արդյոք քննության է առնվել դրանք համապատասխան իրավասու պետական մարմիններին փոխանցելու հնարավորությունը։ Պատասխանում նման պարզաբանում նույնպես չկա։
ՀԱՐԳԵԼԻ՛ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ, ՄԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԸ ՉՊԵՏՔ Է ԱՎԱՐՏՎԻ ԱՅՍ ՁԵՎԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՎ։
Նախարարությունից ակնկալում ենք ոչ թե ընդհանուր բնույթի պատասխան, այլ ներկայացված հիմնավորումների բովանդակային քննություն, հստակ պաշտոնական դիրքորոշում և իր իրավասությունների շրջանակում հնարավոր գործողությունների վերաբերյալ պարզաբանումներ։
Խնդրում ենք տարածել այս հրապարակումը, որպեսզի հնարավորինս շատ քաղաքացիներ տեղեկանան նախարարության պատասխանի բովանդակությանը։ Խնդրում ենք նաև մեկնաբանություններում գրել ձեր կարծիքն այս պատասխանի վերաբերյալ։
Հետևե՛ք մեր վաղվա հրապարակմանը։ Վաղը՝ նոյեմբերի 19-ին, կներկայացնենք ԿԳՄՍ նախարարությանն ուղղված նոր դիմում-պահանջի ամբողջական տեքստը և այն անհատապես ներկայացնելու կարգը։
Շնորհակալություն ձեր քաղաքացիական դիրքորոշման համար։ Աստված օրհնի ձեզ։

Սամվել դպիր ԳՐԻԳՈՐՅԱՆ
Դիտվել է՝ 270

Մեկնաբանություններ

կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am